Ինչն է եղել «Էյր Արմենիա»-ի սեփականատիրոջ և Ռուբեն Հայրապետյանի կոնֆլիկտի պատճառը. կինը մանրամասներ է հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Air Armenia ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի կինը՝ Իզաբելլա Մելքումյանը, նամակով դիմել է Հայաստանի նախագահին, ոստիկանապետին, գլխավոր դատախազին, ԱԱԾ պետին եւ ՄԻՊ-ին: Իզաբելլա Մելքումյանը նամակով խնդրում է պատկան մարմիններին ապահովել իր ամուսնու եւ ընտանիքի անդամների անվտանգությունը:

«Ելնելով ամուսնուս՝ Արսեն Վարդգեսի Ավետիսյանի նկատմամբ 15.08.2015թ. իրականացված ֆիզիկական բռնության հանգամանքից, և հաշվի առնելով, որ որոշ անձինք ի դեմս Ռուբեն Հայրապետյանի՝ դաժանաբար ծեծի են ենթարկել, իսկ այնուհետև առևանգել և զրկել ազատությունից իր կամքին հակառակ մոտ երկու ժամ, որի ընթացքում շուրջ քառասուն զինված անձանց ներկայությամբ Ռ. Հայրապետյանը ճնշում է գործադրել՝ պահանջելով ստորագրել մի գրություն, որ իբր ամուսինս Ռ. Հայրապետյանին գումար է պարտք:

Սպառնացել են, որ առանց այդ թուղթը ստորագրելու ազատ չեն արձակի: Միայն որոշ լրատվամիջոցների զանգից հետո ազատ են արձակել:

Դիմել եմ իրավապահ մարմիններին, սակայն մտահոգված եմ ամուսնուս, ով այժմ գտնվում է Հերացու թիվ 1 հիվանդանոցում և մեր ընտանիքի անդամների անվտանգությամբ»,- ասվում է նամակում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը օգոստոսի 15-ին Արսեն Ավետիսյանին հրավիրել է հանդիպման ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիա: Հանդիպման ժամանակ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները ծեծի են ենթարկել Արսեն Ավետիսյանին: Այնուհետեւ նրան տեղափոխել են հիվանդանոց:

Արսեն Ավետիսյանը գտնվում է Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: Նրա վիճակը բավարար է, կայուն, հայտնաբերվել է քթի ոսկորի կոտրվածք՝ թեթեւ տեղաշարժով, ազդրի, թիակի թեթեւ սալջարդներ:




Լրահոս