Նախագահական քարոզարշավի առաջին 10 օրերն արդեն անցել են, սակայն մրցակցային ընտրություններից եւ քաղաքակիրթ ընտրապայքարից խոսող թեկնածուներն այդպես էլ հանրությանն իրենց առավելությունները չեն փորձում ներկայացնել հրապարակային բանավեճերի միջոցով: Գրեթե առանց բացառության, ոչ իշխանական բոլոր թեկնածուներն էլ ասում են, թե պատրաստ են բանավիճել միմիայն մեկ թեկնածուի` Սերժ Սարգսյանի հետ: Ինչ խոսք, մենք հեռու ենք առաջադրված թեկնածուներից որեւէ մեկի արժանիքները Սերժ Սարգսյանի արժանիքներից պակաս համարելուց, ընդհակառակը: Խնդիրն այն է, սակայն, որ թեկնածուների այս պահվածքը պայմանավորված է ոչ այնքան իրենց առավելությունների եւ մնացյալների թերությունների գիտակցությամբ, որքան սեփական անձը կարեւորելու մարմաջով: Մինչդեռ կարծում ենք, որ հանրության համար անչափ հետաքրքիր կլիներ լսել, օրինակ, Հրանտ Բագրատյանի եւ Պարույր Հայրիկյանի բանավեճը, կամ էլ` Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Արման Մելիքյանի դիսկուրսը` արտաքին քաղաքական հարցերի շուրջ: Սա ընտրողներին ներկայանալու ամենապարզ եւ քաղաքակիրթ ճանապարհն է, եթե, իհարկե, այդ թեկնածուներն իրապես հարգում են իրենց ընտրողներին: Քանի որ կարող է, չէ, լինել այնպես, որ որեւէ մեկը հավանում է ե՛ւ Բագրատյանին, ե՛ւ Հայրիկյանին, սակայն վերջնականապես կողմնորոշվելու համար նրան պետք է հենց այդ ուղիղ համեմատությունը` բանավեճի տեսքով: Ու երբ այդ թեկնածուները զրկում են իրենց ընտրողին նման հնարավորությունից, դրանով իսկ ցույց են տալիս, որ իրենց աշխարհայացքով, ընտրական գործընթացի հանդեպ վերաբերմունքով եւ եսակենտրոն ամբիցիաներով շատ չեն տարբերվում Սերժ Սարգսյանից: Հակառակ պարագայում նրանք կգիտակցեին, որ բանավիճելով ամենացածր շանսեր ունեցող թեկնածուի հետ անգամ, իրենք չեն փոքրացնում սեփական քաղաքական կշիռը, ոչ էլ դիմացինի կշիռն են սեփականի հաշվին բարձրացնում: Դրանով իրենք պարզապես հարգանք են դրսեւորում ընտրություններ կոչվող ինստիտուտի հանդեպ: Ամենատխուրը, սակայն, այն է, որ իրենցից «ցածր քաղաքական կշիռ ունեցող» թեկնածուների հետ բանավիճելուց հրաժարվող թեկնածուները առիթը բաց չեն թողնում նույն այդ թեկնածուի հասցեին ցեխ շպրտելու համար` այս դեպքում բոլորովին չմտահոգվելով իրենց քաղաքական կշիռների անհամադրելիությամբ: Եվ կամ` չեն խորշում մրցակից թեկնածուների գաղափարները յուրացնելու կամ նրանց ձեռնարկած փի-առ ակցիայից սեփական կտորը պոկելու հարցում, ինչպես որ Անդրիաս Ղուկասյանի հացադուլի դեպքում արեց Պարույր Հայրիկյանը եւ պատրաստվում է անել Արամ Հարությունյանը: Կամ էլ` Արման Մելիքյանի` ցուցակների հրապարակման պահանջի հետ կապված արեցին Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հրանտ Բագրատյանը: Հետո էլ ասում ենք` ընտրությունների ինստիտուտը Հայաստանում չի կայանում: Մինչդեռ այդ ինստիտուտը ոչ միայն բուն քվեարկությունն է ու տաշի-տուշիներով քարոզարշավը, այլեւ մրցակիցներին եւ ընտրողներին հարգելու տարրական ունակությունը:
ԱՆՀԱՐԳԱԼԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ