Այս ամառ անսովոր շոգ եղանակի պատճառով Տավուշի մարզում հրդեհները շարունակվում են, կրակի ճարակ են դարձել չորացած խոտերով դաշտեր, թփուտներ, ցորենի արտեր եւ այլն: Հուլիսի 27-ից մինչեւ օգոստոսի 5-ը Տավուշի մարզի տարածքում 58 հրդեհ է բռկվել: Մարզի իրավապահներից տեղեկացանք, որ հրդեհներից միայն 4-ն է տեղի ունեցել սահմանամերձ տարածքների ադրբեջանական գնդակոծության պատճառով: Մնացած դեպքերում հրդեհները բռնկվել են բնակիչների կողմից կրակի հետ անզգույշ վերաբերմունքի կամ այլ պատճառներով:
Իջեւանի տարածաշրջանի Աչաջուրի համայնքապետարանից տեղեկացանք, որ հուլիսի 30-ին գյուղի «Խունամ» տեղամասում կրակից ամբողջությամբ այրվել է Աչաջրի 17 բնակչի պատկանող 4.75 հեկտար խաղողի այգի եւ 16 տոննա կուտակված խոտ: Իսկ հուլիսի 27-ին Աչաջրի Միջնահանդ հանդամասում կրակից ամբողջությամբ այրվել է 0.28 հեկտար խաղողի այգի, նույնքան խաղողի այգի էլ կիսով է ոչնչացել: Դրանք պատկանել են գյուղի 2 բնակչի: Հրդեհից նույն տեղամասում ոչնչացել է 3 տոննա կուտակված խոտ: Տավուշի մարզի հրշեջները, իրավապահները, համայնքապետերը բնակչությանը հորդորում են պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, չվառել հնձած արտերի տարածքները եւ այլն: Սակայն այդ հորդորներն արդյունք չեն տալիս:
Օգոստոսի 13-ի առավոտյան հրդեհ էր բռնկվել Իջեւանի տարածաշրջանի Կիրանց գյուղի դաշտերում: Գյուղացիներն արտը հնձելուց հետո դաշտը վառել էին, ինչի հետեւանքով կրակը տարածվել էր մոտակա անտառում: Իսկ արդեն կեսօրից հետո կրակը տարածվել էր Կիրանց եւ Ներքին Ծաղկավան գյուղերի հացահատիկի հրդեհված դաշտերում եւ այնտեղից ծավալվել դեպի անտառ: Քանի դեռ Տավուշի մարզում ոչ ոք պատասխան չի տվել նման անփույթ վերաբերմունքի պատճառով բռնկված հրդեհների համար, կրակի նոր օջախներն անխուսափելի են:
Ոսկան Սարգսյան
Տավուշ