«ԿԱՅՈՒՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԻՑ» ԴԵՊԻ ՀՀԿ-Ի ԴԻԿՏԱՏՈՒՐԱ ՄԵԿ ՔԱՅԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների միջոցով կուսակցական դիկտատուրան օրենքով ապահովագրելու՝ իշխանության նկրտումները փաստվում են՝ հրապարակված «Նախագծի» հիմնական դրույթներին անգամ հպանցիկ հայացք ձգելով: Շարունակելով պետական կառավարման համակարգում Ազգային ժողովի նորովի դերակատարության հիմնահարցի ուսումնասիրությունը՝ այսօր փորձենք հասկանալ, թե ինչ հիմքով է իշխանությունը գնում բացարձակ համամասնական ընտրակարգի, եւ ինչ ասել է կայուն խորհրդարանական մեծամասնություն: Հատկանշական է, որ կայունության ապահովման հիմնահարցը որքան իրավական դաշտում է, այնքան էլ ածանցված է պետության քաղաքական կյանքի առանձնահատկություններին:

«Նախագծի» 89-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված է. «Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ազգային ժողովի ընտրակարգը պետք է երաշխավորի Ազգային ժողովում կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը»: Հարկավ, Կառավարության գործունեության անխափանության երաշխավորումը կարող է տեղի ունենալ սահմանադրական նորմերի ընդունմամբ, սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ պարագայում կայունության ապահովումը չի դառնում ինքնանպատակ: Ի վերջո, ժողովրդավարական համակարգերում խորհրդարանի էությունը հասարակական տրամադրությունների իրական արտացոլումն է: Եթե հասարակության բացարձակ մեծամասնությունը չի վստահում կոնկրետ մեկ քաղաքական ուժի, նշանակում է՝ խորհրդարանում պիտի ձեւավորվի կոալիցիոն կառավարություն: Չէ՞ որ ժողովրդավարական համակարգը ստեղծել է այնպիսի մի գեղեցիկ ու ճկուն ինստիտուտ, ինչպիսին կոալիցիոն կառավարումն է, ինչը հնարավորություն է տալիս ապահովել Կառավարության ներսում բազմակարծությունն ու իշխանության ձեւավորման թափանցիկությունը: Ի՞նչ է, 2003 եւ 2007թթ. Քոչարյանին անվերապահորեն ստորակա կոալիցիանե՞րն են նկատի առել հանձնաժողովի անդամները, որ կոալիցիայի գաղափարը որոշել են իսպառ ոչնչացնել:
Ի դեպ, խորհրդարանական կառավարմամբ պետություններում Կառավարություն կազմելու հարցը բավականին ռիսկային է, եւ մեծամասնության բացակայության պայմաններում կոալիցիա չձեւավորելու դեպքում պետությունը կարող է ներքաշվել լայնամասշտաբ ճգնաժամի մեջ: Սակայն որեւէ սահմանադրություն չի կարող իդեալական լինել, քանզի ստեղծված է մարդու կողմից, որն իր հերթին անսխալական չէ: Ուստի սահմանադրական կարգը ներառում է իր մեջ իրավական ու քաղաքական տարրեր, իսկ եթե խոսքը պետական կառավարման կարգի մասին է, այստեղ իրավական հարթությունն ակնհայտորեն երկրորդական նշանակություն ունի, ինչպես, օրինակ, ներկայիս Հայաստանում, որտեղ Սահմանադրության ու իրական կյանքի միջեւ խզումը անչափելի մակարդակի վրա է: Վերադառնալով խորհրդարանական «կայուն» մեծամասնության հարցին՝ արձանագրենք, որ այսպիսի առաջարկներով փորձ է արվում խորհրդարանը վերածել մեկ կուսակցության գրասենյակի, որտեղ մի քանի սենյակ կհատկացվի գործընթացների վրա ոչ մի ազդեցություն չունեցող կուսակցություններին, իսկ բոլոր հարցերը կլուծվեն ՀՀԿ-ի առաջնորդի ցանկությամբ եւ նրա միանձնյա որոշումները կատարելու պատրաստ կոճակ սեղմող «հայրենասերների» պատասխանատվությամբ:
Ինչ վերաբերում է արեւմտյան ժողովրդավարություններին, այստեղ պատկերը պարզ է ու միանշանակ: Սերժ Սարգսյանի հանձնաժողովի կողմից այդքան սիրված Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրությունը կայուն մեծամասնության հարցը փորձում է լուծել մեծամասնական ու համամասնական ընտրակարգերի սինթեզի միջոցով: Բայց եւ այնպես, այստեղ կրկին մեծ մասամբ անհնար է գործարկել խորհրդարանն առանց կոալիցիոն կառավարության ձեւավորման: Արդ, 2005թ. ընտրություններում ոչ մի կուսակցության չհաջողվեց մեծամասնություն ձեւավորել պառլամենտում, ուստի սոցիալ-դեմոկրատական կուսակցության, քրիստոնյա-սոցիալական ու քրիստոնյա-դեմոկրատական միությունների միջեւ կնքվեց կոալիցիոն համաձայնագիր՝ վերջինիս առաջնորդ Անգելա Մերկելին դարձնելով կանցլեր: 2009թ. ընտրություններում սոցիալ-դեմոկրատների փոխարեն կոալիցիա կազմվեց արդեն ազատ դեմոկրատական կուսակցության հետ, իսկ արդեն 2013թ. ազատ դեմոկրատներին չհաջողվեց խորհրդարան թափանցել, ու կրկին կոալիցիոն Կառավարություն ձեւավորվեց սոցիալ-դեմոկրատների հետ: Հավելենք, որ Գերմանիայում կայուն մեծամասնություն կոչված ձեւակերպում չկա ո՛չ իբրեւ սահմանադրական դրույթ, ո՛չ որպես քաղաքական առաջնահերթություն: Ինչպես հարիր է ժողովրդավարական երկրներին՝ Գերմանիան իր քաղաքացուն հնարավորություն է ընձեռում սեփական քվեով խորհրդարան ձեւավորել: Եթե ընտրությունների արդյունքում հնարավոր չէ մեկ կուսակցության ներկայացուցիչներից մեծամասնություն ստանալ, ապա բարձր տոկոսներ հավաքած կուսակցությունը պիտի գնա զիջումների եւ ներգրավվելով համեմատաբար փոքրաքանակ կուսակցություններում՝ կառավարություն ձեւավորի: ԳԴՀ-ի Սահմանադրության 63-րդ հոդվածը նախատեսում է, որ եթե Բունդեսթագին մի քանի փուլից հետո չի հաջողվում կառավարության ղեկավար նշանակել, իսկ դա հնարավոր է, եթե խորհրդարանում կուսակցությունները միմյանց հետ պայմանավորվել չեն կարողանում, ապա նախագահը կարող է ցրել խորհրդարանը:
Ըստ էության, «կայուն մեծամասնություն» եզրաբանությունը, եթե ամրագրվում է սահմանադրությամբ, դիկտատուրայի տանող առաջին քայլն է: Այս պարագայում խորհրդարանում վերանում է ընդդիմություն ունենալու իմաստը, որը ոչ մի կերպ չի կարող ազդել բացարձակ իշխանություն ունեցող «կայուն մեծամասնության» վրա: Ավելին՝ պետական կառավարման համակարգում ի չիք է դառնում բանավեճ ծավալելու տրամաբանությունը: Կարելի է վստահաբար պնդել, որ «կայուն մեծամասնության» ինստիտուտին սահմանադրական կարգավիճակ շնորհելը հակասահմանադրական է, եթե ելակետ ենք վերցնում արեւմտյան ժողովրդավարությունը: Եթե Սերժ Սարգսյանի կուսակցության համար, այդուհանդերձ, պետք է երաշխավորել «կայուն մեծամասնություն» ունենալու արտոնությունը, ավելի ճիշտ կլիներ «Նախագծում» ավելացնել «բացարձակ միապետություն», իսկ ազնիվ լինելու դեպքում՝ «անխաթար բռնապետություն» եզրույթները, ինչին ոչ մի ընդդիմադիր հակափաստարկ չէր կարողանա գտնել:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

ՈԼՈՐՏԱՅԻՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐ ԿՊԱՀԱՆՋԵՆ
«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժումը իշխանափոխության հարթակ է ստեղծել ընդդիմադիր կուսակցությունների համար: Armlur.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը նշեց, որ ընդդիմադիր կուսակցություններին հորդորելու են միանալ իրենց եւ ձեւավորված հարթակում հասնել իշխանափոխության:
«Հենց մեր երեկվա հանրահավաքում ընդդիմադիր կուսակցություններին հորդորեցինք հասկանալ իրավիճակը եւ միանալ մեզ: Իրենք պետք է հասկանան, որ մենք հարթակ ենք ձեւավորել, ոչ թե՝ լիդեր ենք: Եթե իրենք բոլորով գան, մենք կունենանք շատ մարդ, կստեղծենք ժողովրդի կառավարություն եւ կհասնենք մեր նպատակին»,- ասաց նա եւ հավելեց. «Ուզում եմ հավատալ, որ իրենք ծախված չեն: Քանի տարի է՝ իրենք ասում են իշխանափոխություն: Մենք հիմա ասում ենք` պատրաստ ենք նման լոզունգների, առաջարկների: Եկեք, մենք այդ հարթակը ձեզ համար ստեղծում ենք»: Հարցին` այսինքն ընդդիմադիր կուսակցությունների համա՞ր են հարթակ ստեղծել, Դավիթ Հովհաննիսյանը պատասխանեց. «Մենք հարթակ ենք ստեղծել բոլորի համար, այն մարդկանց համար, ովքեր դժգոհ են երկրի կառավարումից, ովքեր դժգոհ են Հանրապետական կուսակցությունից: Մենք երեկ իրենց հորդորեցինք, հասկացրեցինք, որ ամբիցիոզներ չենք, լիդերներ չենք: Եթե դուք մի քանի տարի շարունակ պահանջում եք իշխանափոխություն, ապա այսօր մենք հստակ այդ պահանջները դրել ենք, եկեք, ցույց տվեք, որ պոպուլիզմով չեք զբաղված»:
Նախաձեռնության անդամի խոսքով` կուսակցություններից դեռեւս իրենց առաջարկին արձագանք չի եղել. «Երեկվա դրությամբ՝ չի եղել, այսօր դեռ տեղյակ չեմ»: Դ. Հովհաննիսյանը հավելեց, որ իրենք բաց նամակ են ուղարկելու կուսակցություններին` հրավիրելով գալ եւ միանալ իրենց պայքարին: Իսկ կոնկրետ հրաժարականների պահանջների մասով Հովհաննիսյանը նշեց, որ իրենց կողմից հրաժարականների պահանջները դրվում են ոլորտ առ ոլորտ. «Եթե տվյալ ոլորտում աշխատանքներ չեն կատարվում, պահանջները չեն բավարարվում, ապա մենք պահանջում ենք տվյալ ոլորտի պատասխանատու պաշտոնյայի հրաժարականը: Բայց այսօր ունենք մի իրավիճակ, որ ողջ Կառավարությունը չի աշխատում եւ, ըստ այդմ, պահանջում ենք Կառավարության հրաժարականը»:
«Ոտքի Հայաստան» շարժման պահանջները չեն փոխվել, այլ մի բան էլ՝ ավելացել են: «14-15 պահանջ է ավելացել, որոնք կապված են երկրում սահմանադրական կարգի փոփոխության, ձեռներեցության հետ եւ այլն: Տարբեր հարցեր են ընդգրկված մեր պահանջների մեջ: Այնպիսի հարցեր, որոնք այսօր առկա են Հայաստանում»,- ասաց Դավիթ Հովհաննիսյանը:
Վերջում հավելենք, որ նախօրեին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ նախաձեռնության անդամները որոշում կայացրեցին օգոստոսի 21-ին եւս հավաքվել, իսկ մինչ այդ նստացույցը նույն վայրում շարունակվում է:
ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ

 

 

 
ՌՈՒՍԱԿԱՆ «ՄԱՐՇԻ ՏԱԿ»
Օգոստոսի 11-ին Նոյեմբերյանի տեղական «Քամուտ» հեռուստաընկերության եթերում ընդարձակ ռեպորտաժ ցուցադրվեց Նոյեմբերյանի սահմանապահ զորամասում տեղի ունեցած նորակոչիկների զինվորական երդման արարողության մասին: Զինվորներին այդ առթիվ շնորհավորեցին Նոյեմբերյանի զորամասի հրամանատար Սողոմոն Խաչատրյանը, նրա տեղակալ Աշոտ Չոբանյանը, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը: Այնուհետեւ զորամասի զինծառայողները հանդիսավոր առիթով հանդես եկան ցուցադրական ելույթներով, որոնք տեղի ունեցան զորամասի փողային նվագախմբի հնչեցրած «Պրաշչանի սլավյանկի» քայլերգի ներքո: «Վիկիպեդիա» ազատ հանրագիտարանում այդ քայլերգի մասին գրված է, որ այն ստեղծվել է 1912-ին, հեծելազորային գնդի շտաբ-փողհար Վասիլի Ագապկինի կողմից՝ Բալկանյան առաջին պատերազմի տպավորությունների տակ: Այդ հանրագիտարանում նշված է, որ այդ քայլերգը արտասահմանում համարվում է Ռուսական կայսրության, Խորհրդային Միության եւ Ռուսաստանի Դաշնության ամենաճանաչված երաժշտական խորհրդանիշներից մեկը: Նշենք, որ Հայաստանի բանակը ազգային հիանալի քայլերգեր ունի, եւ տարակուսելի է, թե ինչու պետք է հայ զինվորները հանդիսավոր քայլեն ռուսական թեկուզ եւ հաջողված քայլերգի ներքո:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

ԱՐԳԵԼՎԵԼ Է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Բուլղարիայի Հանրապետությունից 700 կգ հյութերի խտանյութի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք: Պարզվել է, որ դեղձի, մանգոյի եւ ելակի խտանյութերի, ինչպես նաեւ դոնդողի ներկրվող խմբաքանակը ժամկետանց է, տարաների վրա առկա է կրկնակի պիտակավորում: Միաժամանակ, նշված ապրանքատեսակներն ապահովված չեն հայերեն մակնշմամբ: Հաշվի առնելով հայտնաբերված անհամապատասխանությունները՝ արգելվել է բեռի ներմուծումը եւ առաջարկվել ներմուծողին սահմանված կարգով այն վերադարձնել, օգտահանել կամ ոչնչացնել:




Լրահոս