ՈՂՋ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԲԱՐԴՎԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԳԼԽԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրադարձությունների ընթացքը վկայում է, որ ինտիմ տեսագրությունների հետ կապված հայտնի սկանդալային պատմության ողջ «կուժն ու կուլան կոտրվելու է» ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանի գլխին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ տեսանյութի մեջ առկա են կադրեր, որ Սահակյանը «սկայպով» կապվել է ինչ-որ մի ռուս աղջկա հետ: ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում մի կողմից խոստովանում են, որ Հ. Սահակյանն իրեն շատ սխալ է պահել, ինչի արդյունքում իրենց այսօր ոչ մի կերպ չի հաջողվում նրա «կեղտերը մաքրել», բայց միաժամանակ նշում են, որ Սահակյանի զրուցակից աղջիկը եթե 14 տարեկան եղած լիներ, ինչպես մատուցվում է, ըստ ամենայնի, ԱԱԾ-ի կողմից, Սահակյանը հաստատ կիմանար այդ մասին եւ կդադարեցներ շփումը: Բայց նա չի իմացել, որ զրուցում է 14 տարեկան դեռահասի հետ: Համենայնդեպս, Սահակյանը նման կերպ է բացատրել իր արարքը: «Ժողովուրդ»-ին արդեն մի քանի օր չի հաջողվում կապ հաստատել Սահակյանի հետ՝ տեղի ունեցածի իսկությունը պարզելու համար:
Ինչպես հայտնի է՝ այս պատմության հետ կապված շրջանառվում էր նաեւ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի անունը: Սակայն նա «Ժողովուրդ»-ի հետ զրուցում կտրականապես հերքեց իր կապը տեսանյութերի այս պատմության հետ: «Ես անձամբ երբեք որեւէ սոցիալական ցանցում, դա լինի ֆեյսբուք, օդնոկլասնիկ, թվիթեր, սկայպ, վոթսապ, վայբեր, առանց խտրականության, որեւէ սոցիալական ցանցում ո՛չ էջ եմ ունեցել ու կրկնում եմ՝ ո՛չ էլ կեղծ էջ եմ ունցել ու ըստ այդմ էլ որեւէ մեկի հետ որեւէ կապ չեմ ունեցել: Երկրորդն էլ՝ ես անձնապես որեւէ մեկի հետ ո՛չ վիրտուալ, ո՛չ էլ տեսակապ ու ո՛չ էլ նամակագրական կապ չեմ ունեցել, ես անձնապես որեւէ մեկի հետ կապի մեջ, տեսակապի մեջ, նամակագրական կապի մեջ չեմ եղել»,- հավաստիացրեց Շարմազանովը՝ հայտնելով, որ Տիգրան Առաքելյանն իրեն շանտաժ չի արել:

 

 

 
Տխրահռչակ Անդրանիկ Նիկողոսյանը հայաստանյան բենեֆիսների ժամանակ, որպես կանոն, իր մշտական ուղեկիցներն ուներ ի դեմս որոշ պաշտոնյաների: Նրանցից «ամենավառ» կերպարը, որին ամենուրեք կարելի էր տեսնել Նիկողոսյանի կողքին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էր: «Ժողովուրդ»-ը արդեն երկու օր է, փորձում է կապ հաստատել ԱԺ փոխնախագահի հետ՝ պարզելու համար, թե արդյոք Անդրանիկ Նիկողոսյանի վերջին հակահայաստանյան հայտարարություններից հետո ինքը շարունակելու է ամենուրեք նրան ուղեկցել: Իսկ միգուցե Նաղդալյանը եւս որոշի Անդրանիկ Նիկողոսյանի օրինակով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի դառնալ: Բացի այդ՝ հետաքրքիր է՝ Հերմինե Նաղդալյանը, ինչպես Հայաստանի ղեկավար կազմից շատերը, Անդրանիկ Նիկողոսյանին թանկարժեք ի՞նչ նվերներ եւ պարգեւներ է մատուցել: Սակայն այս հարցերի պատասխանները մենք չկարողացանք ստանալ, քանի որ Նաղդալյանը երկրում չէ, իր հանգիստն է վայելում:

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը վերջին շրջանում բավական ակտիվ քարոզչություն է ծավալում: «Ժողովուրդ»-ը արձանագրել է, որ այն բանից հետո, երբ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հուլիսի 14-ին պաշտոնանկ արվեց, ՔԿՎ պետը սկսեց աննկատ ակտիվացնել իր գործունեության լուսաբանումը: Ինչպես հայտնի է՝ Արթուր Օսիկյանը համարվում է արդարադատության նախարարի թափուր պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկը: Ուստի նման պայմաններում ամենեւին էլ չի կարող պատահական լինել այն փաստը, որ պաշտոնական լրահոսում ամենօրյա պարբերականությամբ սկսել են տեղ գտնել Օսիկյանի այցերի եւ խորհրդակցությունների մասին լուրերը: «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը դեռ չի կողմնորոշվել նոր նախարարի թեկնածուի հարցում, եւ այդ խնդիրը լուծվելու է նրա արձակուրդից վերադառնալուց հետո:

 

 

 
Արդեն մի քանի օր է՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի տարածքում ակտիվ ծառահատումներ են ընթանում: Նշված տարածքի բնակիչները «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող անտառից օրական փայտով բեռնված մի քանի ավտոմեքենա է դուրս գալիս: «Ժողովուրդ»-ի հարցումների արդյունքում պարզվեց, որ ծառահատումները պաշտոնապես թույլատրված են, սակայն այդպես էլ հստակ չպարզվեց, թե ինչ հիմքով եւ հատկապես կոնկրետ ո՞ր տարածքում եւ ո՞ւր են տարվում հատված հաստաբուն ծառերը: ՀՀ բնապահպանության նախարարությունից եւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից պնդեցին, որ ծառահատումներն իրականացվում են զորամասի ներսում, սակայն «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դրանք կատարվում են զորամասի դիմացի տարածքում, իսկ հատված ծառերն էլ չոր չեն: Ստացվում է, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատում է բացառապես փաստաթղթերով՝ իրականությունից կտրված: Ինչ հրամցնում են, հավատում է ու իր փափուկ աթոռին նստած՝ գլխիկոր համաձայնում: Իսկ թե իրականում ինչպես է ոչնչանում տարիներ շարունակ փայփայված անտառածածկ տարածքը, կարծես թե նրան չի էլ հետաքրքրում:

 

 

 

 

ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ

Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն` իրանցի պատգամավոր Ալի Ալիլուին օրերս հայտարարել է, որ Իրանը մտադիր է Ուրմիա լիճը վերակենդանացնելու նպատակով ջրի մղման 3 կայանների միջոցով Հայաստանի Սեւանա լճից ու Վրաստանի Կուր գետից ջուր ներկրել, եւ այդ մասին ՀՀ-ի ու Վրաստանի հետ համապատասխան համաձայնագիրն արդեն իսկ ստորագրվել է:
Իհարկե, Ուրմիա լճի վերականգնման համար Հայաստանից եւ Վրաստանից ջուր տարանցելու ծրագրի մասին խոսակցությունները նոր չեն. նման նախագիծ քննարկվել է դեռ մեկ տասնամյակ առաջ, սակայն գործը քննարկումներից այն կողմ չի անցել նախ եւ առաջ այդ ծրագրի աննպատակահարմարության պատճառով: Չի բացառվում, որ այս անգամ եւս խոսքն ընդամենը իրանցի պատգամավորի հնչեցրած ցանկության կամ ենթադրության մասին է, սակայն պաշտոնական տեղեկատվության բացակայության պայմաններում նման լուրը մտահոգել է բազմաթիվ բնապահպանների, որոնք պատրաստվում են պարզաբանումներ պահանջել ՀՀ Կառավարությունից:
Մինչդեռ այս իրավիճակը ծայրահեղ աննորմալ է. նախ` այն առումով, որ մենք կարծես թե ունենք բնապահպանության նախարարություն կոչվող գերատեսչություն, որը պարտավոր է նման կարեւորագույն հարցերի շուրջ հանրությանը ներկայացնել հավաստի եւ լիարժեք տեղեկատվություն: Եվ այն, որ արդեն իսկ մամուլում աղմուկ հանած այս ահազանգից հետո նախարարությունը քար լռություն է պահպանում, կասկածի տեղիք է տալիս, որ այս տեղեկատվությունն անհիմն չէ:
Ոչ վաղ անցյալում, հիշեցնենք, նման մի համաձայնագիր էր կնքվել դարձյալ Իրանի հետ Սյունիքի մարզի արոտավայրերը իրանական կողմին երկարաժամկետ վարձակալության տալու մասին: Սակայն Սյունիքի մարզպետի մակարդակով ստորագրված այդ համաձայնագրի վերաբերյալ հաջորդող ամիսների ընթացքում հանրությանը որեւէ տեղեկատվություն չէր ներկայացվել, եւ այն ժամանակ էլ բնապահպանության նախարարությունը նախ` տեւական ժամանակ լռում էր, ապա, երբ արդեն հրապարակվեց բուն համաձայնագիրը, դրա գոյությունը հերքելու անհեթեթ ջանքեր էր գործադրում:
Ուստի այսպիսի իշխանությունների պարագայում ամենեւին չի բացառվում, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ իրոք կնքված լինի նման համաձայնագիր` առանց հանրային քննարկումների եւ համապատասխան իրազեկման: Եվ այն, որ Սեւանա լիճը համարվում է ազգային հարստություն եւ պահպանվում է օրենքով, ամենեւին չի երաշխավորում դրա անձեռնմխելիությունը: Ի վերջո, Սեւանի նկատմամբ անթույլատրելի ոտնձգություններն առաջին անգամ չէ, որ իրականացվում են ՀՀ իշխանությունների (ընդ որում, բոլոր ժամանակների) կողմից, եւ միանգամայն անպատիժ կերպով: Հետեւաբար Սեւանի նկատմամբ այս հերթական ոտնձգությունը կանխելու նպատակով պետք է գործադրել առավելագույն հանրային ճնշում, անգամ եթե ներկայացված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Ինչպես ասում են` կանխարգելիչ նպատակով:




Լրահոս