Թուրքական աղբյուրների պնդմամբ՝ հիմա էլ թուրք դատախազը Հայաստանից Գերմանիա է փախել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ օրեր առաջ տեղեկություն էին տարածել այն մասին, թե պաշտոնանկ արված թուրք դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան, խուսափելով քերական պատասխանատվության ենթարկվելուց, փախուստի են դիմել Վրաստան, իսկ այնտեղից՝ անցել Հայաստան, գրում է ermenihaber.am-ը:

Չնայած այս պնդումը չհաստատվեց ՀՀ ԱԱԾ-ի կողմից և գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ իրենք նման տեղեկության չեն տիրապետում, այժմ էլ թուրքական «Posta» թերթի կայքը, վկայակոչելով «Hurriyet»-ի հոդվածագրին, լուր է տարածել, թե իբրև Հայաստան անցած Զեքերյա Օզը այստեղից ինքնաթիռով մեկնել է Գերմանիա:

Թերթն ավելացրել է նաև, որ չի հաջողվել պարզել, թե Օզը Գերմանիայից այլ երկիր մեկնել է, թե ոչ, իբրև վերջինիս օդանավակայանում գրանցում չանցնելու պատճառով:

Նշենք, որ Ermenihaber.am-ը փորձել էր որոշակի պարզաբանումներ ստանալ վերոհիշյալ թեմայի վերաբերյալ: «Իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրներից, որոնք սակայն նախընտրեցին անանուն մնալ, հնարավոր եղավ պարզել, որ Զեքերյա Օզ և Ջելալ Քարան անուն-ազգանուններով Թուրքիայի քաղաքացիներ մուտք չեն գործել Հայաստանի Հանրապետության տարածք»:

Հավելենք, որ նշյալ դատախազները ներգրավված են եղել 2013 թվականի դեկտեմբերի 17-ին իրականացված «Մեծ կաշառք»-ի գործով դատական գործընթացում: Նրանք մայիսի 25-ին հեռացվել էին պաշտոնից՝ «իրենց լիազորություններից դուրս որոշումներ կայացնելու» համար:

Օրեր առաջ թուրքական դատարանը նրանց ձերբակալելու որոշում էր կայացրել:




Լրահոս