Հայաստանում արդեն ավանդույթ է ձեւավորվել, համաձայն որի՝ երբ որեւէ պատասխանատու պաշտոնյա ազատվում է իր զբաղեցրած պաշտոնից, եթե նրան դեսպան նշանակելու հնարավորություն չի լինում, ապա նա համալրում է նախագահի խորհրդականների շարքը: Այսպես, Սերժ Սարգսյանն ունի 9 խորհրդական, որոնց մեծ մասը նախկին նախարարներ կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ են: Թե ինչով են նրանք զբաղվում՝ հատնի չէ:
Բայց նախագահի խորհրդականների տրցակն առավել պատկերավոր դարձնելու համար նրանց ներկայացնենք անուն առ անուն:
Այսպես, Արամ Ղարիբյանը զբաղեցնում է ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը: Նա 1997-ից մինչեւ 1999 թվականը եղել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, իսկ 2000 թվականից մինչեւ 2008-ը՝ զբաղված է եղել սեփական ընկերությունը ղեկավարելով: 2008-ից մինչեւ 2011-ը եղել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդականը, որից հետո մինչ օրս նա զբաղեցնում է Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականի պաշտոնը եւ ամսական ստանում է 514 հազար դրամ աշխատավարձ (սա մաքուր աշխատավարձն է՝ պահումները հանած): Արամ Ղարիբյանի դեպքում կարող ենք ասել, որ նրա նշանակումը ձեւական չէ, ինչպես Սերժ Սարգսյանի շատ խորհրդականների դեպքում:
Այսպես, Սերժ Սարգսյանի հաջորդ խորհրդականը ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար Վարդան Խաչատրյանն է: Նա 2000 թվականից մինչեւ 2008 թվականը զբաղեցրել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Պաշտոնանկությունից հետո նշանակվել է Ս.Սարգսյանի խորհրդական եւ մինչ օրս զբաղեցնում է այդ պաշտոնը` ամսական ստանալով 343 հազար դրամ աշխատավարձ: Հիշեցնենք, որ որպես նախարար պաշտոնավարելիս Խաչատրյանը մի քանի անգամ աղմկոտ պատմությունների մեջ ընկավ, որոնք հիմնականում կապված էին գիշերային ակումբներ այցելելու նրա նախասիրության հետ:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը նախագահականում միանգամից երկու պաշտոն է համատեղում՝ ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչի եւ խորհրդականի պաշտոնները: Հարությունյանը 1994 թվականից մինչեւ 2007 թվականը զբաղեցնում էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: 2007-ի մարտին ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանկարծամահ լինելուց հետո, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ դարձավ, Հարությունյանը նշանակվեց Պաշտպանության նախարար: Նկատենք, որ Հայաստանի կառավարման համակարգում պաշտպանության նախարարությունը մշտապես առանցքային տեղ է զբաղեցրել եւ Հարությունյանին այդ պաշտոնում նշանակելը որքան որ անհասկանալի էր, միաժամանակ ուներ իր բացատրությունը: Բանն այն է, որ նա այն եզակի անձանցից էր, որն այդ պաշտոնը զբաղեցնելով՝ քաղաքական կշիռ ձեռք չէր բերի եւ հլու-հնազանդ կկատարեր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հրամանները` դիմացը ոչինչ չպահանջելով: Միքայել Հարությունյանը համարվում է Մարտի 1-ի իրադարձությունների հիմնական կազմակերպիչներից մեկը, քանի որ հենց նա է եղել այն նախարարը, որը չի խորշել եւ հրամայել է ՀՀ Զինված ուժերը հանել ՀՀ քաղաքացիների դեմ՝ իշխանության գործող համակարգը պահպանելու համար: Եւ 2008-ից նա ամսական ստանում է 1 միլիոն 250 հազար դրամ աշխատավարձ: Նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է Ս. Սարգսյանի հատուկ հրամանագրով եւ ավարտվելու է 2016 թվականի փետրվարի 9-ին՝ Հարությունյանի 70-ամյակի նախօրեին:
Գաղտնիք չէ, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կարիերայի գագաթնակետը ՀՀ ոստիկանապետի պաշտոնն էր, որում նա նշանակվեց 2008-ի մայիսին, իսկ մինչ այդ՝ սկսած 2000 թվականից՝ զբաղեցնում էր Արարատի մարզպետի պաշտոնը: Ալիկ Սարգյանը՝ որպես ոստիկանապետ, պաշտոնավարեց մինչեւ 2011 թվականի նոյեմբերը, իսկ պաշտոնանկությունից անմիջապես հետո համալրեց Ս.Սարգսյանի խորհրդականների շարքը՝ ստանալով 480 հազար դրամ աշխատավարձ:
Ֆելիքս Փիրումյանն այն եզակի խորհրդականներից է, որին Սերժ Սարգսյանը երկու անգամ է այդ պաշտոնում նշանակել: Նա, մինչեւ Սերժ Սարգսյանի խորհրդական դառնալը, հասցրել է 1993-ից 1995-ը լինել ՀՀ շինարարության նախարար, 1995-ից 1999-ը՝ քաղաքաշինության նախարար, 1999-ից 2003 թվականը եղել է Շիրակի մարզպետ, 2003-ից 2004-ը զբաղեցրել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 2008-ի հուլիսից մինչեւ 2010 թվականը եղել է Սերժ Սարգսյանի խորհրդականը: 2010-ի մայիսից մինչեւ 2012 թվականը ղեկավարել է «Հյուսիս-Հարավ» ԾԻԳ-ը: Այդ պաշտոնից ազատվելուց հետո կրկին նշանակվել է որպես Սերժ Սարգսյանի խորհրդական, ամսական ստանում է 480 հազար դրամ աշխատավարձ: Փիրումյանի պաշտոնավարման տարիներին նրա անվան հետ կապված զանազան զվարճալի պատմություններ էին շրջանառվում: Մասնավորապես, ասում են, որ 2000-ականների սկզբին, երբ բջջայինը նոր էր կիրառվում, Փիրումյանը բջջայինով ինչ-որ մեկին է զանգահարում եւ լսելով «Բաժանորդն անհասանելի է» պատասխանը՝ զայրանում է. «Ազիզ ջան իրեն ասա՝ Փիրումյանն է զանգում, թող հեռախոսը վերցնի»:
Արմեն Մովսիսյանը խորհրդականի պաշտոնում նորեկներից է: 2001-ի ապրիլից մինչեւ 2014-ի ապրիլը նա զբաղեցրել է ՀՀ էներգետիկայի նախարարի պաշտոնը (2008-ին էներգետիկայի նախարարությունը դարձել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն): Հայաստանի ամենախոշոր կոռուպցիոն պատմությունները` «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականաշնորհումը եւ «Նաիրիտի» փոշիացումը, կապվում է հենց Մովսիսյանի անվան հետ: Իշխանական շրջանակներում Մոսվսիյանը «Կորեյկոյի» համբավ ունի, քանի որ նա աշխատում է ի ցույց չդնել իր հարստությունը, սակայն բոլորը համոզված են, որ նա Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, որը Սերժ Սարգսյանի խորհրդականի պաշտոնում ստանում է 270 հազար դրամ աշխատավարձ:
Արմեն Սմբատյանը եւս Սերժ Սարգսյանի խորհրդականի պաշտոնում նորեկ է: Նա ընդամենը մեկ տարի առաջ է նշանակվել այդ պաշտոնում: 1996-ից 1998 թվականները Սմբատյանը եղել է ՀՀ մշակույթի նախարար, այնուհետեւ՝ 2002-ից մինչեւ 2010 թվականը՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպան: Սմբատյանը եւս իշխանական շրջանակներում ընկալվում է որպես ստվերային անձնավորություն: Մասնավորապես, ըստ շրջանառվող լուրերի, նա ՌԴ-ում որպես դեսպան պաշտոնավարելու ընթացքում հասցրել է բազմաթիվ բիզնեսներ հիմնել, բայց, որպես կանոն, աշխատում է թաքցնել իր հարստությունը: Ուստի, ամենեւին էլ պատահական չէ, որ նա իր պաշտոնական հայտարարագիրն այդպես էլ չի ներկայացրել:
Սերժ Սարգսյանի խորհրդականների շարքում նշված է նաեւ Գագիկ Գուրգենի Գեւորգյանի անունը: Վերջինիս մասին, հիրավի, ոչինչ հայտնի չէ: Նույնիսկ համացանցում նման անձի մասին ոչ մի տեղեկություն եւ լուսանկար չկա: Ով է նա, մինչ այդ ինչ գործունեությամբ է զբաղվել եւ ինչ խորհուրդ կարող է տալ Սերժ Սարգսյանին՝ հայտնի չէ: Մենք պարզեցինք միայն, որ նրան աշխատավարձը վճարվում է ռուսական ռուբլով` ամսական 110 հազար ռուսական ռուբլի (ներկայիս փոխարժեքով՝ 800 հազար դրամ):
Սերժ Սագսյանի խորհրդականներից է նաեւ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը: Հաշվի առնելով, որ վերջինս հոգեւորական է, նրա անձին անդրադառնալու կարիք, կարծում ենք, չկա:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ տարեկան հարյուրավոր միլիոն դրամներ են ծախսվում վերը թվարկված մարդկանց վրա` նրանց եւ իրենց քարտուղարուհիներին աշխատավարձ վճարելու, նրանց ծառայողական ավտոմեքենաների եւ վարորդների պահպանման եւ մի շարք այլ կարիքները հոգալու համար: Սակայն կասկածից վեր է, որ նրանց գերակշռող մասի համար խորհրդականի պաշտոնն ընդամենը թոշակի պես մի բան է, ինչպես նաեւ՝ իշխանությունների հետ մշտապես կապված լինելու միջոց: ՀՀ նախագահն իրականում երբեւէ չի լսում նրանց խորհուրդները:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ Է
ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում հավաստիացնում են, որ ՀՀ արդարադատության նախարարի թափուր պաշտոնի իրական հավակնորդը ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանն է: «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անձամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է նրա լոբբինգով զբաղվել: Ավելին, նշվում է, թե իբր Սերժ Սարգսյանն այս թեկնածության մասով արդեն իսկ իր համաձայնությունը տվել է, սակայն, հանձնարարել է գաղտնի պահել` խոստանալով, որ արձակուրդից կվերադառնա եւ ամեն ինչ կասի: Ի դեպ, ըստ լուրերի, Հովիկ Աբրահամյանն իր վարչապետ դառնալուց հետո 2014-ի մայիսին է ցանկացել, որպեսզի Արփինե Հովհաննիսյանը նշանակվի արդարադատության նախարար, սակայն, այդ ժամանակ նախագահականում այլ որոշում է կայացվել: Ամեն դեպքում, հանրահայտ փաստ է, որ Արփինե Հովհաննիսյանի կարիերան սկսեց սրընթաց վերելք ապրել 2008-ից 2011 թվականներին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդականի պաշտոնում աշխատելուց հետո:
ՉԳԻՏԵՆ՝ ԻՆՉՊԵՍ ՎԱՐՎԵԼ
Տխրահռչակ Անդրանիկ Նիկողոսյանի հակահայաստանյան հայտարարություններից հետո Հայաստանի իշխանական վերնախավը բավականին բարդ իրավիճակում է հայտնվել: Ինչպես հայտնի է, ՀՀ պաշտոնյաները ժամանակին իրար հերթ չէին տալիս այդ անձին մեդալներ եւ պարգեւներ շնորհելու համար: Բայց այսօր՝ Հայաստանը ՌԴ-ին միացնելու մասին նրա հայտարարությունից հետո, եթե նրանք փորձեն ետ վերցնել Նիկողոսյանին իրենց շնորհած մեդալները եւ պարգեւները, ապա այդ հանգամանքը կարող է մեկնաբանվել որպես հակառուսական քայլ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս օրերին պաշտոնյաները մեկը մյուսին են զանգահարում եւ քննարկում են, թե ինչպես վարվեն, որ ճիշտ լինի ու դեռ չեն կարողանում կողմնորոշվել: Ի դեպ, ակնհայտ է, որ Նիկողոսյանի հաշվարկն էլ հենց վերը բերված իրավիճակն է, եթե իրեն նեղեն, ինքն այդ հանգամանքը ՌԴ իշխանությունների մոտ կներկայացնի որպես հակառուսական դրսեւորում, իսկ եթե քայլը մնա առանց պաշտոնական արձագանքի, ապա կստացվի, որ ՀՀ իշխանությունները եւս նրա հետ համակարծիք են, ու ՀՀ-ն պետք է միանա ՌԴ-ին:
ԳՈՒՄԱՐ ԿԱ, ԱՐԴՅՈՒՆՔ ՉԿԱ
Ըստ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի 2014 թվականի «Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատման» զեկույցի՝ ԱՄՆ-ը ՀՀ իրավապահ համակարգի բարելավման համար տարեկան միջինը 3 միլիոն դոլարի դրամաշնորհ է հատկացնում: Ավելին, ԹԻ-ի տվյալների համաձայն, ԱՄՆ կառավարությունը անցած տարի 150 հազար դոլարի արժողությամբ ոստիկանական տեխնիկա եւ սարքավորումներ է տրամադրել: Ըստ նույն աղբյուրի՝ 2010-ից ի վեր դատախազության բյուջեն զգալի աճել է. 2 մլրդ 692 մլն 175 հազ. դրամից 2014-ին դարձել է 3 մլրդ 135 մլն 491 հազ. դրամ: ՀՀ Ոստիկանության բյուջեն 2010-ի 35 մլրդ 200 մլն 108 հազ. դրամից դարձել է 54 մլրդ 201 մլն դրամ:
ՊԱՏՇԱՃ ՏԵՂԵԿԱՑՐԵՔ
Սեւանա լճից Իրանի Ուրմիա լճի վերականգնման նպատակով ջուր հատկացնելու մասին տեղեկատվությունը, ըստ ՀՀ բնապահպանության նախարարության, չի համապատասխանում իրականությանը, եւ այդ մասին համապատասխան համաձայնագրի կնքումը բացառվում է: Ուշագրավ է, որ նախարարության այս հավաստիացումը նախօրեին ներկայացվել է ոչ թե գերատեսչության պաշտոնական կայքէջում` պաշտոնական հաղորդագրության տեսքով, այլ կայքերից մեկի լրագրողի հարցմանն ի պատասխան` տվյալ լրատվամիջոցում: Եվ չնայած սրան` նախարարությունն իր պարտքն է համարել հանդիմանել ԶԼՄ-ներին` իրենց հերքման մասին տեղյակ չլինելու համար, եւ երեկ արդեն պաշտոնական կայքում տեղադրել տվյալ լրատվամիջոցին տրված մեկնաբանության հղումը: Իհարկե, լավ է, որ լուրը չի համապատասխանում իրականությանը, սակայն եթե ԲՆ-ում ցանկանում են, որ իրենց հերքմանը տեղյակ լինեն, ապա պարտավոր են այդ մասին տեղեկատվությունը զետեղել գերատեսչության կայքէջում: