Հայ աստղերից ովքե՞ր կարող են դուրս գալ միջազգային շոու-բիզնես (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր անընդմեջ խոսվում է այն մասին, որ երգարվեստի հայկական շուկան բավական փոքր է, սակայն կան արտիստներ, որոնք ունեն այդ շուկայի սահմաններից դուրս գալու մասնագիտական ներուժ, թեեւ նրանց զգալի մասը չունի միջոցներ:
Ռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր Սերժ Գաբյանը տեսնում է մի քանի հայ արտիստների, որոնք ունեն նման հնարավորություն, սակայն, նրանց մեծ մասի շուրջ կազմավորված են ոչ այդ նպատակին ծառայող թիմեր: Ռեժիսորի գնահատմամբ. «Արամ MP3-ն, օրինակ, ունի դրսում սիրվելու բացառիկ շանս, պարզապես նրան հարկավոր է ավելի մեծ թվով երգեր եւ ակտիվություն: Արամի թիմն, օրինակ, բավական պրոֆեսիոնալ է: Նման թիմեր ժամանակի ընթացքում կձեւավորվեն: Հայաստանում կան մասնագետներ, որոնք կարող են լավ արտադրանք տալ, պարզապես նրանք ցրված են ու մի քիչ ամբիցիոզ»,-նկատեց նա:

aram mp3

Այնուամենայնիվ, Ս. Գաբյանի կարծիքով` թե՛ երգերի, թե՛ տեսահոլովակների արտադրության առումով Հայաստանն առաջ է շատ եվրոպական երկրներից, պարզապես դրանց տարածման մասշտաբներն են տարբեր. «Պետք չէ կենտրոնանալ արտերկրից մասնագետներ հրավիրելու վրա, ընդհակառակը, պետք է ֆինանսավորել ու զարգացնել մեր ներքին արտադրողականությունը: Դրսի արտիստները, հաճախ տեսնելով մեր արած աշխատանքի որակն ու դրա մատչելի գինը, զարմանում են, իսկ դրսի շատ հայեր նույնիսկ չեն էլ հավատում որ «խեղճ ու կրակ» Երեւանում նման բաներ են ստեղծվում, ու այդպես անտեղյակ էլ ապրում են` աշխատելով արտերկրյա «ճ» կլասի իրենց ծանոթների հետ, որովհետեւ արտերկրյա «ա» կլասը բավականին անհասանելի է իրենց համար»:

Gor-1

Ռադիո եւ հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հայաստանյան երգարվեստի լավագույն դեմքերը underground-ում են: «Նրանց մեջ կան շատ հաջող երգիչ-երգչուհիներ, որոնք իսկապես մրցունակ են եւ կարող են դուրս գալ միջազգային շոու-բիզնես: Կարծում եմ` առաջին տեղում Գոռ Սուջյանն է: Շատ մեծ պոտենցիալ ունի նաեւ Աղվան Պապոյանը. եթե նա մի փոքր նկատվի, ստեղծագործական թռիչքն անխուսափելի կլինի:

narine-dovlatyan

Նարինե Դովլաթյանը մի փոքր կյանքի փորձ ձեռք բերելուց հետո եւս կարող է դասվել նրանց թվին: Հաճույքով եմ լսում նաեւ Անուշիկ Ալավերդյանին»,-նկատեց նա:
Լուսինեի խոսքով` մեր եւ միջազգային շուկայի պահանջները բավական տարբեր են. դա առավել ակնհայտ է դառնում եվրատեսիլյան քննարկումների ժամանակ. «Դու հասկանում ես, որ այն, ինչ մենք ունենք, առանձին մի կղզի է: Շատ շնորհալի աստղեր, ցանկանալով մշտապես մնալ ուշադրության կենտրոնում, հարմարվում են ժողովրդի պահանջներին, բայց եթե նրանք իսկապես տաղանդավոր են, միեւնույն է, մի օր կպայթեն եւ դուրս կգան այդ սահմաններից»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս