ՓԼՈՒԶՈՒՄ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ առավոտյան, Գյումրու կենտրոնական` Տիգրան Մեծի փողոցի թիվ 5 շենքում փլուզում է տեղի ունեցել: Փլուզվել է երրորդ հարկի 12 տան բնակիչ Սեդա Աղեկյանին պատկանող տան մի հատվածի տանիքը: Ժամը 11:00-ի սահմաններում տիկին Սեդան դղրդյուն ու աղմուկ է լսել, անմիջապես մտածել է, թե երկրաշարժ է: Շտապել է պատշգամբ՝ նայելու, թե ինչ է կատարվում դրսում: Րոպեներ անց խուճապահար ու վախեցած դեմքերով հարեւանների մուտքից իր բնակարան հասկացել է, որ իր բնակարանում է ինչ-որ բան կատարվում: Տիկին Սեդան պատմում է, որ 1988թ. երկրաշարժից անմիջապես հետո իրենց համար պարզ է դարձել տան այդ հատվածի տանիքի փլուզման վտանգը, ինչի պատճառով ստիպված տեղավորվել են մեկ սենյակում: Նրանց կարծիքով՝ բնակարանի այդ հատվածը եղել է առավել անվտանգ, մինչդեռ բնակարան ոտք դնելու առաջին իսկ պահից, առաջին իսկ հայացքից պարզ երեւում էր, որ այդտեղ ցանկացած հատվածում բնակվելը վտանգավոր է. գրեթե ամենուր դրսից ներս թափանցող լույս, թափված ծեփոններով խարխլված պատեր, հատակ ու առաստաղ: «Էս հսկայական քարերն էսօր են հերթով ընկել: Շենքը հին է, տան առաստաղը՝ փայտից, տանիքը՝ շարքից դուրս եկած: Էս եղանակներին ու թաց ձյան ծանրությանը տանիքը չդիմացավ»,-պատմում է տիկին Սեդան:
Կոմունալ բոլոր հարմարություններից զուրկ այս բնակարանում մի քանի տարի է՝ տիկին Սեդան ապրում է միայնակ: Քանի որ շենքը փլուզման վտանգի տակ էր, իսկ մեկ սենյակում բնակվելը մեծ ընտանիքի համար անհնար էր, ընտանիքի 5 անդամները ստիպված դուրս են եկել ու հիմա բնակվում են վարձով, իսկ 75-ամյա տատիկը ոչ մի կերպ չի ցանկացել լքել իր տունը: Բայց շենքի այս մուտքում նման պայմաններում նա միակ բնակիչը չէ: Ներքեւի հարկում բնակվողներին եւս ստեղծված իրավիճակը անհանգստացրել է: Նրանք մտածում են. չլինի հանկարծ տիկին Սեդայի բնակարան թափված ձյունը հալվի ու լցվի իրենց բնակարաններ՝ խարխլելով առանց այն էլ խարխլված պատերն ու առաստաղը: «Ձյանն ու անձրեւային եղանակներին տունս միշտ կաթում է, թասերը տնիցս անպակաս են: Արդեն 24 տարի մենք չենք ապրում, գոյատեւում ենք: Բազմաթիվ անգամներ ենք դիմել, հորդորել, բողոքել իշխանություններին, բայց միեւնույն է, բան չի փոխվել»,-զայրացած ասում է շենքի բնակիչ Գայանե Մկրտչյանը:   
Բնակիչների վստահեցմամբ՝ վթարային այս շենքում ամրացման աշխատանքներ իրականացվել են 2003-2004թթ., այն էլ միայն շենքի մի մուտքում, իսկ մյուս մուտքերի ամրացման մասին տեղի իշխանությունների ու 2004թ. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավաստիացումները մինչ օրս մնացել են անկատար: Իշխանությունների այս անտարբերությունը զայրացնում ու վիրավորում է բնակիչներին, որոնք առիթը բաց չթողեցին իրենց վրդովմունքն արտահայտելու:  «Էսօր բանակի տոն կտոնեն: Տասը երեխա եմ բանակ ճամփել, երկու տղաներս 1993-1994թթ. են ծառայել բանակում, հիմա էլ թոռներիս հերթն է հասել, բայց ընչի՞ բդի ճամփեմ: Էս պայմաններում էրեխեքիս մեծացնեմ, բանակ ճամփեմ, որ մեզի բանի տեղ դնող էլ չլինի՞»,-դժգոհեց երկրորդ հարկի բնակիչ տիկին Ժաննան:
Նշենք, որ միայն Գյումրիում 1988թ. երկրաշարժի հետեւանքով վթարային դարձած ու մինչ օրս չամրացված 88 շենք կա:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս