«Եթե Պերմյակովի ցուցմունքի և փորձաքննության եզրակացության մեջ տարբերություն լինի, ուրեմն՝ նա խոսել է մի բանի մասին, ինչից տեղյակ չէ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սահմանն ապօրինի հատելու փորձի հետ կապված քրեական գործ հարուցելու միջնորդություններ բազմիցս են ներկայացվել:

Միջնորդությունը, սակայն, հետաձգվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց սպանված Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը՝ ենթադրելով, որ հետաձգման պատճառներից մեկը հնարավոր է լինի այն, որ այս պահի դրությամբ սահմանն ապօրինի լքելու դիտավորությունը դեռևս հաստատված համարվել չի կարող. «Պերմյակովի ցուցմունքներից ակնհայտ երևում է, որ սահմանն ապօրինի հատելու դիտավորություն եղել է: Այսինքն՝ այս հոդվածով ևս մեր իրավապահ մարմինները պետք է ողջամիտ քայլեր ձեռնարկեն մեղադրյալ ներգրավվելու և գույքի հափշտակման առումով»:

Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանն էլ նկատեց, որ գործի նյութերի այն հատվածները, որոնց ծանոթացել են, դեռևս բավարար չէ ենթադրելու, որ Պերմյակովը, ինչպես Ավետիսյանների հարազատներն են պնդում, միայնակ է գործել:

Ե. Վարոսյանի խոսքով, հստակ եզրահանգման գալու համար պետք է Պերմյակովի ցուցմունքին ամբողջությամբ ծանոթանալ, որում կերևա՝ ինչպես է նկարագրում իր գործողություններն՝ արված Ավետիսյանների տան մեջ. «Քանի որ տան մեջ տեղի ունեցածի մասին մենք բավականին տեղեկություններ ունենք (խոսքը փորձագետի եզրակացությունների մասին է), մեզ շատ անհրաժեշտ է նրա ցուցմունքի մանրամասները, որպեսզի կարողանանք հասկանալ՝ տարբերություններ կան, թե ոչ: Կա նրա մոտավոր գնահատականը, թե որքան ժամանակ է տևել այդ ամբողջ գործողությունը: Փորձաքննությունը րոպեի ճշտությամբ դա ասել չի կարող: Շատ կարևոր է իմանալ՝ այդ մարդն ինչպես է դա ներկայացնում, և արդյոք դա համընկնո՞ւմ է փորձաքննության եզրակացության հետ: Եթե լինեն տարբերություններ, արդեն կարող ենք խոսել այն մասին, որ այս մարդն ընդհանրապես ցուցմունք է տալիս մի բան մասին, ինչից անգամ տեղեկություն չունի»:




Լրահոս