Ինչո՞ւ շոգ եղանակին չի գործում աշխատանքային օրենսգիրքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ օգոստոսի երկրորդ կեսին Հայաստանում բավականին շոգ եղանակ է սպասվում: Օդերեւութաբան Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ՝ այս պահին հանրապետությունում բարձր ջերմային ֆոնը չի զիջում իր դիրքերը, եւ հանրապետությունը շարունակում է գտնվել արեւադարձային տաք օդային հոսանքների ազդեցության տակ: «Ներկա պահին մայրաքաղաքում 39 աստիճան է, իսկ առաջիկա օրերին սպասվում է 39-40 աստիճան տաքության առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում հնարավոր է ավելի բարձր ջերմաստիճան գրանցվել» «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ընդգծեց նա:

Հիշեցնենք՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153 հոդվածի համաձայն՝ աշխատավայրերում հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է պլյուս 40 աստիճանից բարձր կամ մինուս 10 աստիճանից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում: Այսինքն՝ 40 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում աշխատողներին գործատուները պարտավոր են հնարավորություն տալ մի քանի ընդմիջում վերցնել աշխատապրոցեսի ընթացքում:

Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում այս առումով: «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիա՝ պարզելու աշխատանքային օրենսգրքի նշված հոդվածը հաշվի առնելով՝ արդյո՞ք բողոքներ կամ դիմումներ չեն ստացել աշխատակիցներից: Սակայն Արհմիությունից մեզ տեղեկացրին, որ նման բան տեղի չի ունեցել. բողոքներ եւ դիմումներ չկան:

«Մանգո» եւ «Հագուստի աշխարհ» խանութ-սրահներից էլ «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ այնքան էլ չեն դժգոհում շոգերից: «Մեր աշխատանքային ոլորտը դրսում չի: Մենք շինարարություն, կանաչապատում եւ նմանատիպ բաներ չենք անում: Խանութում հանգիստ մեր ութ ժամը անցկացնում ենք: Իսկ ընդմիջումից օգտվում ենք սահմանված ժամով»,- ասաց «Մանգո» խանութ-սրահի աշխատակիցներից մեկը:
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց «Երեւանշին» ընկերության հետ, որտեղից փոխանցեցին՝ թեեւ աշխատանքներ կատարվում են, սակայն աշխատողներից բողոքներ չեն ստացել:

Նույն պատասխանը հնչեցվեց նաեւ «Հորիզոն-95» շինարարական ընկերությունից: Շինարարական ընկերության տնօրեն Գագիկ Գալստյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ աշխատակիցներից դժգոհություններ չկան: «Դժգոհ լինենք-չլինենք՝ աշխատում ենք, որեւէ խնդիր չկա, դժգոհություններ չկան»,-ասաց նա:
Փաստորեն Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մարդիկ գերադասում են անգամ 40 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում շարունակել աշխատել, քան առանց աշխատանքի մնալ՝ անկախ նրանից՝ գոհ են, թե դժգոհ:

Արփինե Թովմասյան




Լրահոս