«ԱԴՐԲԵՋԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՂ ԵՐԿԻՐ, ՇԱՏ ԹՈՒՅԼ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որով տեղեկացվում էր ադրբեջանական հերթական դիվերսիայի կանխման մասին:

Պաշտպանության նախարարությունը վերստին ագրեսոր Ադրբեջանին հորդորում է պահպանել հրադադարի ռեժիմը: «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Եվրոպական խաղերից անմիջապես հետո մշտապես ապակայունացնում է իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ ԼՂՀ ՊԲ պատասխանատվության գոտում: Հրադադարի ամենօրյա խախտումները իրականացվում են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, ինչպես նաեւ՝ 60 եւ 82 մմ-ոց ականանետերից: ՀՀ պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր ներկայացնում է խախտումների վիճակագրությունը: Օգոստոսի 11-12-ի գիշերը միայն 82 մմ-ոց ականանետերից ադրբեջանական ԶՈւ-երը արձակել են 109 ական: Նույն ժամանակահատվածում ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից ձեռնարկվել է սահմանագոտի ներթափանցելու երկու ձախողված փորձ:
Հայկական կողմը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը բազմիցս զգուշացրել է, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ձգտումներն ու հայտարարություններն ինքնախաբեություն են, իսկ այդ տրամաբանությամբ ձեռնարկվող սադրանքները Ադրբեջանի բանակի համար հղի են անկանխատեսելի հետեւանքներով: ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին կարեւորում է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու եւ այդ նպատակով ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման, փոխվստահության միջավայրի ձեւավորման, ինչպես նաեւ՝ հրադադարի խախտումների միջազգային հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ` պարզելու համար՝ արդյոք առաջիկայում հնարավոր է լարվածության էսկալացիա եւ Ադրբեջանի կողմից լոկալ դիվերսիոն հարձակումներից անցում դեպի լայնամասշտաբ պատերազմական գործողությունների:
-Պարո՛ն Շիրխանյան, Ադրբեջանն ակտիվացրել է սահմանային գնդակոծություններն ու դիվերսիոն հարձակումները, նախօրեին ՀՀ ՊՆ-ն կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը: Արդյո՞ք ադրբեջանական ագրեսիան առաջիկայում կարող է վերածվել ավելի մեծ պատերազմական գործողությունների:
-Դա, իհարկե, պատերազմ չէ, բայց որ Ադրբեջանն առաջին գծում լարվածությունն օր օրի բարձրացնում է՝ դա ակնհայտ է, փաստ է, իրողություն է: Բայց ես չեմ կարծում, որ դա կարող է վերածվել պատերազմական իրավիճակի, չեմ կարծում, որ Ադրբեջանն այնքան հիմարացած վիճակում կլինի, որ պատերազմ կսկսի: Այդ գործողություններն, ընդհակառակը, մեր բանակին ստիպում են լինել ավելի աչալուրջ, ուշադիր, ավելի կենտրոնացած խնդիրների վրա: Դրանք մեզ դրդում են լինել ավելի մարտունակ վիճակում, իսկ պատերազմ սկսողը, ընդհակառակը, կթողներ այնքան, որ մենք կորցնեինք մեր աչալրջությունը, ավելի հանգիստ լինեինք, հետո նոր ինքը հանկարծակի կսկսեր. սկսողն այդպես կաներ: Սա մի կողմից մեր բանակին է մշտապես պահում մարտունակ վիճակում, մյուս կողմից՝ ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակում է իր մշտական ռազմաքաղաքական գիծը, այն է՝ աշխարհին ստիպել, համոզել, որ նրանք քայլեր ձեռնարկեն խնդրի ադրբեջանամետ լուծման համար: Նպատակը դա է, սա ազդակ է, ոչ թե մեզ, այլ՝ արտաքին աշխարհին, որ ես պատերազմ սկսեմ, դուք էլ այստեղ պրոբլեմներ կունենաք, քանի շուտ է՝ ավելի լուրջ զբաղվեք խնդրի կարգավորմամբ:
-Բայց կարծեք թե արտաքին աշխարհը չի արձագանքում ադրբեջանական ագրեսիային, ինչի արդյունքում, ի վերջո, տուժում է հայկական կողմը. մենք սահմանին ունենում ենք անթույլատրելի շատ զոհեր: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են գերտերությունները հանդուրժում ադրբեջանական «հիստերիան»:
-Համանախագահողների, մեծ տերությունների ղեկավարների կողմից բազմաթիվ անգամ է հնչել, որ ղարաբաղյան հակամարտությունն ունի միայն քաղաքական լուծում, հիմա նրանք իրենց այդ հայտարարություններից հետ չեն կանգնել: Հիմա ամեն մի գնդակ արձակելուց հետո նույնը կրկնելը, կարծում եմ, ադրբեջանցի չհասկացողների շրջանում որեւէ բան չի փոխի: Իհարկե, շատ լավ կլիներ, եթե այնտեղ լինեին ներկայացուցիչներ, որոնք կփաստեին, որ Ադրբեջանն է միշտ խախտում հրադադարի ռեժիմը կամ ինչ-որ կերպ հավատային ինֆորմացիային ու փորձեին սանձել ադրբեջանական կողմին: Բայց այդ բոլորը մեզ՝ հայերիս, ասում է մեկ բան, որ համախմբվենք, թիկունք կանգնենք մեկս մյուսին ու ամբողջ ժողովրդով թիկունք կազմենք հայոց բանակին: Ոչ մեկ չի կարող ասել վերջում պատերազմ լինելու է, թե՝ ոչ: Այսօր ես կարող եմ ասել, որ այժմ չի լինելու, քանի որ դրա համար համապատասխան գործողություններ չկան: Հին խոսք է՝ պատերազմին միշտ պատրաստ եղիր, եթե չես ուզում կերակրել օտարի զինվորին: Սա մեզ հուշում է, որ պետք է համախմբվենք, մեր խնդիրը հիմա սա է, եթե մենք դա կարողանանք անել, ապա որեւէ վախենալու բան չկա: Ադրբեջանը՝ որպես պատերազմող երկիր, շատ թույլ է. նավթով հարուստ է, բայց պատերազմելու կարողությամբ` աղքատ, իսկ մեզ մնում է համախմբվել բանակի շուրջ, աջակցել ամեն ինչով ու պատրաստ լինել զարգացմանը:

 

 

 

 
100 ՕՐ ԼՌԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼՌԵԼ

2014 թվականի մայիսին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար նշանակվեց Գաբրիել Ղազարյանը, որը համարվում է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «մարդը»: Բացի այս հանգամանքից՝ Ղազարյանին ընտրել էին այն բանի համար, որ վերջինս քաջատեղյակ էր ոլորտից ու այն պետք է «ծաղկեցներ»: Բայց, արի ու տես, որ արդեն մեկ տարի է, ինչ սույն անձնավորությունը ղեկավարում է նշված գերատեսչությունը, սակայն այնտեղ ոչ միայն որեւէ առաջընթաց չկա, այլեւ հանրությունն, առհասարակ, մոռացել է, որ Հայաստանում նման գերատեսչություն գոյություն ունի:

Երբ Գաբրիել Ղազարյանը նշանակվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, վերջինս կտրականապես հրաժարվում էր պատասխանել լրագրողների ցանկացած հարցի` նշելով, թե ինքը 100 օր լռելու է, որպեսզի այդ ընթացքում ծանոթանա գերատեսչության խնդիրներին, ակտիվորեն աշխատի ու միայն դրանից հետո պատասխանի լրագրողների հարցերին: 100 օրն էլ անցավ, 200 օրն էլ, ու արդեն մեկ տարի է՝ Ղազարյանը որեւէ կերպ չի ցանկանում «առնչվել» լրագրողների հետ: Նա ՀՀ Կառավարության նիստերին մասնակցելուց անմիջապես հետո արագ հեռանում է՝ ցույց տալով, թե շատ զբաղված է:
Վերջերս էլ նախարարն այնքան էր մոռացել իր հիմնական աշխատանքի մասին, որ սկսել էր տարվել առավելապես անձնական PR-ով, ինչն էլ վրդովվեցրել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Վարչապետը ստիպված եղավ օգոստոսի 6-ի Կառավարության նիստի ժամանակ Գաբրիել Ղազարյանին զգուշացնել, որ արտերկրում ՀՀ դեսպանների հետ հանդիպումներից հետո այլեւս տեղեկատվություն չտարածի, քանի որ դրանք իր աշխատանքային պարտականություններն են, որոնց բարձրաձայնումն ամենեւին պարտադիր չէ: Ղազարյանն էլ ընդունեց իր սխալը եւ խոստացավ այլեւս այդ եղանակով «չփիարվել»:
Դրա համար, սակայն, երեկ նոր առիթ կար. Գ. Ղազարյանը շնորհավորել էր երիտասարդներին՝ միջազգային տոնի առթիվ, եւ, բնականաբար, այն տիրաժավորելու խնդիր կար, ինչին էլ ֆեյսբուքյան խմբերում «լծվել» էին նախարարության աշխատակիցները` ցույց տալով, թե` տեսեք-տեսեք՝ նախարարն աշխատում է: Իսկ ահա, օրինակ, այնպիսի կարեւոր իրադարձությանը, ինչպիսին Համահայկական խաղերն են, սպորտի նախարարի մասնակցությունը բավականին աննկատ էր. վերջինս ինչ-որ մի անկյունում կանգնած կամ նստած ուղղակի հետեւում էր խաղերին ու վերջ: Հետաքրքիր է՝ Գագիկ Ծառուկյանն ուրիշ սպորտային մարդ չունի՞ այդ պաշտոնում նշանակելու համար:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 
ՆՎԱԶԵԼ Է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով՝ Հայաստանում հանքային ջրերի արտադրության ծավալները նվազել են 24.1, իսկ գարեջրինը՝ 14.1 տոկոսով: Այս երկու արտադրատեսակներն առանձնանում են նրանով, որ դրանք մինչեւ անցած տարվա վերջը բավական հաջող արտահանվում էին` հիմնականում դեպի Ռուսաստան: Սակայն ռուսական շուկայում անցած տարվա վերջից սկսված «քաոսի» արդյունքում հայկական արտադրողներն այդ երկիր ապրանք արտահանելուց սկսեցին խուսափել: Ի դեպ, գարեջուր արտադրողները դեպի Ռուսաստան արտահանումը գարնանից փոքր ծավալներով վերսկսել են, բայց դա զուտ ձեւական բնույթ է կրում` տարիների ջանքերի շնորհիվ ձեռքբերված շուկան չկորցնելու համար:

 

ԴԱՏԱՎՈՐԻ ՓՈՂԵՐԸ
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի ֆինանսական վիճակը նախորդ տարվա ընթացքում էապես բարգավաճել է: Դատավորի դրամական միջոցները, ըստ նրա՝ 2014 թվականի հայտարարագրի, անցած տարվա վերջին կազմել են 6 մլն դրամ: Իսկ տարեկան աշխատավարձը կազմել է 5 մլն 144 հազար դրամ: Դատավոր Պապոյանն անցած տարի 91 մլն 300 հազար դրամով վաճառել է բնակարան եւ 6 մլն 225 հազար դրամով` ավտոտնակ: Նույն տարվա ընթացքում նա 71 մլն 610 հազար դրամով գնել է բնակարան եւ 7 մլն 440 հազար դրամով` ավտոտնակ: Նշենք, որ դատավորը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է երկու բնակարան, մեկ ավտոտնակ եւ մեկ «BMW 320» մակնիշի ավտոմեքենա:
Մխիթար Պապոյանը եղել է հայտնի բանդայի, ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի եւ մի քանի այլ աղմկոտ գործերով դատավորը: 2013-ից 2015 թվականը եղել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, իսկ այս տարվա փետրվարի 5-ից նշանակվեց ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

 

ԿՐԻԱՅԻ ՔԱՅԼԵՐՈՎ
ՀՀ կառավարությունն այսօր կայանալիք նիստում նախատեսում է 8 մլն 357 հազար դրամ հատկացնել ՀՀ մշակույթի նախարարությանը: Նշված գումարից 4 մլն դրամը պետք է ծախսվի «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի, իսկ 4 մլն 357 հազար դրամը՝ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի օդափոխման եւ օդորակման համակարգերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար: Այսինքն, այս տարի մի քանի միլիոն ծախսելով՝ հնարավոր կլինի միայն նախագծման աշխատանքներն իրականացնել, իսկ բուն օդափոխության համակարգի տեղադրման հարցը, հավանաբար, հաջորդ տարի նոր կլուծվի: Հիշեցնենք, որ տեւական ժամանակ էր՝ Ազգային պատկերասրահի ղեկավարությունը դժգոհում էր, քանի որ շոգ կամ խոնավ եղանակից իրենց մոտ պահվող մշակութային գործերն աստիճանաբար փչանում էին: Ուստի, մինչեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի՝ տեղից դանդաղ շարժվելը, պատկերասրահի մի շարք գործեր, հնարավոր է, արդեն անդառնալի տուժել են:




Լրահոս