Ի՞նչ է փորձում թաքցնել ռուսական ռազմաբազան, և ինչո՞ւ է Հայաստանը ռուս զինծառայողների համար աքսորավայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վալերի Պերմյակովի դասալքության գործով դատական քննչավարությունը ոչ թե օրենքով սահմանված արագացված կերպով է տեղի ունեցել, այլ նախապես որոշված է եղել, որ պետք է մեկ օրում անցկացնել, վերջացնել: Այս համոզմանն է Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Միհրան Պողոսյանը:

Վերջինիս փոխանցմամբ, անկախ դատարանի մամուլի քարտուղարը, նախքան նիստի մեկնարկը, լրագրողներին հայտնում է, որ այսքան ժամ տեղի կունենա դատաքննություն, ապա՝ ընդմիջում, դրանից հետո թույլ կտան, որպեսզի դատավճռի նկարահանում իրականացնել. «Այսինքն՝ նիստի սկզբից էլ բոլորը գիտեին, որ ամեն ինչ հապճեպ է տեղի ունենալու: Նույնիսկ ժամերն էին համընկնում: Ստացվում է, որ այդ գործողությունը բոլոր մասնակիցների միջև համաձայնեցված էր, ինչի արդյունքում կայացվեց մեղադրական դատավճիռ: Չկա արագացված, արդար դատաքննություն հասկացություն: Պահեր էին լինում, որ երբ մեղադրողը փորձում էր հիմնավորել մեղադրանքը որոշակի ապացույցների հիման վրա, դատարանն ինքն էր կանխում դրանց քննության փորձերը, ասում էր՝ ո՛չ, այս ապացույցը կարևոր չէ տվյալ գործի համար: Միտումը, իմ կարծիքով, միայն մեկն էր՝ ցույց տալ, որ սույն անձը ռուսական օրենսդրությունն է խախտել, ուստի ենթարկվում է խիստ պատասխանատվության, տեղի է ունենում դատաքննություն: Այլ տվյալ մենք ձեր չենք հաղորդում: Ինչը պետք է ներկայացվել է՝ 9 հատորով ծաղկաքաղից»:

Միհրան Պողոսյանի խոսքով, քրեական գործը 72 հատորից է բաղկացած, սակայն հրապարակվածներից 40-ից այն կողմ որևէ այլ փաստաթուղթ չհրապարակվեց:

Փաստաբանի գնահատմամբ, հնարավոր է՝ այնտեղ առկա լինեն ռազմաբազայի մասին ինչ-ինչ տվյալներ՝ տեղի բարքերի, իրավիճակի հետ կապված, որոնց մասին հանրությունը չպետք է տեղականա. «Սրա մասին խոսում նաև այն հանգամանքը, որ դատարանը որոշումը հրապարակելու հետ միասին կայացրեց նաև լրացուցիչ որոշում, որը չհրապարակեց: Լրացուցիչ որոշումը, ամենայն հավանականության, կապված է հե՛նց ռազմաբազայում տիրող վիճակի հետ: Ըստ էության տեղի ունեցավ ոչ թե արագացված, այլ՝ արագացում»:

Ինչ վերաբերում է Պերմյակովի՝ դեղերի ազդեցության տակ լինել-չլինելուն, փաստաբանը նկատեց, որ դատարանի խոսքին ամբաստանվորը ոչ ադեկվատ վիճակով էր արձագանքում՝ այո կամ ոչ ասում էր: Անգամ մի պահ, երբ դատարանը հարց տվեց, Պերմյակովն ասաց, որ հարցը չի լսել:

Նման քննության անցկացումը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը կապում է այն բանի հետ, որպեսզի ռազմաբազայի մասին տեղեկությունների հնարավորինս նվազ արտահոսք լինի:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանի խոսքով, ռուսական կողմը կարևոր հարց է լուծել՝ քաջ գիտակցելով, որ մարդկանց հուզելու է այն հարցը, թե ինչու է Պերմյակովը, ով կարող է սպանել 7 հոգու, հայտնվել Հայաստանում. «Քրեական գործի շատ քիչ նյութեր հրապարակվեցին, բայց նույնիսկ այդ հրապարակման պարագայում էլ ակնհայտ երևում է, որ Հայաստանն իրենց համար աքսորավայր է համարվում այն զինվորների համար, որոնք դասալիք են, որոշակի խնդիրներ ունեն:

Նույնիսկ մեղադրող և պաշտպանական կողմերի հարցերով փորձ էր արվում տպավորություն ստեղծել, որ իրենք ընտրում են լավագույն զինվորներին Հայաստան բերելու համար: Այդ դատաքննության համար կանգ էին առաել այդ հարցի վրա, ու հատկապես ծիծաղելու էր այն, թե ինչպես են սպաները գովում Պերմյակովին: Սա էլ այն պարագայում, երբ անձնական գործում երևում էր, որ նա 8 անգամ դասալքություն է կատարել Ռուսաստանում»:

Լուսինե Սահակյանի խոսքով, տպավորություն է ստեղծվում, որ ռուսական կողմն այնպիսի պայմաններ է ստեղծել ռազմաբազայում, որ զինվորներն արդեն իսկ պատճառ ունենան հանցանք գործելու. «Պետք է Պերմյակովի՝ զորամասը լքելու պատճառն իմանալ: Դատարանը սա ևս չհրապարակեց, սակայն հանրությունը պետք է տեղյակ լինի: Մեղադրող կողմն ասում էր, թե ռուս-հայկական հարաբերություններում սեպ է խրվել, և կարևոր է, որպեսզի Պերմյակովը խիստ պատժի ենթարկվի: Բայց մեզ համար կարևորը դա չէ: Կարևոր է այն, որ ծնող պատճառները վերանան, որպեսզի նման հանցագործությունները չշարունակվեն: Ծածկադմփոց անելով չէ, որ խնդիրը լուծվում է: Այսօր մենք հասկացանք, որ ռուսական կողմը խնդիրը չի լուծում՝ պատասխանատվության չենթարկելով իր սպաներին»:

Փաստաբանը առաջնային է համարում այն, որ հայկական կողմը շատ արագ պարզի, թե որ ժամին է հայտնի դարձել Պերմյակովի գտնվելու վայրը, ո՞ր կողմն է մեղավոր, որ դրսում հայտնված զինված զինվորի հանցագործությունը կանխել չի հաջողվել, ինչո՞ւ է անձը ժամեր անց հայտնաբերվել և ո՞ւմ մեղքով:

«Այս բոլոր հարցերը պատասխան են ենթարդրում, և մենք հետևողական ենք լինելու, որպեսզի պարզենք ու այս հանցագործությունները չշարունակվեն»:




Լրահոս