Հայրիկյանը դիմելու է ՍԴ` ընտրությունները 15 օրով հետաձգելու խնդրանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի նախագահ թեկնածու, “Ազգային ինքնորոշում միավորման” նախագահ Պարույր Հայրիկյանը հարկադրված է դիմել Սահմանադրական դատարան` փետրվարի 18-ին նախանշված նախագահական ընտրությունները առնվազն 15 օրով հետաձգելու խնդրանքով: Այդ մասին Հայրիկյանն ասել է “Ազատություն” ռադիոկայանի եւ Հանրային հեռուստատեսության լրագրողների հետ զրույցում:
“Իմ միակ ցանկությունն այն է, որ ինձնով անհանգստացողներն իմանան, որ ես լավ եմ եւ շարունակելու եմ աշխատել այնպես, ինչպես աշխատել եմ: Ես ուզում եմ, որ ընտրությունները չհետաձգվեն”,- նշել է Հայրիկյանը եւ հավելել, թե ըստ օրենքի կա երկու տարբերակ` հետաձգել 15 օրով կամ 40 օրով: Ինքն ավելի հակված է, որ ընտրությունները հետաձգվեն 15 օրով:
Հարցին, թե ո՞ւմ է կասկածում մահափորձի կազմակերպման մեջ, Պարույր Հայրիկյանը պատասխանել է. “Անկեղծ ասում եմ` կասկածում եմ ինձ երկար տարիներ հետապնդած օտար պետության հատուկ ծառայություններին: Խոսքը ռուսական ԿԳԲ-ի մասին է: Երբ ես կտրուկ ասացի, որ պետք է գնանք Եվրոպա, երբ այդ շեշտադրումը կատարեցի, ոմանց դա անհանգստացրեց, եւ ենթադրում եմ, որ դրա հետ կապված է: Ես անձնական հակառակորդներ չունեմ: Նույնիսկ այն անձանց, ովքեր ինձ վատություն են արել, վատ խոսքով չեմ պատասխանել”,- նշել է Հայրիկյանը:
Նախագահի թեկնածուն դեպքի ժամանակ տեսել է կրակողին եւ պատմեց, թե ինչպես է կատարվել ամենը: “Ես տեսա, կրակողին: Երբ նրան տեսնեմ, կհիշեմ, որ ինքն էր: Ես վայրկյանի ազդեցության տակ պետք է որոշում կայացնեի, տեսա, որ ձեռքը ուղղում է կրծքիս, փորձեցի դժվարացնել իր քայլը, ձեռքով խանգարեցի իրեն, կրակոցը եղավ, ինչպես բռնցքամարտի ժամանակ նոկաուտ եղա, բայց հասկացա, որ չպետք է կանգ առնեմ, փորձեց կրակել, ուզում էր կրակել գլխիս: Երբ առաջին կրակոցը ստացա, բարձր գոռացի, հարեւաններս դուրս եկան: Բղավում էի` օգնեցեք: Ինքը երկրորդ անգամ կրակեց, գնդակը անցել է մաշկիս տակով, լուրջ բան չկա: Հարեւաններս դուրս եկան, լավ հարեւաններ են, բացի մեկից, ով պրովոկացիաներ է սկսել, դուրս եկան, նա փախավ: Գնացի մուտքը բացեցի մտա ներս, հետո էլ ոչինչ չեմ հիշում: Զգացի, որ մարդիկ կան, ինձ թվում էր, թե գնում եմ: Էլ չհասցրի վերջին աղոթքս անեմ, վերջինն այսօր վիրահատությունից առաջ արեցի”,- պատմել է Հայրիկյանը:
Նա նշել է, թե իրեն լավ է զգում: “Սա հերթական փորձություններից մեկն է: Սա ցավոք իմ դեմ ուղղված չէ, այլ այն ծրագրերի դեմ, որ ես կրում եմ: Նախագահական ընտրություններին մանսակցող որեւէ անձի դրան ընդունակ չեմ համարում”,- արձանագրել է նա:
Նա նաեւ խոսել է նախագահ Սերժ Սարգսյանի այցից, նշել, թե նախագահն իր ցավն ու վրդովմունքն է հայտնել, ասել, որ բոլոր միջոցները կձեռնարկվեն: “Ես ասացի, որ ընտրությունները 40 օրով հետաձգելու միտք չունեմ, բայց այդ 15 օրը ակամա կստացվի”,- նկատել է Հայրիկյանը: 




Լրահոս