Հունվարի 26-ին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Տավուշի մարզում էր: Նա հանդիպումներ ունեցավ Դիլիջանի եւ Իջեւանի տարածաշրջաններում: Լրագրողական գործունեությանս 22 տարիների ընթացքում լուսաբանել եմ բարձրաստիճան պաշտոնյաների նախընտրական եւ ոչ նախընտրական բազմաթիվ այցեր, եւ լրագրողական պարտքս պարտավորեցնում է գրել այն, ինչի ականատեսը եղա:
ԴՐՎԱԳ 1-ԻՆ
Սերժ Սարգսյանը նախ այցելեց Գոշ գյուղ (այդ օրը Սուրբ Սարգսի տոնն էր): Գոշավանքում մոմ վառելուց հետո նա վանական համալիրի բակում բացված սեղանի շուրջ բաժակ բարձրացրեց, բարեմաղթանքներ հղեց բոլորին: Գոշն այդ օրը բազմամարդ էր. հավաքվել էին ոչ միայն տեղացիները, այլեւ տասնյակ միկրոավտոբուսներ, ավտոոբուսներ եւ ավտոմեքենաներ Իջեւանից եւ Դիլիջանից մարդկանց բերել էին Ս. Սարգսյանի հետ հանդիպմանը: Տեղի միջն. դպրոցում այդ օրը դասեր չէին կայացել, բարձր դասարանցիներին «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով դրոշակներով բերել էին հանդիպման: Վանական համալիրի բակում միայն մեկ սեղան էր բացված: Ս. Սարգսյանին սեղանակցում էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ եւ մի քանի տեղացիներ: Ավելի քան հազար մարդ հավաքված նայում էր: Ես կանգնած էի սեղանի եզրին, կողքիս երիտասարդ մի կին էր կանգնած 2 երեխաների հետ: Բերեցին խաշլաման: Կողքիս կնոջ փոքրիկ աղջիկը քաշում էր մոր փեշից՝ միս խնդրելով: Մայրն անընդհատ սաստում էր նրան: Երբ երեխան հերթական անգամ մորը խնդրեց, չկարողացա դիմանալ եւ սեղանից երկու կտոր միս տվեցի աղջկան եւ նրա փոքրահասակ եղբորը:
ԴՐՎԱԳ 2-ՐԴ
Նախկինում առիթ ենք ունեցել գրելու Ս. Սարգսյանի անվտանգության ծառայության աշխատակիցների գործելաոճի մասին: Այս անգամ սկզբում կարծես ամեն ինչ կարգին էր: Իջեւանում` Շատրվանների հրապարակում, հանդիպման ավարտից հետ Ս. Սարգսյանը հեռանում էր հրապարակից, ես կանգնած էի ժողովրդի կողքին` շարքի մեջ: Ձեռքս տարել էի գրպանս՝ թաշկինակս հանելու, երբ Ս. Սարգսյանի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը կոպիտ ձեւով հրահանգեց. «Ձեռքդ գրպանիցդ հանի՛ր»: Անկեղծ ասած, տհաճ էր, որ լրագրողիս հետ վարվեցին, ինչպես պոտենցիալ ահաբեկչի: Որքան էլ հասկանում ենք ՀՀԿ նախագահի անվտանգությունն ապահովելու ջանքերը, մեկ է՝ իմ ձեռքն է, իմ գրպանն է: Սահմանադրությամբ եւ այլ օրենքներով իրավունք ունեմ ձեռքս գրպանս մտցնելու:
ԴՐՎԱԳ 3-ՐԴ
Այդ օրը ՀՀԿ նախագահի մասնակցությամբ Դիլիջանում բացվեց առողջապահության նախկին նախարար, ԲՀԿ անդամ Հարություն Քուշկյանին պատկանող «Տավուշ» բկ-ն: Ս. Սարգսյանի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը, աչալուրջ հայացքով նայելով ինձ, ինչ-որ օտարոտի բան զգաց եւ ազգանունս ճշտելով՝ ասաց, որ այդ միջոցառմանը միայն նախագահականում հավատարմագրված անձինք են մասնակցում, ուստի ես չեմ կարող ներկա լինել: Ինչ արած, կարգը կարգ է: Հետո տեղեկացա, որ այդ օրը` երեկոյան, «Դիլիջան ռեզորտ» համալիրում նախագահի թեկնածուի հետ ճաշկերույթին մասնակցել է Քանաքեռցի Տույը: Ի՞նչ կապ ունի Ս. Սարգսյանի այցի հետ որոշակի շրջանակներում հեղինակություն համարվող, ծագումով Բերդի տարածաշրջանի Վերին Ծաղկավան գյուղից Տույը՝ նույն ինքը` Արթուր Ղազարյանը: Գուցե նախագահի աշխատակազմից դա բացատրե՞ն:
Տավուշ