Արդեն հայտնի է, որ օգոստոսի վերջին կմեկնարկեն «Ֆուլ հաուս» սիթքոմի երրորդ եթերաշրջանի նկարահանումները: Նախագիծը եթերում կլինի սեպտեմբերի 14-ից: «Ժողովուրդ»-ը սիթքոմի դերասան եւ սցենարիստ Գրիգոր Դանիելյանից հետաքրքրվել է իր կերպարին առնչվող իրադարձությունների զարգացմամբ: Դերասանը խոսել է նաեւ հումորի ասպարեզում նոր գաղափարների պակասից, դրա պատճառներից եւ այլ թեմաներից:
-Գրիգո՛ր, «Ֆուլ հաուս»-ի նոր եթերաշրջանում Ձեր կերտած կերպարի` Մուշեղի շուրջ իրադարձությունների ի՞նչ զարգացումներ են սպասվում: Հնարավո՞ր է, որ, օրինակ, Տամարայի հետ նրա հարաբերությունները բոլորովին նոր, անսպասելի հունով ընթանան:
-Ասեմ, որ հեռուստադիտողների համար հետաքրքիր սեզոն է սպասվում, փորձել ենք այնպես անել, որ սիթքոմն իր համն ու հոտը չկորցնի, նոր կերպարների կտեսնենք նոր իրավիճակներում: Նաեւ նոր զարգացումներ կան՝ կապված կերպարների փոխհարաբերությունների հետ, սակայն դեռեւս չենք կարող փակագծերը բացել: Շատ է լինում, որ պատահական մարդիկ տեսնում, հարցնում են` բա Տամարայի հետ ե՞րբ ես ամուսնանալու, մեծ կանայք էլ ասում են` շատ ես էդ աղջկան տանջում… Արդեն ինձ չեն հարցնում, թե ոնց եմ, ասում են` ո՞նց ես, Մուշե՛ղ (ծիծաղում է):
-Վերջերս տեղի ունեցած ավտովթարից հետո սիթքոմի դերասանուհի Անի Երանյանին տեսակցե՞լ եք, նա կրկին կխաղա՞ «Ֆուլ հաուս»-ում, թե՞ արդեն ոչ:
-Անին անպայման ընդգրկվելու է նոր եթերաշրջանի նկարահանումներում, այդ առումով ոչինչ չի փոխվել: Ու թեեւ որոշ լրատվամիջոցներ թյուր տեղեկություններ տարածեցին հակառակի վերաբերյալ, Անին շարունակելու է լինել եթերում, նրա տրամադրվածությունը լավ է, ֆիզիկապես մի քիչ թույլ է, բայց հիմա բժիշկների վերահսկողության ներքո է, հոգեբանորեն էլ պատրաստ է աշխատանքի անցնելուն:
-Դժվար չէ՞ միաժամանակ սիթքոմի սցենարիստ եւ դերասան լինելը: Այս հանգամանքն ավելի շատ օգնո՞ւմ է, թե՞ խանգարում:
-Դա իրականում օգնում է, որ ավելի լավ խաղանք, քանի որ, լինելով սցենարիստ, ես պատկերացնում եմ, թե ինչ է անում իմ կերպարը, նկարահանման հրապարակում կարողանում եմ դերասաններին ճիշտ ուղղորդել: Սիթքոմի հաջողության գրավականներից մեկն էլ հենց դա է:
-Ինքներդ Ձեզ համար ներքին գրաքննություն մշակե՞լ եք: Սցենարիստի պարտավորություններն այդ առումով, թերեւս, ավելի շատ են…
-Դե, օրինակ` «գոտկատեղից ներքեւ» հումորներ փորձում ենք չանել: Ի դեպ, ամենահեշտ բանը նմանատիպ հումոր գրելն է, բայց մենք ինքներս մեր առջեւ որոշակի սահմաններ ենք դրել: Այդ հանգամանքը դժվարացնում է մեր աշխատանքը, սակայն մենք դրան պատրաստ ենք:
-Գրիգո՛ր, ի՞նչ է հարկավոր, որ հումորը մեզ մոտ նույնական բնույթ չկրի, նոր գաղափարներ, նոր մտածողություն ծնվի:
-Այսօր մեր ասպարեզում շատ քիչ մարդիկ կան, որոնք աշխատում են որպես սցենարիստ: Ինչ վերաբերում է կոնկրետ մեզ, ապա մենք փորձում ենք անել հնարավորը, որ սիթքոմը հաջողվի (ի դեպ, արդեն ԱՊՀ երկրներից ունենք սիթքոմի սցենարը գնելու վերաբերյալ բավական մեծ թվով առաջարկներ):
Իսկ մեր ոլորտի սցենարական խմբերին մեկ ձեռքիս մատների վրա կարելի է հաշվել: Ուստի կասկածելի է` նոր սերունդ կգա՞, որ իրավիճակ փոխի, թե՞ ոչ: Խնդիրներից մեկն էլ այն է, որ հումորի դպրոց չունենք: Ես, օրինակ, КВН-ի հիմքի վրա դաստիարակված հումորիստ եմ, այսօր էլ կա КВН-ի ուսանողական լիգա, դպրոցական լիգա, ի դեպ, դրանց շրջանակներում մեծ թվով դեմքեր են ի հայտ եկել, որոնց դուք հեռուստատեսությամբ արդեն տեսել եք: Միակ հույսը սա է, իսկ թատերական ինստիտուտում, ցավոք, հումորի ասպարեզի սցենարիստների չեն պատրաստում:
-Բայց КВН-ային հումորն էլ տարիների ընթացքում որակապես տուժել է…
-Այո՛, բնականաբար, սերունդը ծուլացել է, եթե նախկինում մենք գիշեր-ցերեկ աշխատում էինք առանց գումարի, միայն էնտուզիազմի հաշվին, ապա այսօր այդ միտումը նվազել է: Ինչպես ցանկացած դեպքում, այս պարագայում էլ հաջողություն ունենալու նախապայմանը համարում եմ աշխատասիրությունը: Սա է ելքը:
ՊԱՏԱՍԽԱՆ ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ
Երգիչ Ռազմիկ Ամյանն իր երկրպագուների համար պատրաստում է հերթական ձայնասկավառակը, որը, հավանաբար, կկոչվի «Սիրել եմ, սիրում եմ ու կսիրեմ»: Նա ծրագրում է նաեւ սեպտեմբերի 26-ին Անկախության տոնի առթիվ մենահամերգով հանդես գալ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց երգչի պրոդյուսեր Արմին Մովսիսյանը: Նա մեզ հետ զրույցում անդրադարձավ Ռազմիկի երկրպագուներին հուզող մի շարք հարցերի:
Նրանց մեծ մասը դժգոհում է այն հանգամանքից, որ երգիչը ստիպված է իր ժամանակի զգալի մասը տրամադրել արտերկրի համերգներին, այնինչ հայրենիքում երկրպագուների հետ կապը թուլացել է. «Ռազմիկի` արտերկրում տեղի ունեցող համերգները բավական շատ են, նրա գրաֆիկը խիստ հագեցած է, սակայն Հայաստանում մենահամերգով հանդես գալու ցանկությունն էլ շատ մեծ է: Դեռեւս չենք կարող ասել, թե երբ դա տեղի կունենա, սակայն երկրպագուներին երկար սպասել չենք տա»,-նշեց պրոդյուսերը:
Մեր այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Ռազմիկ Ամյանը դուետով հանդես գա արտերկրից որեւէ երգչի հետ, պրոդյուսերը պատասխանեց, որ երգիչը վերջերս Լոս Անջելեսի «Դոլբի» (նախկին «Կոդակ») թատրոնում հանդես է եկել համերգով. «Ռազմիկը բեմում արդեն հայտնի զուգերգով հանդես եկավ ուկրաինացի երգչուհի Տատյանա Ռեշետնյակի հետ: Առաջարկ ենք ունեցել նաեւ ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկի հետ զուգերգով հանդես գալու, եթե ընդունենք այն, նոր դուետ կծնվի»,-ասաց նա:
Սոցիալական ցանցերում կարծիքներ են հնչում, որ բոլոր այն երգիչները, որոնց պրոդյուսերությամբ զբաղվում է Արմին Մովսիսյանը, կորցրել են իրենց անհատականությունը, Արմինը նրանց դրել է մեկ հիմնական ուղղության վրա ու չի թողնում, որ երգիչները դրանից շեղվեն. «Մենք ունենք աշխատանքային պայմանագրեր, պայմաններ, որոնք չեն կարող խախտվել, բայց այնպես չէ, որ ես Ռազմիկին կամ մյուսներին մեկ ուղղության վրա եմ դրել: Նա հաճախ մասնակցում է «Երգ երգոց» ծրագրին եւ այդ կերպ կարողանում է իրեն դրսեւորել այլ ռակուրսից, ցույց տալ իր վոկալային տվյալները»,-մեկնաբանեց նա:
Վերջերս նաեւ տեղեկություններ էին շրջանառվում, որ երկարատեւ արտերկրյա գործուղումների արդյունքում երգիչը քիչ ժամանակ է տրամադրում ընտանիքին, եւ նրա ընտանեկան կյանքում դրա հետեւանքով որոշ անհարթություններ են առաջ եկել. «Ամեն բան չափից ավելի հարթ է, նա վերջերս է ընտանիքի հետ հանգստացել Բուլղարիայում, անգամ եթե արտերկիր է մեկնում, հաճախ ընտանիքին էլ է հետը տանում, այնպես որ այդ առումով ամեն բան կարգին է»,-վստահեցրեց Ամյանի պրոդյուսերը:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՎԵՐԱԴԱՐՁ` ՄՐՑԱՆԱԿՆԵՐՈՎ
«Սպեղանի» երգչախումբը հուլիսի 22- 24-ը մասնակցել է Ֆլորենցիայում կայացած երգչախմբերի միջազգային մրցույթ-փառատոնին: Այս հեղինակավոր ստուգատեսին ներկայացել է 20 երգչախումբ` աշխարհի տարբեր երկրներից: Հանդես գալով Կոմիտասի, միջնադարյան ու ժամանակակից հայ եւ իտալացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով, «Սպեղանին» «Հնագույն երաժշտություն» եւ «Միասեռ երգչախումբ» անվանակարգերում նվաճել է առաջին մրցանակները: Երգչախումբն արժանացել է նաեւ հատուկ մրցանակների` «Ռենեսանսի դարաշրջանի իտալացի կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարման» եւ «Լավագույն բեմական հանդերձանքի» համար:
ՍԱՐԱՖՅԱՆԸ` «ԽՈՍՏՈՒՄ»-ՈՒՄ
Հայտնի է դարձել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» դրամայում նկարահանվող եւս մեկ դերակատարի անուն՝ Անժելա Սարաֆյան: Նա կխաղա Օսկար Այզեքի կնոջ դերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Wrap կայքը, ֆիլմի պրոդյուսերներն են Մայք Մեդավոյը («Սեւ կարապ»), Էրիկ Իսրայելյանը, Ռալֆ Ուինթերը («X¬Men») եւ Ուիլիամ Հորբերգը («Կաթ»): Քըրք Քըրքորյանի կողմից «Խոստումը» դրամայի ֆինանսավորման մասին ԶԼՄ-ներին հայտնի է դարձել հունիսի 15-ին: Նույն օրը բարերարը մահացել է 98 տարեկանում: Կինոժապավենի ռեժիսոր Թերի Ջորջը հայտնի է օսկարակիր «Ռուանդա» հյուրանոցը» ֆիլմով: Սցենարի հեղինակներն են Թերի Ջորջը եւ «Գեյշայի օրագիրը» ֆիլմի սցենարիստ Ռոբին Սվայքորդը:
ՍԵՐԻԱԿԱՆ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ԴԵՐՈՒՄ
Դերասան Լեոնարդո դի Կապրիոն կրկին համագործակցելու է աշխարհահռչակ ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ։ Նա մարմնավորելու է ԱՄՆ-ի պատմության մեջ ամենադաժան սերիական մարդասպանի՝ Հենրի Հովարդ Հոլմսի դերը։ Ֆիլմի սցենարը հիմնված է Էրիկ Լարսոնի «Սատանան՝ սպիտակ քաղաքում» գրքի վրա։ Այն հրատարակվել է 2003-ին եւ դարձել բեսթսելլեր։
Նշենք, որ 1890-ականների սկզբին Հենրի Հովարդ Հոլմսը Չիկագոյում կառուցել է մի մեծ հյուրանոց, որի ներսում դաժան սպանություններ են կատարվել։ Երբ Հոլմսին ձերբակալել են, նա խոստովանել է, որ սպանել է 27 հոգու, սակայն հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ այդ թիվը հասնում է 200-ի: