Մեկնարկեց «Համաբուհական բանակում 2015 »-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բանակային» 7 օրերից առաջինի պատմությունն  արդեն գրված է: Օգոստոսի 14-ին վաղ առավոտյան, Հայաստանի, Արցախի և Ջավախքի տարբեր բուհերում սովորող 100-ից ավելի ուսանողներ մեկնեցին Արցախ՝ մասնակցելու «Համաբուհական բանակում 2015»-ին, որի նպատակն է գիտահանրամատչելի սեմինարների, ինտելեկտուալ  խաղերի, ավանդական պարերի միջոցով  ավելացնել ուսանողների գիտելիքների պաշարը:  Միավորել ՀՀ բուհերում, Ջավախքում և Արցախում սովորող երիտասարդներին՝  տարաբնույթ խաղ-մրցույթների միջոցով ընձեռնել անմիջական շփման հնարավորություն:

Մինչ Արցախի Տող գյուղում գտնվող «բանակային» ճամբար հասնելը, մասնակիցներն այցելեցին Խնձորեսկ՝ գտնելով բանակային կյանքի առաջին բացահայտումները :

Արցախ հասնելուն պես տրվեց «Համաբուհական բանակում 2015»-ի պաշտոնական մեկնարկը: ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը  հանդես եկավ բացման խոսքով՝ ծրագիրը հայտարարելով պաշտոնապես բացված:

«Այս ծրագիրը մեծ նշանակություն ունի բոլորիս համար, որովհետև մասնակիցներից յուրաքանչյուրը դառնալու է Արցախի պատմության կրողը: Նրանք, ներգրավված լինելով Արցախի 5 մելիքություններից յուրաքանչյուրի անունը կրող ջոկատում, հասկանալու են՝ ինչ ժառանգություն ենք ստացել,  որը կրկնապատկում է  հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու ցանկությունը»,- նշեց նա:

Մասնակիցներին ողջույնի խոսք ուղղեց նաև ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ռաֆֆի Քարամյանը, ով ներկայացրեց նաև ուսանողական բանակումի կանոնակարգը, որից հետո ուսանողները բաժանվեցին ջոկատների և սկսեցին հարմարվել «բանակային» կյանքին:

«Համաբուհական բանակում 2015 »-ը կազմակերպվել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի, Ուսանողական խորհրդի, Ուսանողական գիտական ընկերության աջակցությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ:




Լրահոս