Ինչպե՞ս է Պերմյակովը համարվել լավագույն կադր, եթե 8 անգամ ապօրինի լքել է զորամասի տարածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում տեղակայված Ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը դասալքության գործով դատական նիստին իրեն տարօրինակ էր պահում: Այս կարծիքին են Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը, Պերմյակովի՝ իրեն չեզոք պահելը, թույլ է տալիս կարծել, որ նա լիովին չի գիտակցում՝ ինքը ով է, ինչ է կատարվում դահլիճում: Տուժողի իրավահաջորդի մյուս ներկայացուցիչ Լուսինե Սահակյանն էլ նկատեց, որ ռուս փորձագետներն ասում են, որ Պերմյակովն իր պահվածքով ագրեսիվ չէ, հոգեկան որևէ խնդիր չունի. «Բայց պատկերացրեք՝ մի ամբողջ օր անձը նստած է դատարանի դահլիճում, դատավարությանը տարբեր գործողություններ են կատարվում, նրա կողմից, սակայն, որևէ արձագանք չկա: Երբ նա սկզբում դահլիճին մեջքով նստած էր, դա հասկանալի էր. նա շատ լավ հասկանում էր՝ մարդիկ ինչ են մտածում իր մասին, ցանկանում էր իրեն զերծ պահել մարդկանց հայացքներից: Բայց այդքան ժամանակ նստել այդտեղ, մեկ անգամ չշրջվել, չնայել դահլիճին, սա իսկապես շատ տարօրինակ է:

Սրանից բացի, դատավարության ժամանակ քնել, արթնանալ… Լիովին առողջ մարդը նման սպանություն կատարելու համար պետք է ունենա շատ լուրջ դրդապատճառ: Այս դեպքում հայկական կողմը պետք է գտնի՝ որն է եղել այդ դրդապատճառը:

Անտրամաբանակ է՝ ինչպես է նա սպանել 7 հոգու միայն այն պատճառով, որ ցանկացել է 5 հազար դրամ գումար վերցնել»,- մեկնաբանեց Լուսինե Սահակյանը՝ հավելելով, որ եթե պարզվի, որ Պերմյակովն առողջական խնդիրներ ունի, ուրեմն պետք է լուրջ պատասխանատվության ենթարկվեն բոլոր նրանք, որոնց մեղավորությամբ այդ հիվանդ անձը զենքով դուրս է եկել քաղաք:

Բանախոսների համար զարմանալի է նաև այն հանգամանքը, որ Պերմյակովի մասին բնութագրի մեջ ներկայացվում է, որ նա ծառայության է անցել 102-րդ ռազմաբազայում՝ բազմաթիվ նորակոչիկների միջից ընտրվելով որպես լավագույն զինծառայող:

Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների գնահատմամբ, ստացվում է, որ Պերմյակովը, ով նախքան Գյումրի տեղափոխվելը 8 անգամ ապօրինի լքել է զորամասի տարածքը, համարվում է լավագույն կադր: Հղում անելով մամուլի այն հրապարակումներին, որ ռազմաբազայում զինծառայողներին լավ չեն վերաբերվում, սնունդը պատշաճ կերպով չի տրվում և այլն՝ փաստաբանները նկատեցին, որ, թերևս, այդ պայմաններն են դրդում զինծառայողներին փախչել զորամասից: Այն, որ Պերմյակովն իր ցուցմունքում ասել էր, որ կարոտել էր հարազատներին, ինչի պատճառով էլ որոշել էր դուրս գալ ռազմաբազային, նրանք արժանահավատ չեն համարում:




Լրահոս