Այն, որ նախագահի ութ թեկնածուների կեսից ավելին իշխանությունների կողմից ներդրված գործիչներ են, որոնցից յուրաքանչյուրին «լավագույն ընտրություններ» տրագիկոմիկական ֆարսում վերապահված է առանձին դերակատարություն, կասկածից դուրս է: Սակայն նրանց բոլորին միասին վերապահված է մեկ միասնական առաքելություն` արժեզրկել եւ վիժեցնել իշխանության վերարտադրությունը խոչընդոտող ցանկացած առողջ գաղափար: Այդպես թեկնածուները գիտակցաբար կամ ակամայից վիժեցրին ընտրությունները բոյկոտելու գաղափարը, որը ստեղծված իրավիճակում կարող էր Սերժ Սարգսյանի լեգիտիմ վերընտրությունը խափանող միակ ճանապարհը լինել: Թեկնածուների մի մասը դա արեց միտումնավոր` ըստ ստացած հանձնարարության, մյուս մասն էլ` տասնամյակներով փայփայված ամբիցիաները քաղաքական ներկայիս ամայության մեջ վերջապես բավարարելու գայթակղությանը տրվելով: Ընդ որում` թեկնածուներից Անդրիաս Ղուկասյանը, որն այս ցրտաշունչ եղանակին արդեն իններորդ օրն է՝ հացադուլ է անում, նույնպես կամա թե ակամա իր ներդրումն ունեցավ ընտրություններին միասնաբար չմասնակցելու սցենարի տապալմանը` ի սկզբանե վերջնագրային եւ շանտաժային մարտավարություն ընտրելով: Ի վերջո, դա էլ է որեւէ գաղափար տապալելու ձեւ: Սակայն թեկնածուների մեջ, ամեն դեպքում, գտնվեցին Ղուկասյանի առաջարկած ինքնաբացարկի եւ հացադուլի գաղափարը կրկնօրինակողներ` այդքանից հետո դեռ մի բան էլ իրենց չմիացողներին որակելով «դեկորատիվ թեկնածուներ»: Ինչպես տեսնում ենք, ինքնաբացարկի գաղափարը արժեզրկելու համար իշխանությունները կրկնակի միջոցներ էին ձեռք առել:
Ս. Սարգսյանի կանխորոշված հաղթանակի դեմն առնելու համար ոչ պակաս կարեւոր էր նաեւ ընտրացուցակների ճշգրտության ապահովումը: Առաջինն այդ մասին բարձրաձայնել էր նախագահի թեկնածու Արման Մելիքյանը, որը դեռեւս երկու շաբաթ առաջ դիմել էր ԿԸՀ` պահանջելով հրապարակել երկրից բացակայողների ցուցակը, եւ մերժում ստանալով` կասեցրել էր քարոզարշավը: Այսինքն` նա ռեալ քաղաքական քայլ էր արել: Սակայն այդ ընթացքում Մելիքյանի առաջարկին որեւէ թեկնածու չմիացավ` ո՛չ պաշտոնապես, ո՛չ էլ թեկուզ լրատվամիջոցներով հայտնած դրական կարծիքի մակարդակով: Մինչդեռ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Պարույր Հայրիկյանը մեկեն հանկարծ հասկացան, որ «անհրաժեշտ է հրապարակել հանրապետությունից բացակայող քաղաքացիների ցուցակները, ովքեր, ի խախտումն ՀՀ Սահմանադրության, զրկված են ընտրելու իրենց իրավունքի իրացման հնարավորություններից»: Այդպիսով` նշված երեք թեկնածուները փորձեցին իրենցով անել Ա. Մելիքյանի քաղաքական պայքարի հիմնական բաղադրիչը` ըստ որում, ի տարբերություն վերջինիս, ոչ թե դիմելով ԿԸՀ կամ որեւէ այլ ատյան, այլ զուտ օդի մեջ արված դեկլարատիվ հայտարարությամբ: Ինչպես տեսնում ենք, այս դեպքում եւս թեկնածուներն ամեն ինչ անում են` ի սկզբանե կարեւոր քաղաքական քայլը մանրացնելու եւ արժեզրկելու համար:
ԱՐԺԵԶՐԿՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ