ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԸ ՀԵՐԹԱՓՈԽՈՎ ԿՀԱՆԳՍՏԱՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով նախորդ տարի այդպես էլ արձակուրդ չունեցավ, եկող չորեքշաբթի տասնօրյա արձակուրդի է մեկնելու: Ըստ լուրերի՝ կառավարության հաջորդ նիստը տեղի կունենա երեքշաբթի` օգոստոսի 18-ին, որից հետո եւ վարչապետը կմեկնի հանգստի: Ուշագրավն այն է, որ Հովիկ Աբրահամյանը հանգստանալու կմեկնի Սերժ Սարգսյանի արձակուրդից վերադառնալուց հետո, որպեսզի երկիրն «անտեր չմնա»:
Ինչպես հայտնի է, ի սկզբանե հայտարարվել էր, որ Սերժ Սարգսյանի արձակուրդը լինելու է կարճատեւ, բայց այն շարունակվում է մոտ երեք շաբաթ: Այսինքն, Սերժ Սարգսյանի արձակուրդը ոչ մի չափանիշով չի կարող համարվել կարճատեւ: Ու չի բացառվում, որ նա ի սկզբանե չէր պլանավորել այդքան երկար «հանգստանալ», բայց ստացվեց:

 

 

 

 
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը միանգամից 9 խորհրդական ունի, որոնց մեծ մասը նախկին նախարարներ կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնք թոշակի անցնելու փոխարեն են խորհրդականներ ձեւակերպվել: Թե ինչով են զբաղված նրանք՝ պարզ չէ, քանի որ տված խորհուրդների մասին հանրությանը գրեթե ոչինչ հայտնի չէ: Բայց խորհրդականներից մեկի` Գագիկ Գուրգենի Գեւորգյանի անձն առանձնահատուկ ուշադրության է արժանի, քանի որ նրա մասին մինչ օրս ոչինչ հայտնի չէ՝ այդ թվում նաեւ՝ լուսանկարն ու կենսագրական տվյալները: Բայց պարզվում է, որ այս խորհրդականի աշխատավարձը ՀՀ պետբյուջեից վճարում են ռուսական ռուբլով՝ ամսական 110 հազար ռուբլի` մոտ 800 հազար դրամ: Այս փաստը հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ Գագիկ Գուրգենի Գեւորգյանը Ռուսաստանում է բնակվում: Իսկ եթե նա ՌԴ-ում է բնակվում, ապա ի՞նչ գործ ունի ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնում: Այդ ի՞նչ խորհուրդներ է նա տալիս այդքան կիլոմետր հեռավորության վրա, որ պետբյուջեից այդքան մեծ գումար է ստանում:

 

 

 
Գյումրիի բնակիչ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամներին սպանելու մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրի շուրջ Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունները կարծես թե համաձայնության են հանգել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երկու երկրների իրավապահները որոշել են, որ Պերմյակովը կմնա Հայաստանում եւ պատիժն այստեղ կկրի: Բայց նա կպահվի ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվող կալանավայրում. այսինքն՝ Հայաստանի ներսում, բայց՝ ՌԴ տարածքում: Ի դեպ, երեկ ՌԴ ռազմաբազայի կայազորային դատարանում սկսվեց եւ ավարտվեց Վալերի Պերմյակովի դասալքության դրվագով դատավարությունը: Պերմյակովն այդ դրվագով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Իսկ սպանության դրվագով դատավարությունը տեղի կունենա ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Ենթադրվում է, որ այն եւս կարճ կտեւի: «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ եւ ՌԴ իշխանությունները ցանկանում են դատավարությունը, որքան հնարավոր է, շուտ ավարտել. գոնե մինչեւ Սուրբ Խաչի տոնը` սեպտեմբերի 13-ը:

 

 

 
Ինչպես հայտնի է, արդեն մեկ ամսից ավել է՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քննում է Բաղրամյան պողոտայի նստացույցը հունիսի 23-ին ցրելիս ոստիկանների կողմից թույլ տրված պաշտոնազանցությունների փաստով հարուցված քրեական գործը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մինչ օրս այս գործով տուժող է ճանաչվել 16 անձ, որոնցից 12-ը տարբեր լրատվամիջոցների լրագրողներն են, որոնց նկատմամբ նշված օրը ոստիկանները բռնություն են կիրառել: Սակայն ողջ խնդիրն այն է, որ այդ օրը նստացույցը ցրելիս ոստիկաններն ընդհանուր հաշվով բերման էին ենթարկել 237 անձի, այդ թվում նաեւ՝ լրագրողների: Հիմա ստացվում է, որ անհատ քաղաքացիներից տուժող են ճանաչվել միայն 4-ը: Այս երեւույթի պատճառները, կարծում ենք, դժվար չէ կռահել: Մարդիկ համոզված են, որ եթե մինչեւ վերջ պնդեն, որպեսզի իրենց նկատմամբ առանց հիմքի բռնություն կիրառած ոստիկանը պատժվի, ապա իրենք կարող են լրացուցիչ պատմությունների մեջ ընկնել, դրա համար էլ նախընտրել են կատարվածը մատնել մոռացության: Կամ էլ՝ ՀՔԾ քննիչներն են համոզել նրանց:

 

 

 
«ՕՔԵՅ»-Ը «ՕՔԵՅ»-ԻԴ ՎՆԱ՞Ս Է

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, անդրադառնալով Սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելու համար ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ներկայացրած 10 պատճառներին` երեկ հայտարարել է, թե տարօրինակ է, որ Օսկանյանն այսքան ուշացումով է արձագանքում այս հարցին` ենթադրելով, թե` «Երեւի պապաներից օքեյ չէր ստացել, այլ կերպ չեմ կարող բացատրել: Ինչպե՞ս կարող է մարդը լինել հայ քաղաքական գործիչ ու նման երեւույթին անմիջապես չարձագանքել: Սա այն դեպքը չէ, որ պիտի մտածես՝ ինչ ասեմ: Եթե դու քաղաքական գործիչ ես, վաղուց քո հայեցակարգը պիտի ունենայիր: Օրինակ՝ ես այսօր չեմ խոսում երեկ հնարված ինչ-որ բանի մասին, այլ չորս լեզուներով տպագրել ու տարածել եմ իմ նախագիծը, որը տասը տարի առաջ է դրվել շրջանառության մեջ»:
Իհարկե, ի տարբերություն Հայրիկյանի, Օսկանյանը «համեստորեն» բավարարվել էր ընդամենը տասը նկատառումների ներկայացմամբ, այն էլ, ըստ ամենայնի, առավելագույնը երկու` հայերեն եւ անգլերեն լեզուներով: Եւ, ի դեպ, նա սահմանադրական փոփոխությունների շուրջ իր բացասական դիրքորոշումը հայտնել էր նախագծի 1-7 գլուխների հրապարակման հաջորդ իսկ օրը: Սակայն դա, իհարկե, ամենեւին չի նշանակում, որ Հայրիկյանը սխալվում է «օքեյ»-ի հարցում: Ինչպես հայտնի է, Օսկանյանն իր ողջ գործունեության ընթացքում առանց այդ «օքեյ»-ի որեւէ քայլ չի կատարել, սակայն բավականին համարժեք ինքնագնահատական ունենալով` ըստ էության, չի էլ փորձել դա հերքել:
Այլ բան է «սիմվոլը», որը հատկապես վերջին երկուսուկես տարիներին հանդես է եկել «օքեյ»-ների այնպիսի անմոռանալի կատարումներով, որ դրանց հետեւանքները դեռ երկար տարիներ չեն մոռացվի: Համենայն դեպս, 2013-ի նախագահական ընտրություններից առաջ ստացած հրազենային վնասման հետեւանքով Հայրիկյանը կարող էր փոխել պատմության անիվը` եթե, ի վերջո, դիմեր ՍԴ, որի արդյունքում պետք է նոր ընտրություններ անցկացվեին: Նման բան, նա, սակայն, չարեց: Հետաքրքիր է՝ այդ օրերին, երբ նա մեկ հայտարարում էր, թե անկասկած դիմելու է ՍԴ, ապա հերքում, հաջորդ օրը` դիմում, իսկ արդեն մեկ օր անց` դիմումը հետ վերցնում, ահա այդ ողջ ընթացքում ովքեր էին այցելում նրա հիվանդասենյակ եւ ինչ պայմաններով էին փոխանցում «օքեյ»-ները:
Եվ կամ` տակավին վերջերս, երբ նա որոշեց Եվրամիության դրոշներով գնալ Բաղրամյան պողոտա` հստակ իմանալով, որ դա շահարկվելու է եւ թույլ չի տրվելու ԵՄ դրոշի բարձրացումն այդ զուտ սոցիալական ցույցին, ում «օքեյ»-ն էր ստացել այդ ժամանակ: Ի վերջո, մարդիկ միամիտ չեն եւ շատ լավ հասկանում են, թե ում բեմադրած ներկայացման դերակատարն էր Հայրիկյանն այդ օրը, եւ ողջ աշխարհին ցույց տալով Երեւանի սրտում ոտնակոխ արված ԵՄ դրոշը՝ ում հաճոյանալու համար էր արված այդ ամբողջը: Այնպես որ` այլոց կամակատարի պիտակներ կպցնելուց առաջ, վատ չի լինի՝ նախ մաքրել սեփական ճակատը հին ու նոր «օքեյներից» մնացած խորը հետքերից:




Լրահոս