ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՆՏԱՌԸ ՀԱՏՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործող Կառավարությունը մի կողմից պետբյուջեի միջոցներից միլիոնավոր դրամներ է հատկացնում անտառպահպանական ծառայությունների համար, մյուս կողմից թույլտվություններ տրամադրում՝ անհիմն ծառահատումներ անելու համար: Երեկ «Ժողովուրդ»-ը դա ապացուցող ահազանգ ստացավ ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի բնակիչներից, ովքեր պատմեցին, որ այդ տարածքում գտնվող անտառում արդեն երեք օր է, ինչ ծառեր են հատվում: Նշենք, որ այդ անտառը պատկանում է «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին:

«Ժողովուրդ»-ը գնաց ահազանգի հետքերով: Նախ կապ հաստատեցինք «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գիտության գծով տնօրեն Վահե Գուլանյանի հետ: Պարզվեց` այստեղ տեղյակ են ծառահատումների մասին: «Դա բնապահպանության նախարարության կողմից թույլատրվել է եւ պաշտպանության նախարարության պահանջով է: Ծառահատումները տեղի են ունենում կոնկրետ զորամասի ներսում, եւ դրանք գերհասուն ծառեր են: Ծառերի հատման կարիք ունեցել է պաշտպանության նախարարությունը, որովհետեւ դրանք խանգարում են ռազմական որոշ տեխնիկայի աշխատանքներին: Նույնիսկ վերջերս էլ դեպք տեղի ունեցավ. ուժգին քամու պատճառով ծառը շուռ էր եկել այդ սարքերի վրա»,- ներկայացրեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գիտության գծով տնօրենը:
Մեր զրուցակցի խոսքերով՝ հատվում են հիմնականում չիչխան, բարդի տեսակի ծառերը: «Իհարկե, ցավալի է, որ դրանք հատվում են, բայց ինչ արած: Կոնկրետ դա հատվում է զորամասի տարածքի ներսում»,-շեշտեց Վահե Գուլանյանը՝ եւս մեկ անգամ հավաստիացնելով, որ ծառահատումներն անօրինական չեն, դրանց վերաբերյալ առկա է մասնագիտական եզրակացություն, բացի այդ՝ անտառահատման տոմս կա դուրս գրված: Նա նաեւ նշեց, որ ծառերն ամբողջությամբ հաշվառվել են. «Ավելի քան 100 ծառ է հատվելու»:
Իսկ, ահա, ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, լսելով ահազանգը, համոզված նշեց, որ եթե ծառահատումները ռազմական նշանակության նպատակով են կատարվել, ապա դա պետք է արված լինի միայն համապատասխան դիմումների եւ որոշումների հիման վրա: «Տարվա ընթացքում վառելափայտը պահեստավորելու համար օրինական կարգով դիմում ենք պետությանը, որպեսզի փայտ ստանանք: Երբ մեծ ծավալի վառելափայտ ենք կուտակում, դրա դիմաց, իհարկե, բոլոր օրինական մուծումներն անում ենք: Բայց մենք տարեկան հազարավոր մետր քառակուսի ծառ ենք տնկում ե՛ւ շաբաթօրյակներին, ե՛ւ պլանային տնկումների ժամանակ»,- արդարացավ ՊՆ մամլո խոսնակը:
Մենք, այնուամենայնիվ, փորձեցինք բնապահպանության նախարարությունից էլ ճշտել՝ արդյոք օրինական են այդ ծառահատումները: ԲՆ-ից ի պատասխան մեր հարցմանը՝ փոխանցեցին, որ սանիտարական էտի թույլտվություն ունեն հենց զորամասի տարածքում: Բացի այս՝ նախարարությունից հայտնեցին, որ դրանք թեքված, ճկվող ու չոր ծառեր են: Թեեւ բնապահպանության նախարարությունից եւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից պնդում են, որ ծառահատումներն իրականացվում են զորամասի ներսում, սակայն «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դրանք կատարվում են զորամասի դիմացի տարածքում, իսկ հատված ծառերն էլ չոր չեն: Այս ամենը փաստող լուսանկարներն էլ կան:
Ի դեպ, ստացված ահազանգի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Շուշանիկ Դանիելյանին: Ինչից հետո տեղի ունեցածի կապակցությամբ փոխանցեց հետեւյալը. «Օմբուդսմենի Գավառի արագ արձագանքման խումբը տեղում է եղել եւ հանդիպել է «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Վահե Գուլանյանի եւ Կարճաղբյուրի զորամասի հրամանատարական կազմի հետ: Առեւերույթ փաստաթղթերն առկա են եղել, բայց օմբուդսմենը վարույթ կհարուցի՝ մանրամասները ճշտելու համար»:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Կառավարությունն այս տարի «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին հատկացրել է 267 մլն 861 հազար 700 դրամ՝ «Սեւան ազգային պարկի» պահպանության, պարկում գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայություններ» ծրագրի իրագործման համար: Իսկ, ահա, «Հայ անտառ» ՊՈԱԿ-ին Կառավարությունն այս տարի տրամադրել է 1 մլրդ 201 մլն 229 հազար 900 դրամ՝ անտառպահպանական ծառայություններ ծրագրի իրականացման նպատակով: Այսքանից հետո անիմաստ է հարց հնչեցնել, թե ինչի վրա են ծախսվում պետական միջոցները. անտառը ոչ թե պահպանում են, այլ հատում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՈՉ ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը սոցցանցում անդրադարձել է սահմանադրական բարեփոխումներին եւ ներկայացրել 10 պատճառ՝ սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելու համար: Ներկայացնում ենք դրանք` որոշակի կրճատումներով:

1) 2005-ին, երբ փոփոխվեց Սահմանադրությունը, կա՛ր դրա հրամայականը: Փոփոխվեց նախեւառաջ այն պատճառով, որ նոր Սահմանադրությունը պարտադիր պետք է համաձայնեցվեր Եվրոպայի խորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Երկրորդ՝ այնտեղ լուծվեց հայ ժողորդի համար կարեւորագույն նշանակություն ունեցող երկքաղաքացիության հարցը: Եվ, վերջապես, նվազեցվեցին հանրապետության նախագահի բացարձակ լիազորությունները, դրանց մի մասը սահմանադրորեն անցավ խորհրդարանին եւ Կառավարությանը:
2) Այսօրվա հիբրիդային Սահմանադրությունը պատշաճ կիրառության եւ արդար ընտրությունների պարագայում մեր պետության համար ճիշտ տարբերակ է: Այն մի կողմից պարունակելով պառլամենտարիզմի տարրերը՝ կարող է նպաստել Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը, մյուս կողմից, պարունակելով նախագահի լայն լիազորություններ, կարող է երաշխավորել համարժեք արձագանքը արտաքին մարտահրավերներին:
3) Այսօր քաղաքական մթնոլորտը բացարձակապես բարենպաստ չէ Սահմանադրության արմատական փոփոխության համար: Չկա բավարար համախմբում այդ գաղափարի շուրջ:
4) Հայաստանում քաղաքական կուսակցությունները դեռեւս բավարար չեն կայացել, որպեսզի դառնան կառավարման համակարգի գլխավոր եւ միակ խարիսխը:
5) Իշխող քաղաքական ուժը, որը համակարգի փոփոխության գլխավոր նախաձեռնողն է, օրինակարգության շատ լուրջ դեֆիցիտ ունի, որը մեծ ստվեր է գցում սահմանադրական փոփոխությունների ամբողջ գործընթացի վրա:
6) Բացարձակ վստահություն չկա քվեարկության համակարգի նկատմամբ: Այդ իսկ պատճառով հանրաքվեի արդյունքները, անկախ դրա ելքից, կասկածի տակ են դրվելու:
7) Ակնհայտ է, որ այս ամենն արվում է մեկ մարդու, մեկ քաղաքական ուժի՝ իշխանությունը պահելու հավակնությունները բավարարելու համար:
8) Այն, ինչ ներկայացվել է որպես նախագիծ, լի է հակասություններով եւ վտանգներով, օրինակ՝
– Հայաստանի քաղաքական համակարգի գլխավոր չարիքը՝ կայուն մեծամասնության երաշխավորումը՝ լինի դա ընտրության երկրորդ փուլով, թե բոնուսային տարբերակով, փաստացի սահմանադրական նորմ է դառնում:
– Խորհրդարանի ձայների՝ 2/3-ով Սահմանադրության փոփոխության հնարավորությունը: Զինված ուժերի գլխավոր հրամանատարի անձի շուրջ անորոշ ձեւակերպումները:
– 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու քողի տակ Ընտրական օրենսգրքի հնարավոր այնպիսի փոփոխությունը, որը կամրագրի քվեարկության ռեյտինգային դրույթը՝ գործնականում դառնալով 100 տոկոսանոց մեծամասնական համակարգ:
9) Հայաստանը միակն է նախկին խորհրդային հանրապետություններից, ներառյալ բալթյան երկրները, որը փորձում է անցում կատարել խորհրդարանական նման կառավարման համակարգի: Վրաստանը հիբրիդային համակարգ ունի, մոտավորապես այնպիսին, ինչպիսին Հայաստանի այսօրվա համակարգն է: Մեզ առաջարկվող համակարգի նմանը չկա նաեւ տարածաշրջանի մյուս երկրներում:
10) Լղոզված, ոչ կուռ կառավարման նման համակարգը, որտեղ երկրի առաջին դեմքը համարվելու է որեւէ լիազորություն չունեցող եւ ժողովրդի կողմից չընտրված նախագահը, իսկ գործադիր լիզորություններով օժտված վարչապետը ամբողջական կախվածության մեջ է լինելու իր կուսակցությունից եւ նրա ղեկավարից, էապես կթուլացնի ապագայում հնարավոր արդյունավետ արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունը:

 

 

 

 

 

ԱՌԱՆՑ ՇԱՀՈՒՅԹԻ
«Երեւանի գարեջուր» գործարանի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն ընդհանուր առմամբ գոհ է իր գործարանի գարեջրի արտադրության ծավալներից:
Armlur.am-ի հետ զրույցում Հ. Հակոբյանը համեմատել է 2014 թ. յոթ ամիսների արտադրության ծավալները 2015թ. առաջին յոթ ամիսների արտադրության ծավալների հետ եւ նշել, որ հուլիս ամսվա տվյալներով՝ ցուցանիշն այժմ կազմում է 98 տոկոս: «Կարծում եմ` տարվա վերջում կլինի նախորդ տարվա ցուցանիշը: Մեզ մոտ վատ չէ, երկու տոկոսը կարող է 1-2 օրվա ընթացքում կարգավորվել», – ասել է նա: Անդրադառնալով արտահանման ծավալներին՝ գործարարը նշել է, որ դրանք գումարայինով կազմում են 112 տոկոս, այսինքն` առկա է 12 տոկոս աճ:
Հակոբյանի ներկայացմամբ` հիմնականում արտահանումը կատարվում է դեպի Ռուսաստանի Դաշնություն: Դիտարկմանը, թե գործարարներն այս տարի դժգոհում են ՌԴ արտահանման հետ կապված բարդություններից, Հ. Հակոբյանը հակադարձել է, թե խնդիրներ միշտ եղել են, կան եւ կլինեն: «Մեր աշխատանքի ձեւն այնպես է, որ մենք հաջողության ենք հասել: Իհարկե, մենք շահույթ չենք ստանում, քանի որ արտահանման ցուցանիշներին հասել ենք տարիներ շարունակ, շուկա ենք ձեռք բերել: Հիմա մենք շահույթով չենք արտահանում` հաշվի առնելով, որ շուկան պետք է պահպանվի: Հակառակ դեպքում մենք, բնականաբար, շուկայից դուրս կմնանք եւ այդ դեպքում նորից 10 տարի կպահանջվի` մեր տեղը գրավելու համար: Դրա համար մենք որոշեցինք այդ ճանապարհով գնալ եւ, կարծում եմ, ճիշտ ենք անում, որովհետեւ Ռուսաստանի վիճակն այդպես շարունակվել երկար չի կարող»:

 

ՔԱՐԴԱՇՅԱՆՆԵՐԻՑ «ՍԻՐՏԸ ԽԱՌՆՈՒՄ Է»
Ամերիկյան Fox35 հեռուստաալիքի հաղորդավար Ջոն Բրաունը ուղիղ եթերում հրաժարվել է լուսաբանել Քարդաշյանների ընտանիքի մասին լուրը: Հաղորդավարը լքել է տաղավարը՝ հայտարարելով, որ իր «սիրտը խառնում է այդ թեմայից»: Ուղիղ եթերում տեղի ունեցած այս միջադեպը դարձել է սոցցանցերում ամենից շատ քննարկվող լուրը: Ինչպես գրում է հրատարակչությունը, Բրաունը պետք է կարդար առավոտյան լուրն այն մասին, որ Քիմ Քարդաշյանի խորթ քույրը՝ 18-ամյա Քայլի Ջենները, ընտանի նապաստակ է գնել ու կենդանուն անվանել իր հոր պատվին, ով 2015-ին սեռափոխություն էր կատարել: «Ես հոյակապ ուրբաթօրյա տրամադրություն ունեմ ու հրաժարվում եմ խոսել Քարդաշյանների մասին»,-հայտարարել է հաղորդավարն ու լքել տաղավարը:




Լրահոս