ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ) այլեւս չի խոսում իր քավորի մասին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ասաց, թե Ծառուկյանի հետ այլեւս հարց չունի: -Վերջին ժամանակներս Դուք կարծես մի կողմ եք «քաշված»: Այժմ ի՞նչ գործունեություն եք ծավալում: -Ես միշտ էլ զբաղվել եմ իմ գործերով, ու իմ գործերը քաղաքական դաշտից դուրս են գտնվում, գործարար եմ, իմ բիզնեսով եմ զբաղված: -Տեղեկություններ կան, որ Դուք Ձեր բիզնեսները ցանկանում եք երկրից դուրս հանել, ի՞նչ մտադրություն ունեք: -Իմ բիզնեսները միշտ էլ ներսում են եղել, ես բիզնեսներ դրսում չեմ ունեցել, երբեք էլ չեմ ասել, որ հնարավոր է՝ իմ բիզնեսները երկրից դուրս հանեմ: Ես երկրից դուրս գալու չունեմ, ես այստեղ ծավալվելու եւ աշխատելու եմ: -Արդեն ակտիվ քարոզարշավ է սկսվել, Դուք ի՞նչ եք անում, ո՞ւմ համար եք աշխատելու: -Քաղաքական հարցեր մի՛ տվեք, ես միշտ էլ պաշտպանել եմ մեր երկրի նախագահին, ու իմ խնդիրն է պաշտպանել մեր նախագահին: Բայց չեմ ցանկանում քաղաքական հարցերին պատասխանել: -Բայց Աբովյան քաղաքը շատ ակտիվ աշխատում է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում ձայներ ապահովելու համար: Անգամ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանն է ՀՀԿ առաջնորդի համար աշխատում: Դուք միմյանց չե՞ք խանգարում: -Երբ որ տնից դուրս ենք գալիս, արդեն աշխատում ենք, կուսակցության աշխատանքներով ես այժմ չեմ զբաղվում: -Իսկ ինչպիսի՞ն են Ձեր եւ Գ. Ծառուկյանի փոխհարաբերությունները: Ի վերջո, ինչպե՞ս լուծվեցին «գծային» խնդիրները: Անընդհատ դժգոհում էիք, թե Ծառուկյանի «բարեգործական երթուղիները» խանգարում էին Ձեր երթուղիների բնականոն աշխատանքին: -Այդ ամբողջ հարցերը համարե՛ք լուծված: -Բայց մինչեւ այսօր դեռ աշխատում են Աբովյան-Երեւան, Չարենցավան-Երեւան «բարեգործական երթուղիները», ինչպե՞ս են լուծվել: Դո՞ւք եք համակերպվել իրավիճակի հետ: -Տեղյակ չեմ՝ էդ երթուղիներն աշխատում են, թե ոչ: Մի քիչ բարդ հարց եք տալիս: Մի բան կարամ ասեմ՝ ուղղակի այդ հարցը կարող եք համարել լուծված: Հենց այդպես էլ կարող եք գրել: Հ.Գ. Դատելով Արթուր Հարությունյանի խոսքերից՝ «գծային պատերազմում» հաղթող դուրս եկավ Գագիկ Ծառուկյանը, քանի որ նրա երթուղիներն աշխատում են: Պարզապես Պալաչի հոգեվիճակն է փոխվել ու այլեւս չի դժգոհում: