«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սեւան է այցելել։ Մինչ նրա ժամանելը, Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը՝ Ուդոն, հավանաբար, որպես մեծ ակնածանքի նշան, տաքսու վարորդներին հրահանգել է ազատել ավտոկայանատեղիները: 2 ժամից ավելի Սեւանի փողոցները դատարկ են եղել, ոչ մի երթեւեկություն չի եղել: Սեւանցիները նշում էին․ «Լավ կլիներ, որ քաղաքապետը մտածեր ոչ թե փողոցները մեքենաներից ազատելու, այլ ասֆալտապատելու մասին»: Ժամանելով Սեւան՝ Աբրահամյանն այցելել է «Զարթոնք» մանկապարտեզ, որտեղ երկար տարիներ հիմնանորոգման աշխատանքներ չեն իրականացվել:
Ծանոթացել է նաեւ Սեւան-Վարսեր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին, որոնք պետք է ավարտվեն նոյեմբերին․ 3.5 կմ ճանապարհահատվածի համար ներդրվել է 475 մլն. դրամ: Ապա այցելել է Նորիկ Դագարյանի անվան մարզադպրոց, որի տանիքն ամբողջովին փլուզվել էր քամու հետեւանքով: Ավելի ուշ Սեւանի քաղաքապետարանում հանդիպել է Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ: Խորհրդակցության ժամանակ վարչապետն իր հիասթափությունն է հայտնել Սեւանի ավտոճանապարհների վիճակի հետ կապված եւ նշել, որ այդ ուղղությամբ մեծ անելիքներ ունեն տեղական ինքնակառավարման մարմինները»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: