Արարատի մարզի Այգեստան համայնքում լարված իրավիճակ է: «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանը հայտնեց, որ մանկապարտեզին անհիմն տուգանքի են ենթարկել, եւ իրենք չեն պատրաստվում վճարել:
Պարզվում է, որ 2011 թվականից Այգեստանի համայնքում մեկ մանկապարտեզ է գործում, որտեղ հաճախում են հարեւան գյուղի 30 երեխա: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում գյուղապետը հայտնեց, որ օրեր առաջ ՀՀ ԱՆ առողջապահության պետական տեսչության Արարատի մարզային կենտրոնի պետ Սոնյա Մամիկոնյանը, ինչպես նաեւ ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արարատի մարզային կենտրոնի գխավոր մասնագետ Հակոբ Գրիգորյանը տուգանել են տարածքի միակ մանկապարտեզին:
«Մանկապարտեզը գտնվում է գյուղապետարանի ենթակայության տակ, եւ մեր բյուջեի 50%-ը ծախսվում է հենց մանկապարտեզի վրա, որովհետեւ ունեմ մեկ երազանք` տեսնել ակտիվ, խելացի, կիրթ սերունդ: Բայց արի ու տես, որ որոշ մարդիկ հոգով այնքան են շեղված, որ ձվի մեջ անգամ փորձում են մազ ման գալ: Ուրեմն ՀՀ ԱՆ առողջապահության պետական տեսչության Արարատի մարզային կենտրոնի պետ Սոնյա Մամիկոնյանը գալիս ու մի քանի փոքր թերությունների համար՝ թե՛ ծորակ չկա, թե՛ ջուր չկա մանկապարտեզին, տուգանում է 40 հազար դրամի չափով: Դա մեզ համար մեծ գումար է»:
Սա էլ դեռ քիչ չէ, ըստ Սոկրետ Հովսեփյանի՝ ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արարատի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ, տեսուչ Հակոբ Գրիգորյանն էլ իր հերթին է տուգանքի ենթարկել մանկապարտեզին. «Գրիգորյանն էլ 100 հազար դրամ տուգանել է մանկապարտեզում դեռատիզացիա եւ դեզինֆեկցիա չանելու համար: Խնդրում եմ՝ այցելեք մեր մանկապարտեզ եւ տեսեք, թե ինչ պայմաններ են մեր մանկապարտեզում, մի՞թե սա արդար է: Ինչեւէ, այս ամենից հետո՝ որպես համայնքի ղեկավար, կապ եմ հաստատել Հակոբյանի հետ եւ փորձել եմ հասկանալ, թե ինչու է տուգանել մանկապարտեզին, նա պարզապես պատասխանել է` ես մեղավոր չեմ»:
Ինչեւէ, համայնքի ղեկավար Հովսեփյանը վստահեցրեց, որ չի վճարելու տուգանքները. «Թող ուր ուզում են՝ դիմեն, դատի տան: Ես դատի չեմ տալիս, քանի որ, լինելով նախկին դատախազ, անգամ չեմ կարողանում իմ իրավունքները պաշտպանել»:
Տեսուչների այս պահվածքն առնվազն տարօրինակ է, քանի որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ Կառավարության հուլիսի 23-ին նիստում հայտարարեց, որ պետք է տեսչական ստուգումները հնարավորինս դադարեցնել՝ թողնելով դրանք միայն ծայրահեղ դեպքերում: Հետաքրքիր է՝ այս դեպքում որքանո՞վ էր հրատապ մանկապարտեզին տուգանելը, երբ գյուղապետը շարունակ պնդում է, որ ապօրինի տուգանքներ են գրվել:
Քնար Մանուկյան