Հ.Յ.Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը:
Այս մասին նշվում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ տարածած հաղորդագրության մեջ:
“Այն ուղղված է մեր պետականության եւ ինքնիշխանության դեմ, փորձ է սերմանելու վախի եւ անապահովության մթնոլորտ:
Իրավապահ եւ ազգային անվտանգության մարմինների պարտքն է բացահայտել հանցագործության կատարողներին ու պատվիրատուներին: Պետք է դուրս գալ այն փակ շրջանից, երբ մեր երկրի համար պատասխանատու ժամանակներում նման դեպքեր են արձանագրվում եւ մնում չբացահայտված:
Պարույր Հայրիկյանը մեծ կենսափորձով եւ դժվարությունների միջով անցած ազգային-պետական գործիչ է, վստահ ենք՝ նա կհաղթահարի նաեւ այս փորձությունը: Նրան շուտափույթ ապաքինում ենք մաղթումե,-ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել իր իսկ տան դիմաց (ֆոտոռեպորտաժ): Դեպքի վայր էր մեկնել նաեւ ոստիկանապատ Վլադիմիր Գասպարյանը: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն:
Հիվանդանոցում ԱԻՄ առաջնորդին այցելել են բարձրաստիճան պաշտոնյաներ` վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ այլք, ինչպես նաեւ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Արման Մելիքյանը, Վարդան Սեդրակյանը, ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանը, “Ազատ դեմոկրատների” ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը եւ այլք:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ: