ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից
Օգոստոսի 7-ից 8-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի, 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի եւ բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ հերթական շրջայնցն է կատարել հանրապետության հյուսիսարեւելյան սահմանագոտում: Բանակային զորամիավորման ենթակա ստորաբաժանումներից մեկում պաշտպանության նախարարը զրուցել է նորակոչիկների հետ: Հերթական շրջայցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նաեւ սահմանամերձ մի շարք համայնքների ղեկավարների եւ բնակիչների հետ:
ՀԱՐՑ. Ռուսաստանի Դաշնությունից ռուսական մեքենա ենք բերել ՀՀ տարածք: Ձեռք եմ բերել մեկամսյա թույլտվություն՝ մեքենան ՀՀ-ում պահելու համար: Խնդրում եմ ասեք՝ եթե մեկ ամիսը (թույլտվության ժամկետը) լրանա, եւ մեքենան մնա ՀՀ-ում, հնարավոր է՝ տուգանք կամ որեւէ այլ պատասխանատվություն կիրառվի իմ հանդեպ:
Գարիկ Մանուկյան (43 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկզիբը՝ նախորդ համարում) Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը հաշվարկվում է «Ճանապարհային վճարների մասին» ՀՀ օրենքին համապատասխան (ՀՕ-203 03.03.1998թ.), եւ պետական բյուջե է մուծվում այդ տրանսպորտային միջոցները ՀՀ տարածք մուտք գործելիս` բացառությամբ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետում նշված դեպքի: Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը յուրաքանչյուր մուտքի համար գանձվում է օրենքի 5-րդ հոդվածով սահմանված տասնհինգօրյա դրույքաչափերով (Թեթեւ մարդատար (մինչեւ 7 նստատեղով) ավտոմեքենաների համար` 10000 դրամ):
ՀՀ տարածքում տասնհինգից ավել օր գտնվելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ տասնհինգ օրվա կամ ավելի պակաս ժամկետի համար այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը հաշվարկվում եւ պետական բյուջե է մուծվում ՀՀ տարածքում գտնվելու ժամկետը լրանալուց հետո` հինգ օրվա ընթացքում: ՀՀ տարածքից այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցների ելքի դեպքում ՀՀ մաքսային մարմինները ստուգում են այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարի մուծված լինելը: Ճանապարհային վճարի պակաս մուծված լինելու դեպքում ՀՀ մաքսային մարմինները պակաս մուծված ճանապարհային վճարի եւ դրա վճարումն ուշացնելու համար օրենքի 20 հոդվածի 2-րդ կետին համապատասխան հաշվարկված տույժերի գումարները գանձում են այդ տրանսպորտային միջոցների ելքի ժամանակ:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նման տուգանքներից զերծ մնալու համար հորդորում ենք մեր հայրենակիցներին յուրաքանչյուր գործարք իրականացնել օրենքով սահմանված ժամկետներում:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ շարքային քաղաքացին իրավունք ունի՞ գազային ատրճանակով ազատ շրջել փողոցում: Եվ խնդրում եմ ասեք՝ ի՞նչ պետք է լինի, որ բռնեն նրան, այսինքն՝ ինչը կարող է հիմք հանդիսանալ, որ նրա զենքն առգրավվի:
Գրիգոր Զաքարյան (33 տարեկան, մենեջեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Զաքարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Զենքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ քաղաքացին Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրված թույլտվության հիման վրա իրավունք ունի ձեռք բերել, պահել եւ կրել քաղաքացիական զենք, այդ թվում նաեւ՝ ինքնապաշտպանական գազային ատրճանակ: Հայաստանի Հանրապետության Կառավարության 1999թ. թիվ 673 որոշման 60-րդ կետի համաձայն՝ երկարափող հրացանը կրում են ծածկաշապիկով, իսկ կարճափող հրացանը՝ պատյանում: Ինքնապաշտպանական հրազենի հետ վարվելու ավտանգության կանոնների համաձայն՝ արգելվում է գազային զենքը կրել ալկոհոլ կամ թմրեցուցիչ դեղամիջոց օգտագործած վիճակում: ՀՀ ոստիկանության կողմից քաղաքացիներին պատկանող զենքը վերցվում է զենքի շրջանառության սահմանված կարգը խախտելու դեպքում:
ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գործող օրենքով` 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին իրավունք ունի ձեռք բերել քաղաքացիական զենքի տեսակներ, բայց ոչ ծառայողական կամ մարտական: Զենք ձեռք բերելու իրավունքն ստանալու համար քաղաքացին պետք է ներկայացնի տեղեկանք բնակության վայրից, հաշվառման վայրից, անձը հաստատող, առողջության մասին փաստաթղթեր, իսկ դատվածության մասին փաստաթուղթը կամ դրա բացակայությունն ապահովում է ՀՀ ոստիկանությունը: Ձեռք բերված զենքը պետք է պահվի կողմնակի անձանց հասանելիությունը բացառող պայմաններում: