ԱՐՏԱԳԱՂԹԻՑ ՄԻՆՉԵՎ «ԽԻԱՐԻ» ԲՈՒՍՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը երեկ՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ, Մովսես գյուղի եկեղեցու բակում մոտեցել է տարեց մի տղամարդու եւ հետաքրքրվել, թե ինչ խնդիրներ ունեն: Մեծահասակ տղամարդը պատասխանել է, որ իրենց մեծ խնդիրը գյուղը դատարկվելն է, որ բոլորը Ռուսաստանի Դաշնությունում են: Ի պատասխան ծերունու դժգոհության՝ ՀՀԿ առաջնորդը հայտարարել է. «Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են: Դրա համար է՞լ եմ ես մեղավոր, չթողնեիր՝ գնային»: Մովսես գյուղի բնակիչն էլ ասել է, թե եթե «զավոդ» լիներ, մարդիկ աշխատեին, երկիրը չէին լքի: «Գյուղում զավոդ լինե՞ր: Ա՛յ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում: Հայրի՛կ ջան, առանց այն էլ մենք շատ մեղքեր ունենք, ինչի՞ եք նոր մեղք բարդում մեր վրա: Եթե ասեիք՝ գյուղում գազ, ջուր, ճանապարհ չլիներ, կասեի՝ ես եմ մեղավոր, դրա համար ես եմ պատասխանատու, բայց որ քո էրեխեքը գնացել են Ռուսաստան, ե՞ս եմ մեղավոր: Թող մնար գյուղում, հող մշակեր, անասուն պահեր»,-այսպիսի պատասխան է տվել «ապահով Հայաստան» կառուցել խոստացող Ս. Սարգսյանը:
«Ժողովուրդ»-ն այս կապակցությամբ զրուցեց քաղաքական գործիչների հետ:
«Ժառանգություն» կուսակցության քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
-Պարո՛ն Սաֆարյան, փաստորեն, Ս. Սարգսյանն արտագաղթի մեջ մեղադրում է բոլորին, բացի իրենից: Վերջինս անգամ հայտարարել է, թե ժողովուրդն է մեղավոր, որ «խիարը թարս է բուսնում»: Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա հայտարարությունը:
-Ուրեմն, կոպտությունը մի կողմ դրած, որը, իհարկե, հարիր չէ երկրի նախագահին, շատ ավելի դաժան է նրա մտածողությունը, որը դրսեւորվում է այդ կոպիտ խոսելաձեւով: Եթե երկրի նախագահը չի գիտակցում, որ արտագաղթի համար ինքը պատասխանատու է, ապա նշանակում է, որ այդ նախագահը շատ անպատասխանատու մարդ է:
-Կարելի է ասել, որ Ս. Սարգսյանը գոնե քարոզարշավի ժամանակ բացահայտում է, թե իրականում ինքը ով է, եւ ինչ պետք է իրենից սպասել, եթե նորից «վերընտրվի»:
-Կարծում եմ, որ ինքն ամեն քայլափոխի բախվում է բուռն դժգոհության, որը շատերը չեն տեսնում: Գոնե ես այդ ամենին իմ աչքերով եմ ականատես եղել: Ընդամենը մի քանի օր առաջ եմ վերադարձել Տավուշի մարզից, որտեղ հասկացա, թե ինչպիսի մեծ հասարակական դժգոհություն կա եւ փոփոխությունների ինչպիսի մեծ հասարակական պահանջ: Հավանաբար Ս. Սարգսյանը նկատում է, որ մարդիկ ահավոր դժգոհ են, պահանջում են փոխել իշխանություններին, եւ իր վերաբերմունքը նա արտահայտում է նման կոպտությամբ:
-Բայց չե՞ք կարծում, որ եթե նա ինչ-որ բանից «վախենար», իր ուժերի վրա վստահ չլիներ, թե կարող է այդ դժգոհությունների «տակից» միայնակ դուրս գալ, քարոզարշավին կգնար մեծ շքախմբով: Ս. Սարգսյանը այս անգամ շրջում է միայնակ՝ առանց «թիմի»:
-Ես չեմ կարծում, որ նրա շրջապատն ի վիճակի է պաշտպանել իրեն: Օրինակ՝ Տավուշի մարզում հանդիպման ժամանակ նա իր հետ տարել է Տավուշի մարզպետին, որից ողջ մարզը «կուշտ» է: Ես դա ասում եմ որպես Տավուշի մարզի նախկին բնակիչ, որը շատ լավ տիրապետում է ժողովրդի տրամադրություններին: Քաղծառայողներից մինչեւ շարքային մարդիկ, գյուղապետերից մինչեւ տեղային պաշտոնյաներ ուղղակի հրաշալի գիտեն նրա գործունեության մասին: Ու այդ ամենի հետ կապված էլ ավելի լավ է, որ Ս. Սարգսյանը, որը չի ազատվում նման մարդկանցից, գոնե նրանց ուղեկցությամբ չի հայտնվում քարոզարշավի շրջանակներում մարդկանց հետ հանդիպելու: Ավելի լավ է միայնակ շրջի, քան ունենա նման շրջապատ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆ
-Տիկի՛ն Աճեմյան, Ս. Սարգսյանը Տավուշի մարզում քարոզարշավի ժամանակ հայտարարել է, թե արտագաղթի մեղավորն ինքը չէ ու անգամ մի տարօրինակ տեսակետ հայտնել, թե այդպես են անում, որ «խիարը թարս ա բուսնում»:
-Ես, ճիշտն ասած, չեմ լսել այդ արտահայտությունը, դրա համար չեմ կարող մեկնաբանել: Երեւի նա այլ բան է ասել: Իսկ ինչ վերաբերում է արտագաղթին, ապա համաձայն եմ՝ չափազանցնում են, որովհետեւ կան ապահովված մարդիկ, որոնք երկրից դուրս են գալիս:
-Բայց Հայաստանում, ըստ վիճակագրական տվյալների, արտագաղթն օր օրի աճում է, ու հիմնականում մարդիկ՝ հատկապես գյուղաբնակները, գնում են, քանի որ աշխատանք չունեն:
-Դա մենակ մեր երկրում չէ, բոլոր երկրներում էլ այդ վիճակագրությունը կա: Ու ինձ չի թվում, որ նախագահը կոպիտ է խոսում, ես բազմիցս քարոզարշավի ժամանակ տեսել եմ, թե ինչպես է նա պատասխանում ժողովրդի հարցերին: Չեմ հավատում, քանի որ մշտապես տեսել եմ, որ նա շատ հանդուրժող լսում եւ պատասխանում է:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ
-Պարո՛ն Ուրիխանյան, ՀՀԿ առաջնորդն իրեն չի համարում արտագաղթի մեղավորը: Այդ դեպքում ովքե՞ր են մեղավորները:
-Մենք բազմիցս դրա մասին խոսել ենք, բնականաբար, իմ կարծիքը ոչ մի կերպ չի փոխվել: Արտագաղթն այն մեծ հիմնական խնդիրն է, որը չափից դուրս վտանգավոր հետեւանքներ ունի երկրի ու ազգի համար: Մենք անընդհատ խոսել ենք դրա մասին ու ասել ենք, թե ովքեր են դրանում մեղավոր: Ես անգամ զարմանում եմ, որ նման հարց եք ինձ տալիս: Իսկ մնացածի հետ կապված՝ որեւէ բան չեմ կարող ասել, քանի որ չհասկացա, թե այդտեղ վարունգն ինչ կապ ունի: Երեւի այդ հարցում նախագահի խոսնակին դիմեք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս