Երևանի Աջափնյակ թաղամասի Նազարբեկյան 48 շենքի վերաբերյալ բացի Ձեզանից, հարցումներ եմ արել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, ՀՀ քաղաքաշինության նախարարին, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ պետին:
ՀՀ քաղաքաշինության նախարարի հանձնարարությամբ պատասխանել է ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչը, ով հայտնել է, որ այդ շենքի շինարարական աշխատանքների ավարտի վերաբերյալ ստորագրված ակտ գոյություն չունի: Փաստորեն շենքը, որպես ավարտված կառույց, չկա, բայց Կադաստրում գրանցված է և բնակիչներից շատերն ունեն սեփականության վկայականներ, ներառյալ ՀՀ կառավարության կողմից նվեր ստացած քաղաքացիները: Իսկական հանելուկ:
Չափազանց խոսուն է ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ (կադաստրի) պետի հանձնարարությամբ կադաստրի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար ժ/պ-ի պատասխանն այն մասին, որ մինչև ամեն փաստաթղթի համար 1000-ական դրամ չմուծեմ, ոչ մի տեղեկություն չեմ ստանա:
Ամենացնցողը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարությամբ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից իրականացված շենքի տեխնիկական վիճակի գնահատման 10 էջանոց եզրակացությունն է` ներառված բազմաթիվ լուսանկարներով, որի մեջ գրված է. «Եզրակացնում ենք, որ շենքի շահագործումը բազմաթիվ վտանգներ է սպառնում մարդկանց կյանքին ու առողջությանը, ուստի պետք է անմիջապես դադարեցնել շենքի շահագործումը և կատարել մարդկանց տարհանում:
Շենքի հետագա անվտանգ և ապահով շահագործման համար պետք է ավարտել բոլոր շինարարական աշխատանքները և վերացնել սույն եզրակացության մեջ նշված բոլոր վնասվածքներն ու թերությունները ու հետագա լրացուցիչ հետազոտություններով` վերջնաճշտված թերությունները: Շենքի վերակառուցման նպատակով նախատեսվող բոլոր շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն սահմանված կարգով մշակված և հաստատված նախագծի հիման վրա»:
Ձեզ եմ տրամադրում այս ամբողջական եզրակացությունն ու հայտնում բնակիչների և իմ մտահոգությունները, թե ի՞նչ լուծում պիտի տրվի այս խնդրին, քանի դեռ որևէ մեկի հետ դժբախտ պատահար տեղի չի ունեցել:
Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ