Խոսրովի արգելոցի աշխատակիցների բողոքի նամակը ԲՆ նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Խոսրովի անտառ” պետական արգելոցի  աշխատակիցները  նամակով դիմել են ՀՀ բնապահպանության  նախարար  Ա. Հարությունյանին, ՀՀ   մարդու իրավունքների պաշտպան  Կ. Անդրեասյանին, “Խոսրովի արգելոց” քաղաքացիական նախաձեռնությանը, Էկոլոգիական հասարակական դաշինքին, որում մասնավորապես ասվում է.
“Մենք`  ներքոստորագրողներս,  ստիպված ենք կոլեկտիվ նամակով   դիմել   Ձեզ և  ներկայացնել իրավիճակը “Խոսրովի անտառ” պետական արգելոց ՊՈԱԿ-ում: Ամեն ինչ սկսվեց 2012թ-ի  հուլիս ամսից, երբ Ձեր հրամանով ստեղծվեց  և գործուղվեց  ստուգման հանձնաժողով` մեր կազմակերպություն:  Ավելի ուշ մեզ բոլորիս հասկանալի դարձավ, որ  ամբողջը կազմակերպվել էր  զուտ մեկ նպատակով`  տնօրենին ազատելու, մեր կազմակերպությունում նոր տնօրեն նշանակելու համար:  2012թ-ին տնօրեն Վ. Բարսեղյանին ազատելուց հետո  Ձեր հրամանով տնօրենի ժամանակավոր   պաշտոնակատար նշանակվեց  Հ. Թամազյանը,  որը կոլեկտիվի ներսում ինտրիգներ փնտրելու, աշխատողներին իրար  դեմ լարելու և կոլեկտիվում բարոյահոգեբանական  ծանր իրավիճակ ստեղծելուց  զատ  ոչինչ չարեց:  Ակնհայտ է, որ  պարոն Թամազյանը   ունի միայն մեկ հանձնարարություն` ներկայումս կազմակերպությունում աշխատող  ոչ ձեռնտու մարդկանցից  ազատվելու և մոտ ապագայում  նորանշանակ տնօրենի համար պարարտ  հող   ստեղծելու և թիմ ձևավորելու: Նույն աշխատաոճը շարունակվում է  նաև վերջերս Ձեր հրամանով նշանակված մեկ այլ տնօրենի` ժամանակավոր  պաշտոնակատար Հ. Հովակիմյանի կողմից:  Մեզ նրա  կողմից տրվում են անհեթեթ և տրամաբանությունից զուրկ հանձնարարություններ, որը նշանակում է ամեն գնով ցույց տալ վերադասին,  բնապահպաններին, ինչու չէ նաև հասարակությանն ու լրատվամիջոցներին, որ իր նշանակվելուց հետո կազմակերպությունում կան դրական փոփոխություններ:  Իր մոտ է կանչում աշխատակիցներին,  առանց հիմնավոր  պատճառների,  հաշվի  չառնելով երկարամյա աշխատանքային փորձը, կրթությունը,  պահանջում է  աշխատանքից ազատման դիմում գրել, ասելով, որ  նպատակահարմար չի  գտնում  մեզ հետ աշխատել:
Ավելին`  աշխատանքի է ընդունել պետական արգելոցի կարգավիճակից անտեղյակ անձանց, որոնց անվանակոչել է  հատուկ ջոկատ: Հաշվի առնելով, որ ամեն ինչ հնարավոր չէ  շարադրել սույն գրության մեջ,  խնդրում ենք Ձեզ, որպես ՀՀ բնապահպանության նախարարի, 10-օրյա ժամանակահատվածում հրավիրել խորհրդակցություն  մեր կազմակերպության հին ու նոր ղեկավարության  և մեր մասնակցությամբ, միևնույն ժամանակ խնդրում ենք ապահովել  այդ խորհրդակցության լուսաբանումը ԶԼՄ-ներով: Նպատակը միայն մեկն է`  լսել  մեզ և քննարկել  մեր կողմից խորհրդակցության ընթացքում բարձրացվող հարցերը:
Հայտնում ենք, որ 10-օրյա ժամկետում  խորհրդակցությունը  չկազմակերպելու դեպքում  սույն գրության  տակ ստորագրողներս ՀՀ օրենքների պահանջներին   համապատսխան մեր պահանջներն ու  պրոբլեմները   կներկայացնենք այլ ատյաններում  և մամուլում:
Հուսով ենք  նշված  գրությունը ճիշտ կընկալվի Ձեր կողմից և ընթացք կտրվի  մեր խնդրանքին”:
econews .am




Լրահոս