Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ վարչապետ Հովիկ Աբրահամյանի արած հայտարարությունը, որ չեն սուբսիդավորելու խոշոր բիզնեսին, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համարում է ժամանակ շահելու միջոց: «Ուզեն թե չուզեն, աշունը անպայման պետք է թանկացնեն: Աուդիտը խոշոր հաշվով որևէ բան չի տա: Այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ ըստ էության, ժամանակ ձգելու խնդիր են լուծելու: Պարզ է, որ եթե խոշոր բիզնեսի համար հոսանքը թանկացավ, ըստ այդմ ապրանքներն են թանկանալու, ինչն էլ նշանակում է` շղթայական թանկացում»,- Armlur.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` ցանկացած պարագայում, ՀԷՑ-ում աուդիտից հետո ընդհանրապես ապրանքները կթանկանան:
«Եվ հետո «Որոտան»-ի գումարը անսպառ չէ, որ կարողանա երկարաժամկետ սուբսիդավորել: Սա ժողովրդին լռեցնելու քայլ էր, քանի որ շարժում կար հոսանքի թանկացման դեմ, փորձեցին իրենց ծառայեցնել, առևտրային հարաբերություններ հաստատել: Նաև փորձեցին քաղաքական ուժերին հարված հասցնել, որ տեսեք` քաղաքացիական շարժումը ճիշտ էր, քաղաքականը` սխալ: Հատկապես սահմանադրական փոփոխություններին ընդառաջ իրենց պետք է հնարավորինս քաղաքական ուժերին թուլացնել, որպեսզի հեշտությամբ անցկացնեն: Իրականությունն այն է, որ իրենք ժողովրդի մասին մտածելու խնդիր չունեն: Ժողովրդի մասին մտածողը ոչ ընտրություն է կեղծում, ոչ տնտեսություն է մոնոպոլացնում, ոչ էլ իշխանությունը պահելու համար ԵՏՄ է մտնում, ինչը կործանարար հետևանքներ է ունենալու Հայաստանի համար»,- հավելեց Արմեն Մարտիրոսյանը: