ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի և Լոռու մարզեր: Կառավարության ղեկավարը մարզային այցն սկսել է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքից: Առաջին կանգառը քաղաքի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզն էր: Վարչապետը ծանոթացել է այնտեղ ստեղծված պայմաններին: Երկար տարիներ մանկապարտեզում հիմնանորոգման աշխատանքներ չեն կատարվել, և այժմ այն գտնվում է անմխիթար վիճակում: Մանկապարտեզը հնարավորություն ունի ընդունել 110 երեխայի, սակայն ներկայում նախակրթական հաստատություն է հաճախում 60 երեխա:
Վարչապետը հանձնարարել է պատկան գերատեսչություններին առաջիկայում նախապատրաստել մանկապարտեզի հիմնանորոգման նախագիծը: Ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է ներդնել 170 մլն մլն դրամ, որը կհատկացվի Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներից:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է Սևան-Վարսեր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին: Մի քանի համայնք միմյանց կապող 3,5 կմ երկարությամբ ճանապարհի շինաշխատանքները կավարտվեն մինչև նոյեմբեր: Ծրագրի համար ներդրվում է 475 միլիոն դրամ:
Հովիկ Աբրահամյանը եղել է նաև Սևանի Նորիկ Դագարյանի անվան մարզադպրոցում, որի տանիքն ամբողջովին փլուզվել է քամիների հետևանքով: Վարչապետը ծանոթացել է ստեղծված վիճակին և հանձնարարել ՀՀ պետբյուջեից հատկացնել 7 միլիոն դրամ` տանիքի հիմնանորոգման համար: Մարզադպրոցում գործում են տարբեր սպորտաձևերի 29 խմբեր:
Գեղարքունիք կատարած այցը վարչապետը եզրափակել է Սևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցությամբ, որին մասնակցել են նաև մարզի համայնքների ղեկավարները: Ամփոփելով այցը՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Սևանի թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգման նախագիծը պատրաստ կլինի առաջիկա ամիսներին, և ամենայն հավանականությամբ, շինաշխատանքները կսկսվեն աշնանը: Խոսելով Սևանի քաղաքային ճանապարհների վերաբերյալ՝ կառավարության ղեկավարը մտահոգիչ է համարել Սևան քաղաքի ավտոճանապարհների ներկա վիճակը և նշել, որ այդ ուղղությամբ համայնքը մեծ անելիքներ ունի: Վարչապետը ողջունել է մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությունը, ըստ որի` հրատապ ծրագրերի համար նախատեսված միջոցներից շուրջ 100 միլիոն դրամ է հատկացվելու Սևանի ճանապարհների հիմնանորոգման նպատակով:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը և ենթակառուցվածքային այլ ծրագրերին առնչվող հարցեր:
Լոռու մարզ կատարած այցը Հովիկ Աբրահամյանը սկսել է Մարգավահովիտ համայնքից, որտեղ ծանոթացել է գրեթե 2 կմ երկարությամբ ճանապարհատվածի հիմնանորոգման աշխատանքներին: Զեկուցվել է, որ արդեն իսկ կատարվել է շինաշխատանքների 70 տոկոսը: Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել սեպտեմբերի կեսերին: Ճանապարհատվածի հիմնանորոգման համար ներդրվել է 96 մլն դրամ, որից 40 մլն-ը տրամադրել է «Մարգավահովիտ» բարեգործական հիմնադրամը, 10 մլն-ը՝ համայնքը, իսկ 46 մլն դրամը՝ ՀՀ կառավարությունը: Վարչապետը զրուցել է նաև մարգահովիտցիների հետ, ծանոթացել նրանց հուզող հարցերին և գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին: Համայնքի բնակիչները դիմել են Հովիկ Աբրահամյանին՝ նաև տեղի միջնակարգ դպրոցին հարակից 370 մետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման խնդրանքով:
Նշվել է, որ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է 25 մլն դրամ:
Վարչապետը պատրաստակամություն է հայտնել ՀՀ պետբյուջեից միջոցներ հատկացնել և հանձնարարել աշխատանքները սկսել հնարավորինս արագ:
Այնուհետև կառավարության ղեկավարն ուղևորվել է Վանաձոր, որտեղ ծանոթացել է տեղի թիվ 18 հիմնական դպրոցի վերակառուցման աշխատանքներին: Զեկուցվել է, որ վերակառուցումից հետո դպրոցը կունենա 2 մարզադահլիճ, ճաշարան, հանդիսությունների դահլիճ, լաբորատորիաներ, լոկալ ջեռուցման համակարգ և կհամալրվի անհրաժեշտ ժամանակակից գույքով: Նախատեսվում է շինաշխատանքներն ավարտին հասցնել հաջորդ տարվա ընթացքում: Դպրոցի վերակառուցման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է մեկ միլիարդ 100 մլն դրամ: Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է աշխատանքների ընթացքում խստագույնս պահպանել որակը և ծրագիրն ավարտին հասցնել սահմանված ժամանակում:
Հովիկ Աբրահամյանը եղել է նաև Ստեփանավանի տարածաշրջանում, ծանոթացել երկու տարբեր հատվածներում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին: Դեպի Գարգառ համայնք տանող 3,9 կմ երկարությամբ ճանապարհի շինաշխատանքներն ավարտական փուլում են, ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից ներդրվել է 450 մլն դրամ: Միաժամանակ, զեկուցվել է, որ Ագարակից մինչև Օձուն ձգվող 40 կիլոմետրանոց ճանապարհահատվածի շինաշխատանքները ընթանում են մեծ թափով և սահմանված ժամկետում ավարտին կհասցվեն: Լայնածավալ այս ծրագրի կյանքի կոչման համար հատկացվել է 3 միլիարդ 450 մլն դրամ: Բարձրակարգ ճանապարհը միմյանց կկապի Ստեփանավանի տարածաշրջանի միանգամից 12 համայնք:
Կառավարության ղեկավարն այցելել է նաև Ստեփանավանում տեղակայված ամառային ներառական ճամբար, որտեղ այս տարի 4 հերթափոխով հանգստանում է 200 երեխա՝ հանրապետության բոլոր մարզերից: Հովիկ Աբրահամյանը շրջել է ճամբարում, ծանոթացել հանգստի կազմակերպման և սննդի պայմաններին, զրուցել երեխաների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով: Ճամբարը մեկնարկել է հուլիսի 24-ից և կավարտվի օգոստոսի 20-ին:
ճամբարում իրենց հանգիստն անցկացնողների մեծ մասը հաշմանդամություն ունեցող երեխաներ են, որոնց համար ստեղծվել են հանգստանալու անհրաժեշտ բոլոր պայմանները: Հովիկ Աբահամյանը կարևորել է նման ճամբարների կազմակերպումը և փոխանցել կառավարության աջակցությունը երեխաների հանգիստը լավագույնս կազմակերպելու գործում:
Լ
րագրողների հետ զրույցում վարչապետը նշել է, որ համայնքներում կան բազմաթիվ խնդիրներ, որոնցից կառավարությունն ընտրում է հրատապները և փորձում լուծում տալ:
«ՀՀ Նախագահի հանձնարարությամբ կառավարության կողմից իրականացվում են մարզերում հրատապ խնդիրների՝ ճանապարհների կառուցման, ջրամատակարարման, դպրոցների հիմնանորոգման աշխատանքներ: Մենք պետք է փորձենք բնակչության համար հրատապ մյուս խնդիրներին ևս առաջիկա 2-3 տարիների ընթացքում լուծում տալ:
Բոլորն էլ հասկանում են, որ դա կապված է ֆինանսական մեծ ռեսուրսների հետ, բայց կառավարությունը կամաց-կամաց այդ խնդիրները լուծելու է»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հատկապես ճանապարհաշինության ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվում: «Միայն այս տարի կառավարությունը Համաշխարհային բանկի ծրագրերով մոտ 30 միլիոն դոլարի ճանապարհաշինական աշխատանքներ է իրականացնում: Միմյանց են կապվում համայնքները, զարգանում ենթակառուցվածքները, ինչը նաև նպաստում է գործարարարության, գյուղատնտնտեսության զարգացմանը: Կարծում եմ՝ մենք ճիշտ ճանապարհին ենք: Պետք է համաձակ, ոչ ստանդարտ քայլեր իրականացնենք՝ երկրի տնտեսությունը զարգացնելու համար»,- ասել է գործադիրի ղեկավարը՝ ավելացնելով, որ կառավարության գերակա խնդիրը տնտեսության ակտիվացումը, նոր աշխատատեղերի ստեղծումն ու աստիճանաբար առկա խնդիրների կարգավորումն է: