ԵՐԵՎԱԼՈՒ ԱՌԻԹ
«Ցեղակրոն» ազգայնական կուսակցության հիմնադիր Շանթ Հարությունյանը երեկ միացել է Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի` հունվարի 21-ից սկսած անժամկետ հացադուլին: Նա ասել է, որ ինքը եռօրյա հացադուլ է հայտարարել` ի նշան համաձայնության արդեն ինը օր հացադուլ անող Ա. Ղուկասյանի պահանջներին: Նշենք, որ հունվարի 25-ին եռօրյա չոր հացադուլ էր հայտարարել նաեւ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:
ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻՆ ԲՌՆԱԲԱՐԵԼ ԵՆ
«Եթե կարծում են, թե ընտրվելու են, թող կարծեն, շրջաննե՛ր եկեք, տեսե՛ք՝ ինչ է կատարվում»,-երեկ լրագրողներին ասել է նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը: Նրա ներկայացմամբ` Հայաստանի շրջաններում ուրիշ վիճակ է, իշխանությունից դժգոհ են, մարդիկ համարձակորեն ասում են, թե ինչ են մտածում՝ ի տարբերություն Երեւանի: Բագրատյանը շեշտել է, որ այդ առումով երեւանցիներին վերջին քսան տարիներին մի քիչ բռնաբարել են:
ՊԱՍՏԱՌՆԵՐԸ ՊՈԿԵԼ ԵՆ
Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը երեկ հավաստիացրել է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի խախտմամբ փակցված իր քարոզչական պաստառները վերացված են. «Մենք հենց նիստի ժամանակ տեղեկացրել էինք, որ արդեն 30 տոկոսը վերացված է: Իսկ մնացածը երեկ արդեն վերացված էր: Այսինքն՝ 3 օրվա ընթացքում արդեն մաքրել ենք: ԿԸՀ-ում շրջիկ խմբեր ունեն եւ ստուգման ընթացքում կարձանագրեն, որ մաքրված է»: Հիշեցնենք, որ Սեդրակյանի պաստառների մասին առաջիններից մեկը գրել էր «Ժողովուրդ»-ը:
ԴԺԳՈՀ ԵՆ
Հայաստանի նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրգործի նախաքննությունը շարունակվում է, այն դեռեւս չի ուղարկվել դատարան: Այս մասին NEWS.am-ին ասել է Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը` նշելով, որ շատ դժգոհ է քննության ընթացքից:
ՍԵՐԺԸ ՐԱՖՖՈՒՑ ԼԱՎ Է
ՀԱԿ եւ ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը երեկ հայտարարել է. «Եթե Րաֆֆին պիտի դառնա նախագահ, ես կսատարեմ Սերժ Սարգսյանին»: Իր այդ դիրքորոշումը նա բացատրել է Ր. Հովհաննիսյանի` մարտի 1-ից հետո Ս. Սարգսյանի մոտ բաժակ բարձրացնելու եւ նրան շնորհավորելու հանգամանքով. «Երբ հարցնում էին՝ ասում էր՝ ես սեւ վերնաշապիկով էի: Ասում է՝ գնացի, Ս. Սարգսյանին շնորհավորեցի, բայց բաժակս չխփեցի: Ուրեմն կադրերը գնացել նայել է, տեսել է՝ որտեղ բաժակը խփելու կադրը չկա, այդպես է ասում: Դա ստոր քայլ էր: Հարցնում են՝ ինչո՞ւ գնացիր, ասում է՝ այո՛, գնացի, գնացի նաեւ Բաքու: Ո՞ւմ թիկունքին ԱՄՆ դեսպանը կանգներ, որ առանց դաշույնի չգնար Բաքու»:
ԻՆՏԵՐՆԵՏՆ ԷԼ
Թեեւ ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում ինտերնետ գրաքննություն, սակայն Հայաստանի ինտերնետ միջավայրը ռուսաստանյան գրաքննության տակ է: Այդ մասին գրել է ռուսական «Իզվեստիա» թերթը, որի տեղեկություններով՝ ինտերնետի եւ միջազգային հեռախոսակապի հարցում Հայաստանը գործնականում ամբողջովին կախված է Ռուսաստանից: Ըստ աղբյուրի՝ Հայաստանի համար կապի միակ միջոցը մալուխն է, որն անցնում է Վրաստանի տարածքով եւ միանում Ռուսաստանին, իսկ այնտեղից թրաֆիկն արդեն շարունակում է ուղին:
Այդպիսով՝ ՀՀ-ի ինտերնետ օգտագործողները հայտնվել են ռուսաստանյան օրենքների եւ կանոնների գործողության դաշտում միայն այն պատճառով, որ մեր ամբողջ ինտերնետ-թրաֆիկն անցնում է ՌԴ-ի տարածքով:
ՄԻԱՍԻՆ ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է
Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը երեկ ասել է, որ Սերժ Սարգսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի հետ համագործակցության եզրեր տեսնում է: Նա նշել է, որ այդ թեկնածուների հետ դեմ առ դեմ հանդիպման ընթացքում հարցնելու է` այդ ի՞նչն է, որի համար պայքարել եք ու իրականություն չեք կարողացել դարձնել, որ հիմա մտածում եք, թե նախագահի պաշտոնը ստանձնելով՝ կարողանալու եք. «Եվ երկրորդ՝ դուք իմ անցած ճանապարհը, իմ կատարած ներդրումները գիտեք, հարմար չե՞ք գտնում, որ դա միասին անենք: Եկե՛ք դա միասին անենք»: