«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Այս տարվա առաջին կիսամյակը, ըստ պաշտոնական վիճակագրության, եղել է տնտեսական զարգացման և բարգավաճման ժամանակահատված։ Երկար տարիների ընդմիջումից հետո աճ Է արձանագրվել անգամ շինարարության ոլորտում՝ 0.6 տոկոս։
Ինչպես է ստացվել այդ աճը։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տեղեկանքի համաձայն՝ Կոտայքի մարզում բնակչության միջոցների հաշվին նշված ժամանակահատվածում ավելի շատ շինարարություն է կատարվել, քան Երևանում։
Ըստ այդ տեղեկանքի՝ Կոտայքում բնակչությունն իրականացրել է մոտ 25 հազար քմ բնակելի շենքերի շինարարություն, իսկ Երևանում՝ ընդամենը 17 հազար քմ։ Ուշագրավն այն է, որ Կոտայքի մարզի բնակչությունը մոտ 4 անգամ քիչ է, քան Երևանինը։ Նշենք, որ միայն Կոտայքի մարզում այս «ցատկի» շնորհիվ է հնարավոր դարձել շինարարության ոլորտում «աճ» արձանագրել։ Այսպիսի վիճակագրական «ցատկեր» արձանագրվել են նաև այլ ոլորտներում։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջերս հայտարարել էր, որ այս տարի Հայաստանում գրանցվելու է ավելի քան 4 տոկոս աճ: Սա ըստ էության մեր վիճակագիրներին իջեցված հանձնարարությունն է, որը վերջիններս հաջողությամբ կատարում են»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։