Հայրիկյանի վիրահատությունը բարեհաջող է անցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Սուրբ Գրիգոր Լուսավորիչե բժշկական կենտրոն մահափորձի ենթարկված ՀՀ նախագահի թեկնածու նախագահ Պարույր Հայրիկյանին ի թիվս այլ այցելուների տեսակցել են նաև “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Նաիրա Զոհրաբյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ քիչ առաջ Պարույր Հայրիկյանին հաջողությամբ վիրահատել են ու տեղափոխել պալատ: 
 
“Մենք բժշկից ճշտեցինք, որ վիրահատությունն անցել է հաջող, գնդակն ուսից հեռացվել է, հեմատոմաները մաքրել են։ Թեև պարոն Հայրիկյանը դեռ նարկոզից դուրս չի եկել, բայց ինքնազգացողությունը բժիշկները գնահատում են նորմալ և կարծում ենք, որ շատ կարճ ժամանակահատվածում կգնա դեպի ապաքինման”,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին՝ կեսգիշերից առաջ, Երևանի Տպագրիչների փողոցում, անհայտ անձինք կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա, որից հետո վերջինս հրազենային վնասվածքով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում, նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն։
Անդրադառնալով մահափորձի վարկածներին՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք դեռևս երեկվանից քննարկում են և որևէ տեսանելի վարկած չեն գտնում:
“Մենք ուղղակիորեն պետք է մաղթենք պարույր Հայրիկյանին արագ ապաքինում, արագ վերադարձ ընտրապայքար: Ես ինքս իմ գործընկերների հետ էլ խոսում էինք, որ որևէ իրական, տեսանելի վարկած կատարվածին ուղղակիորեն հնարավոր չէ գտնել: Իրավապահ մարմինները խոստացել են շատ օպերատիվ պարզաբանումներ տալ, պարզել իրականությունը։ Հույս ունենանք, որ շատ կարճ ժամանակահատվածում,մենք կստանանք իրապես բոլորիս հուզող հարցերի պատասխանը”,- ասաց նա:
Այդ պահին հիվանդանոցում գտնվողներից մեկը գոռաց. “Իսկ ինչ կասեք նրան, որ ԿԳԲ-ն հետապնդում էր իրանե: Ի պատասխան Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ցանկացած վարկած կարելի է քննարկել: “Սակայն անպատասխանատու հայտարարություն կլինի, եթե փորձենք ասել, թե որևէ վարկած ավելի քննարկելի է։ Ցանկացած վարկած կյանքի իրավունք ունի, և դա իրավապահ մարմինների խնդիրն է”,- ասաց նա:
 
ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրագրողների հետ զրույցում դատապարտեց տեղի ունեցածը և այն անվանեց զարհուրելի:
 
“Երկրորդ կարծիք չի կարող լինել: Հայաստանի մասին թեկուզ մի քիչ մտածող մարդը, նման բան չէր կարող անել: Սա, իսկապես, վարկաբեկում է Հայաստանի հեղինակությանը”,- ասաց նա և Պարույր Հայրիկյանին մաղթեց շուտափույթ ապաքինում, վերադարձ քարոզարշավին և հաջողություն:
tert .am




Լրահոս