Հայաստանի Հանրապետությունը երեկ տոնում էր ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-ամյակը: Իշխանական ողջ էլիտան տոնում էր հայոց բանակի օրը: Իսկ այն մարդիկ, որոնք տարիներ առաջ լուրջ ավանդ են ունեցել այսօրվա բանակի կազմավորման գործում, պետական որեւէ միջոցառման չեն հրավիրվել:
«Սասուն» ջոկատի հիմնադիր հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ:
-Պարո՛ն Միքայելյան, պետական տոնական միջոցառումների հրավեր ստացե՞լ եք:
-Ո՛չ: Ձեր կարծիքով՝ պիտի հրավիրեի՞ն:
-Դե արցախյան պատերազմում մեծ դերակատարում եք ունեցել, տրամաբանական է, որ գոնե բանակի օրվան նվիրված միջոցառումներին պիտի մասնակցեիք:
-Մենք մեր ծառայությունն ենք հատուցել մեր հայրենիքին ու մեր ժողովրդին: Հպարտ եմ, որ այսօր ունենք 21-ամյա բանակ, որի կայացման հիմքը եղել է մեր ժողովրդի միասնականությունը: Եւ մեր բանակն ավելի ամուր կդառնա, եթե կարողանանք վերականգնել մեր ժողովրդի հավատը եւ համախմբվենք: Իսկ ինչ վերաբերում է հրավերքին, ես նման բաներին ուշադրություն չեմ դարձնում, քանզի գնահատականը այսօրվա կայացած բանակն է: Իսկ թե հետագայում ով ինչ է արել, կգնահատեն ժողովուրդը եւ պատմությունը եւ ոչ թե այսօրվա իշխող էլիտան:
-Իսկ ինչպե՞ս եք անցկացրել տոնը:
-Իմ մարտական ընկերների հետ, որոնք բարձրաստիճան պաշտոնյաներ չեն, բայց բարձրաստիճան մարդիկ են, քայլող հերոսներ, որոնք օրվա հացի խնդիր ունեն: Այնպես որ, մենք էլ ենք նշել ճիշտ այնպես, ինչպես պատերազմի դաշտում՝ շնորհավորելով սպարապետի 21-ամյա ժառանգին:
«Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ, նախկին քաղբանտարկյալ ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆ
-Պարո՛ն Այվազյան, Ձեզ հրավիրե՞լ են բանակի օրվան նվիրված միջոցառմանը:
-Ո՛չ:
-Իսկ եթե հրավեր լիներ, Դուք կընդունեի՞ք այն:
-Բարդ է ասելը, չգիտեմ: Բանակը մեր բոլորինն է, մեր ընկերների, հարազատների բանակն է, իրենցը չէ: Ուղղակի ճակատագրի բերումով այսօր իրենք են կազմակերպում այդ ամենը: Բայց ցանկություն չունեմ իրենց հետ նույն դահլիճում նույն միջոցառմանը մասնակցել:
-Իսկ ինչպե՞ս եք նշում բանակի օրը:
-Եռաբլուրում եմ եղել իմ մարտական ընկերների հետ: Մենք մեր ընկերների հետ ենք եղել, այն ընկերների, որոնք բանակի կազմավորման ակունքներում են եղել, լուրջ ներդրումներ են ունեցել: Ինչպես նաեւ ներդրումներ են ունեցել բանակի զարգացման եւ հզորացման գործում: Իսկ օրվա երկրորդ կեսին մենք մեր մարտական ընկերների հետ տոնը կնշենք արդեն սեղանի շուրջ:
-Ըստ Ձեզ, այսօր մեր բանակը մարտունա՞կ է:
-Մեր բանակը, համեմատելով մյուս երկրների բանակի հետ, նկատի ունեմ Ադրբեջան եւ Վրաստան, լուրջ առավելություն ունի: Բայց ցանկալի է, որ այն շատ ավելի հզոր ու մարտունակ լինի: Եթե մեր բանակը հզոր չլինի, ապա մենք հարգանքի արժանի չենք լինի որեւէ մեկի կողմից: Կարծում եմ, որ բացի պաշտպանված լինելուց, նաեւ հարգանքի խնդիրն է մարտունակ բանակ ունենալը:
-Եթե պատերազմ սկսվի, կհաղթե՞նք:
-Ճիշտ այդպես:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
-Պարո՛ն Հարությունյան, հայոց բանակը 21 տարեկան է դարձել, Դուք՝ որպես նախկին նախարար, հրավեր ստացե՞լ եք՝ տոնին մասնակցելու համար:
-Չէ՛, ես Երեւանում չեմ, այդ իսկ պատճառով չեմ կարող ասել՝ հրավեր եղել է, թե ոչ:
-Իսկ որպես պաշտպանության նախկին նախարար՝ հեռվից ի՞նչ գնահատական կտաք ՊՆ-ի գործունեությանը:
-Ես միշտ ասել եմ՝ մեր բանակը մեր պետության ամենակայացած կառույցն է: Այսօր բանակը կատարում է լրջագույն խնդիր, պահում է հազար կիլոմետր շփման գիծ, ապահովում է անվտանգությունը:
ԱԺ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ, ազատամարտիկ ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ
-Պարո՛ն Մալխասյան, Դուք եւս հայկական բանակի զարգացման գործում դերակատարում ունեք: Մասնակցե՞լ եք բանակի օրվան նվիրված միջոցառումներին:
-Ո՛չ, հիմա տղաս ծառայում է բանակում, ինքն է մասնակցել: Պարտադիր չէ, որ ինչ-որ միջոցառման ներկա լինենք: Բանակը եղել եւ մնում է անկախության խորհրդանիշը, մեծ երաշխավորը, ու այսօր հայոց բանակում մեր զավակներն են ծառայում: Կարծում եմ՝ այսօր յուրաքանչյուր զինվոր ամեն ինչ անում է իր երկրի պաշտպանության համար: Ու այսօր մեր զավակներն են եկել մեզ փոխարինելու ու ծառայելու հայոց բանակին:
Համեմատության համար նշենք, որ գոմեշի մսի հայտնի պատմության դերակատար, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ ԱՐՇԱԼՈՒՅՍ ՓԱՅՏՅԱՆԸ հրավիրվել է՝ մասնակցելու բանակի օրվան նվիրված պետական միջոցառումներին:
-Պարո՛ն Փայտյան, մասնակցե՞լ եք բանակի օրվան նվիրված միջոցառմանը: Հրավեր ստացե՞լ էիք:
-Բոլորն են մասնակցել, իհարկե ես մասնակցել եմ: Այսօրվա մեր բանակը շատ ուժեղ ու հզոր ա: Ու մեր բանակը միշտ կունենա հաղթանակներ՝ հանուն իր պետության ու հանուն իր ժողովրդի: Այդպիսի բան չկա, բոլորին էլ ուշադրություն դարձնում են, եւ ոչ մի զինվոր անտեսված չէ: Կարեւորն այն չէ, որ մի տեղ տոնվի բանակի օրը, կարեւորն այն է, որ իսկապես հայի հոգու մեջ լինի այդ տոնը, այդ հզոր ուժն իր մեջ զգա, որ ինքն ունի բանակ եւ ինքը պաշտպանված է, սա ամենակարեւորն է: