Հայաստան կժամանի հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի սկզբին ֆրանսահայ հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում այս տարի առաջին անգամ անցկացվելիք վազքի միջազգային կիսամարաթոնին՝ «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ին:

Հայտնի մարզիկն ընգծում է, որ սա հրաշալի առիթ է լինել Մայր Հայրենիքում, վայելել քաղաքամայր Երևանը և մասնակիցը դառնալ հրաշալի մարզական միջոցառմանը:
«Ուրախ եմ, որ լեգենդար Ռոբերտ Էմմիյանն այսպիսի նախաձեռնությամբ է հանդես գալիս և Երևանում առաջին անգամ կանցկացվի վազքի միջազգային կիսամարաթոն:

Ամբողջ աշխարհում նմանատիպ մարաթոններ և կիսամարաթոններ մշտական սպորտային միջոցառումներ են և կուզեմ, որ երևանցիների, և հայ ժողովրդի համար էլ այն դառնա ամենամյա, քանի որ վազքը առողջ ապրելակերպի առաջին նախապայմաններից մեկն է:

Մեծ ոգևորությամբ եմ ընդունել մասնակցելու հրավերն ու եղբորս՝ Ֆրանսիայի Դեսին քաղաքի մշակութային, սպորտային և միջազգային կապերի գծով փոխքաղաքապետ Դենի Ջորկաեֆի հետ կլինեմ կիսամարաթոնի առաջին շարքերում և բոլորին կոչ եմ անում միանալ մեզ »,- ընդգծում է 1998-ին աշխարհի և 2000 թվականին Եվրոպայի չեմպիոն, հայազգի ֆուտբոլիստը։

Նշենք, որ «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 3-ին, որը կանցկացվի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հովանու ներքո:

Միջոցառման պաշտոնական կազմակերպիչն է «ՌԱՆԱՐՄ» ընկերությունը՝ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի ղեկավարությամբ:
Կիսամարաթոնը կլինի ամենամյա՝ նպատակ ունենալով խթանել մարզաձեւի տարածմանը, քարոզել առողջ ապրելակերպ և Հայաստանում զարգացնել սպորտային տուրիզմը:

Միջոցառումը, որը մեկնարկելու է Հանրապետության հրապարակում, ներառելու է 4 վազքարշավ. կիսամարաթոն (21,097 կմ), փոխանցումավազք (2 x 10,550 կմ), 5 կմ վազք, 2,5 կմ վազք 12 և ավելի տարիք ունեցող դպրոցականների համար:

«Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ին մասնակցության հայտագրումը մեկնարկել է օգոստոսի 11-ին: Բոլոր մասնակիցները կստանան մարզահագուստ և մեդալներ, իսկ հաղթողները՝ նաև դրամական պարգևներ:

Կազմակերպչական աշխատանքներին աջակցում են նաև Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան (IAAF) և Միջազգային մարաթոնների և վազքարշավների ասոցիացիան (AIMS):




Լրահոս