ՕԼԻԳԱՐԽԻԱՆ ՀԱՐՍՏԱՑԱՎ «ՏՐՈԼԵՅԲՈՒՍԻ» ՎԱՐՈՐԴՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս լուր տարածվեց այն մասին, որ Հայաստանի օլիգարխներից մեկը, չբավարարվելով իր բիզնեսներից ստացվող եկամուտով, որոշել է հարստանալ նաեւ չորրորդ իշխանության հաշվին եւ դատի է տվել «Ժողովուրդ» օրաթերթին՝ պահանջելով վճարել 3 մլն դրամ: Հայտնի էր, որ սկզբում օրաթերթն էր կարծես պատրաստվում դատի տալ այս անձնավորությանը՝ իր լրագրողին «պրաստիտուտկա» անվանելու համար, սակայն, ինչպես երեւում է, Խաչատրյանը որոշել է թերթից առաջ անցնել՝ հասկանալով, որ նման կերպ կարող է էլ ավելի հարստանալ:
Օլիգարխն իր պահանջը հիմնավորում է՝ ասելով, թե իր բարի անվանը վնաս է հասցվում. թերթը հրապարակումներից մեկում գրել էր, թե «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ն եւ «Արաքս» թռչնաբուծարանը ժամկետանց ձու են մատակարարել խանութներին, ինչից սեփականատեր Խաչատրյանը խիստ վիրավորվել է եւ դիմել դատարան՝ ապացուցելու, որ իր թե՛ արտադրած, թե՛ ներմուծած ձվերը երբեւէ ժամկետանց չեն եղել եւ որ իր արտադրած ու ներմուծած ձվերը միանգամայն թարմ եւ կայտառ վիճակում են: Խաչատրյանին երեւի թե արժե խորհուրդ տալ դատական հայց ներկայացնել նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դեմ, քանի որ այս հանձնաժողովն էլ էր Խաչատրյանի մատակարարած ձվերը որակել ժամկետանց:
Դատական գործընթացը դեռ նոր է մեկնարկել, այնպես որ Խաչատրյանը դեռ նոր պետք է իր մատակարարած ձվերի թարմության ապացույցները ներկայացնի, դատարանն էլ իր հերթին քննության կառնի ներկայացված ապացույցները, կհամեմատի օրաթերթի ներկայացրած ձվերի եւ Խաչիկ Խաչատրյանի ներկայացրած ձվերի որակական հատկանիշները, որից հետո, եթե իհարկե հաստատվի, որ Խաչիկ Խաչատրյանի մատակարարած ձվերն իսկապես թարմ են ու կայտառ, կկայացվի վճիռ, որը երեւի թե լրագրողական հանրությունը կկնքի «Հանուն «Ձվերի Խաչիկի» ձվերի» եւ որի համար, կարծում ենք, «Ժողովուրդ» օրաթերթն այլեւս չի զլանա եւ կվճարի պահանջվելիք 3 մլն դրամը՝ հատկապես, եթե Խաչատրյանը հավաստիացնի, որ ամբողջ գումարը կուղղի իր արտադրելիք ու ներմուծելիք ձվերի թարմության պահպանմանը: Կարծում ենք, Խաչատրյանն իսկապես տեր կկանգնի իր խոսքին եւ 3 մլն դրամով գոնե իսկապես հոգ կտանի, որ իր մատակարարած ձվերը միշտ թարմ լինեն՝ հաշվի առնելով, որ անցյալ տարի իսկապես մի պահ խայտառակ վիճակ ստեղծվեց ձվի շուկայում եւ մի քանի տնտեսվարողներ խանութները պարզապես ողողել էին ժամկետանց ձվերով:
Հենց այն օրը, երբ դատարանը վճռի բավարարել Խաչատրյանի հայցը, «X գրուպի» սեփականատերը երեւի թե պետք է այն մի այլ ձեւով առանձնացնի իր կենսագրության մեջ՝ հաշվի առնելով, թե ինչպիսի˜ ճանապարհ անցավ եւ ինչպիսի˜ ակնհայտ հաջողություններ գրանցեց իր կյանքում՝ տրոլեյբուսի վարորդից (ըստ շրջանառվող լուրերի՝ Խաչատրյանը նախկինում եղել է տրոլեյբուսի վարորդ) հասնելով մի այնպիսի բարձրության, որ ի զորու դառնա թալանել անգամ լրատվամիջոցի: Իսկ դա, պետք է փաստել, այսօրվա Հայաստանում միայն քչերին է հասու:
Եթե Խաչատրյանը չանցներ իր «Ռուբիկոնը», չթողներ տրոլեյբուս վարելն ու չմեկներ Ռուսաստան, նման բանի մասին չէր կարող անգամ երազել: 90-ականներին Խաչատրյանը դեռեւս տրոլեյբուս էր վարում Հայաստանում (նրա շնորհիվ Հայաստանի օլիգարխիան, փաստորեն, «ՊԱԶ»-ի, «Կամազ»-ի, «Կռազ»-ի վարորդներից զատ, հարստացավ նաեւ «տրոլեյբուսի» վարորդով), սակայն, ըստ երեւույթին, հասկանալով, որ տրոլեյբուս քշելով չի կարողանա դատի տալ լրատվամիջոցի եւ 3 մլն դրամ շահել, որոշում է մեկնել Ռուսաստան՝ խոպանչիության: Խաչատրյանի որոշումը, պետք է ասել, ավելի քան ժամանակին էր, խոպանչիությունը լիուլի արդարացվում է, քանի որ միայն իրեն հայտնի ճանապարհներով կարճ ժամանակում մեծ հարստություն դիզած տրոլեյբուսի նախկին վարորդը վերադառնում է Հայաստան եւ մեկը մյուսի հետեւից սկսում հիմնել իր ընկերությունները՝ «Ջրաշխարհ», «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա», «Արաքս» թռչնաֆաբրիկա, «Վալենսիա» համալիր, «Ակվատեկ», «10-ից 10» հրաձգարան, «Կլայկ», «M&S» խանութների ցանց, Սեւանի ափին գտնվող «Գեղամա» հանգստի գոտի, «Վիլլաշին» շինարարական ընկերություն՝ դառնալով Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը:
Եթե դատարանն ընդունելի համարի «Ձվերի Խաչիկի» մատակարարած ձվերի թարմությունը, եւ թերթը ստիպված լինի վճարել տույժը, ամենայն հավանականությամբ, «Ժողովուրդ»-ի գոյությունը կդրվի վտանգի տակ: Այդպիսով՝ Խաչիկ Խաչատրյանը կդառնա Հայաստանի միակ տրոլեյբուսի վարորդը, ով կարողացավ թերթ փակել, ինչը, կարծում ենք, ինչպես հարկն է, գնահատանքի կարժանանա ժողովրդավարության ջատագով եվրոպական կառույցներում, որտեղ այս փաստը պետք է գրանցվի հօգուտ Հայաստանի՝ իբրեւ ժողովրդավարության ուղղությամբ մեր պետության ձեռք բերած նվաճում, քանի որ միայն նման պետության մեջ տրոլեյբուսի վարորդը կարող է ունենալ այդքան իրավունք եւ թերթ փակել:

                                                                            աղբյուրը. lurer.com




Լրահոս