ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ ՎՏԱՐԵԼ
Այսօրվա դրությամբ առաջնահերթ խնդիր է Հայաստանից միջազգային դիտորդական առաքելություններին վտարելը, քանի որ նրանց հիմնական նպատակը երկրում վերահսկողություն հաստատելն է հետագա թալանի համար: Երեկ նման տեսակետ է հայտնել «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքով՝ նախկինում Հայաստանում գրեթե բոլոր ընտրություններից հետո կեղծիքների դեմ բողոքող մարդկանց էին ձերբակալում, սակայն դիտորդները բացասական գնահատական էին տալիս, ինչի շնորհիվ իշխանությունները մեկ ամսից ստիպված ազատում էին նրանց: «Իսկ 2007թ. միջազգային դիտորդներն առաջին անգամ հայտարարեցին, որ Հայաստանում ընտրությունները մեկ քայլ առաջ են, եւ մենք բոլորս հիշում ենք, թե որքան ժամանակ են բանտում անցկացրել Ժիրայր Սէֆիլյանը եւ Վարդան Մալխասյանը»,-նկատել է Մանուչարյանը:

ՈՐ ԿՈՒԼԱՆ ԼՍԻ
ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում «Հայփոստ»-ի մասնաճյուղի շենքի վրայից պոկել է իր քարոզչական պաստառը: Նա դա բացատրել է օրենքի պահանջով, ըստ որի՝ արգելված է պետական կառույցները քարոզչության նպատակով օգտագործելը: Ի դեպ, նույն շենքի վրա փակցված են նաեւ Սերժ Սարգսյանի քարոզչական պաստառները: Ուշագրավ է, սակայն, որ «Ժառանգություն» կուսակցության՝ Արարատի մարզի համակարգող Գեւորգ Օհանջանյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ ավագանու նիստում որոշում էր կայացվել «Հայփոստ»-ի շենքի տվյալ հատվածում քարոզչական պաստառներ փակցնելու մասին, եւ այդ նկարները փակցված էին թույլատրելի տեղերում:

ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ
Գլխավոր դատախազության կայքի տեղեկացմամբ` ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից 2013թ. հունվարի 24-ին` ժամը 14:50-ին, Հ. Նորեյանը ահազանգել է ՀՀ ոստիկանություն եւ հայտնել, որ Արարատի մարզի Վանաշեն համայնքի ղեկավար Ա. Գրիգորյանը խոչընդոտում է թեկնածուի քարոզարշավը: Մասնավորապես` նա նշել է, որ թեկնածուի նախընտրական շտաբի անդամները ցանկացել են քարոզչական պաստառներ փակցնել գյուղում, սակայն գյուղապետը գումար է պահանջել: Կատարվածի կապակցությամբ Ա. Գրիգորյանը ոստիկանությունում բացատրություն է տվել, որ նկատելով անծանոթ անձանց՝ մոտեցել է` ճշտելու, թե ովքեր են, ապա բացատրել պաստառներ փակցնելու կարգը, ինչին շտաբի անդամները չեն համաձայնել` հայտարարելով, որ գյուղապետը խոչընդոտում է իրենց աշխատանքը: Հ. Նորեյանը եւ մյուսները ծանուցագրով հրավիրվել են ոստիկանության բաժին:

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը, Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս, Միջնատուն ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին¬դա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների օգտագործման դեպքում:

ԱՃՈՒՄ ԵՆՔ ՕՐ ՕՐԻ
ՀՀ ոստիկանությունը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններից 20 օր առաջ (29.01.2013թ. դրությամբ) հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` 2 507 004։

ԱՆՀԱՋՈՂ ԿԱՏԱ՞Կ
«Դա կա՛մ անհաջող ինտերպրետացիա է, կա՛մ անհաջող կատակ»,-ասել է Երեւանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի տարածքով թռչող քաղաքացիական ինքնաթիռները կործանելու մասին Ադրբեջանի կառավարության որոշումը: «Ես Ադրբեջանը համարում եմ քաղաքակիրթ երկիր, որը հավատարիմ է համամարդկային նորմերին»,-նշել է Բորդյուժան՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին: «Խիստ կասկածում եմ, թե որեւէ երկրի ղեկավարություն կարող է քաղաքացիական ինքնաթիռները դիտմամբ կործանելու հրաման տալ: Մեր պատմության մեջ եղել են նման դեպքեր, բոլորս հիշում ենք Հեռավոր Արեւելքի ողբերգությունը եւ համաշխարհային հանրության արձագանքը»,-հստակեցրել է Բորդյուժան:




Լրահոս