«Կայուն մեծամասնությունից» դեպի ՀՀԿ-ի դիկտատուրա մեկ քայլ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների միջոցով կուսակցական դիկտատուրան օրենքով ապահովագրելու իշխանության նկրտումները փաստվում են հրապարակված «Նախագծի» հիմնական դրույթներին անգամ հպանցիկ հայացք ձգելով: Շարունակելով պետական կառավարման համակարգում Ազգային ժողովի նորովի դերակատարության հիմնահարցի ուսումնասիրությունը՝ այսօր փորձենք հասկանալ, թե ինչ հիմքով է իշխանությունը գնում բացարձակ համամասնական ընտրակարգի, եւ ինչ ասել է կայուն խորհրդարանական մեծամասնություն:

Հատկանշական է, որ կայունության ապահովման հիմնահարցը որքան իրավական դաշտում է, այնքան էլ ածանցված է պետության քաղաքական կյանքի առանձնահատկություններին «Նախագծի» 89-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված է. «Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ազգային ժողովի ընտրակարգը պետք է երաշխավորի Ազգային ժողովում կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը»: Հարկավ, Կառավարության գործունեության անխափանության երաշխավորումը կարող է տեղի ունենալ սահմանադրական նորմերի ընդունմամբ, սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ պարագայում կայունության ապահովումը չի դառնում ինքնանպատակ:

Ի վերջո, ժողովրդավարական համակարգերում խորհրդարանի էությունը հասարակական տրամադրությունների իրական արտացոլումն է: Եթե հասարակության բացարձակ մեծամասնությունը չի վստահում կոնկրետ մեկ քաղաքական ուժի, նշանակում է՝ խորհրդարանում պիտի ձեւավորվի կոալիցիոն կառավարություն: Չէ որ ժողովրդավարական համակարգը ստեղծել է այնպիսի մի գեղեցիկ ու ճկուն ինստիտուտ, ինչպիսին կոալիցիոն կառավարումն է, ինչը հնարավորություն է տալիս ապահովել Կառավարության ներսում բազմակարծությունն ու իշխանության ձեւավորման թափանցիկությունը: Ի՞նչ է, 2003 եւ 2007թթ. Քոչարյանին անվերապահորեն ստորակա կոալիցիանե՞րն են նկատի առել հանձնաժողովի անդամները, որ կոալիցիայի գաղափարը որոշել են իսպառ ոչնչացնել:

Ի դեպ, խորհրդարանական կառավարմամբ պետություններում Կառավարություն կազմելու հարցը բավականին ռիսկային է, եւ մեծամասնության բացակայության պայմաններում կոալիցիա չձեւվավորելու դեպքում պետությունը կարող է ներքաշվել լայնամասշտաբ ճգնաժամի մեջ: Սակայն որեւէ սահմանադրություն չի կարող իդեալական լինել, քանզի ստեղծված է մարդու կողմից, որն իր հերթին անսխալական չէ: Ուստի սահմանադրական կարգը ներառում է իր մեջ իրավական ու քաղաքական տարրեր, իսկ եթե խոսքը պետական կառավարման կարգի մասին է, այստեղ իրավական հարթությունն ակնհայտորեն երկրորդական նշանակություն ունի, ինչպես, օրինակ, ներկայիս Հայաստանում, որտեղ Սահմանադրության ու իրական կյանքի միջեւ խզումը անչափելի մակարդակի վրա է: Վերադառնալով խորհրդարանական «կայուն» մեծամասնության հարցին՝ արձանագրենք, որ այսպիսի առաջարկներով փորձ է արվում խորհրդարանը վերածել մեկ կուսակցության գրասենյակի, որտեղ մի քանի սենյակ կհատկացվի գործընթացների վրա ոչ մի ազդեցություն չունեցող կուսակցություններին, իսկ բոլոր հարցերը կլուծվեն ՀՀԿ-ի առաջնորդի ցանկությամբ եւ նրա միանձնյա որոշումները կատարելու պատրաստ կոճակ սեղմող «հայրենասերների» պատասխանատվությամբ:

Ինչ վերաբերում է արեւմտյան ժողովրդավարություններին, այստեղ պատկերը պարզ է ու միանշանակ: Սերժ Սարգսյանի հանձնաժողովի կողմից այդքա՜ն սիրված Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրությունը կայուն մեծամասնության հարցը փորձում է լուծել մեծամասնական ու համամասնական ընտրակարգերի սինթեզի միջոցով: Բայց եւ այնպես, այստեղ կրկին մեծ մասամբ անհնար է գործարկել խորհրդարանն առանց կոալիցիոն կառավարության ձեւավորման: Արդ, 2005թ. ընտրություններում ոչ մի կուսակցության չհաջողվեց մեծամասնություն ձեւավորել պառլամենտում, ուստի սոցիալ-դեմոկրատական կուսակցության, քրիստոնյա-սոցիալական ու քրիստոնյա-դեմոկրատական միությունների միջեւ կնքվեց կոալիցիոն համաձայնագիր՝ վերջինիս առաջնորդ Անգելա Մերկելին դարձնելով կանցլեր:

2009թ. ընտրություններում սոցիալ-դեմոկրատների փոխարեն կոալիցիա կազմվեց արդեն ազատ դեմոկրատական կուսակցության հետ, իսկ արդեն 2013թ. ազատ դեմոկրատներին չհաջողվեց խորհրդարան թափանցել ու կրկին կոալիցիոն Կառավարություն ձեւավորվեց սոցիալ-դեմոկրատների հետ: Հավելենք, որ Գերմանիայում կայուն մեծամասնություն կոչված ձեւակերպում չկա ո՛չ իբրեւ սահմանադրական դրույթ, ո՛չ էլ որպես քաղաքական առաջնահերթություն: Ինչպես հարիր է ժողովրդավարական երկրներին՝ Գերմանիան իր քաղաքացուն հնարավորություն է ընձեռում սեփական քվեով խորհրդարան ձեւավորել:

Եթե ընտրությունների արդյունքում հնարավոր չէ մեկ կուսակցության ներկայացուցիչներից մեծամասնություն ստանալ, ապա բարձր տոկոսներ հավաքած կուսակցությունը պիտի գնա զիջումների եւ ներգրավելով համեմատաբար փոքրաքանակ կուսակցություններում ՝ կառավարություն ձեւավորի: ԳԴՀ-ի Սահմանադրության 63-րդ հոդվածը նախատեսում է, որ եթե Բունդեսթագին մի քանի փուլից հետո չի հաջողվում կառավարության ղեկավար նշանակել, իսկ դա հնարավոր է, եթե խորհրդարանում կուսակցությունները միմյանց հետ պայմանավորվել չեն կարողանում, ապա նախագահը կարող է ցրել խորհրդարանը:

Ըստ էության, «կայուն մեծամասնություն» եզրաբանությունը, եթե ամրագրվում է սահմանադրությամբ, դիկտատուրայի տանող առաջին քայլն է: Այս պարագայում խորհրդարանում վերանում է ընդդիմություն ունենալու իմաստը, որը ոչ մի կերպ չի կարող ազդել բացարձակ իշխանություն ունեցող «կայուն մեծամասնության» վրա: Ավելին՝ պետական կառավարման համակարգում ի չիք է դառնում բանավեճ ծավալելու տրամաբանությունը: Կարելի է վստահաբար պնդել, որ «կայուն մեծամասնության» ինստիտուտին սահմանադրական կարգավիճակ շնորհելը հակասահմանադրական է, եթե ելակետ ենք վերցնում արեւմտյան ժողովրդավարությունը: Եթե Սերժ Սարգսյանի կուսակցության համար, այդուհանդերձ, պետք է երաշխավորել «կայուն մեծամասնություն» ունենալու արտոնությունը, ավելի ճիշտ կլիներ «Նախագծում» ավելացնել «բացարձակ միապետություն», իսկ ազնիվ լինելու դեպքում՝ «անխաթար բռնապետություն» եզրույթները, ինչին ոչ մի ընդդիմադիր հակափաստարկ չէր կարողանա գտնել:

Ն. Հովսեփյան




Լրահոս