Ամփոփվել են 2015թ. ամառային զորակոչի նախնական արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2015թ. ամառային զորակոչի նախնական արդյունքները:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների, զորակոչային հանձնաժողովի ներկայացուցիչներ և առողջապահության ոլորտի պատասխանատուներ:

Բացման խոսքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է իրականացված աշխատանքների վերլուծությունը՝ նկատված թերությունները վեր հանելու, համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու և հաջորդ զորակոչին ավելի բարձր մակարդակով նախապատրաստվելու նպատակով:

Հանդիպման ընթացքում հիմնական հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանը: Զեկույցում մանրակրկիտ վերլուծության են ենթարկվել ամառային զորակոչի թե դրական միտումները, և թե որոշակի բացթողումները: Անդրադարձ է եղել զորակոչվածների թվաքանակին, ծառայությանը ոչ պիտանի ճանաչվածների վիճակագրական տվյալներին, զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների կատարած աշխատանքներին, զորակոչիկների բուժզննման և կանխարգելիչ պատվաստման խնդիրներին:

Քննարկվել են հայտնաբերված իրավախախտումներին ու հանցագործություններին, զորակոչից խուսափողների նկատմամբ համապատասխան պատժամիջոցների կիրառմանը, ինչպես նաև գործընթացին առնչվող այլ հարցեր: Արձանագրվել է, որ ամառային զորակոչի պլանը գերակատարվել է, էապես նվազել են կոռուպցիոն դեպքերը, իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ, որոնց նպատակն է եղել ամրապնդել զինված ուժերի հանդեպ հասարակության վստահությունը:
Երիտասարդների բուժհետազոտության, կենտրոնական բժշկական հանձնաժողովի աշխատանքերի կազմակերպման, ուսման նպատակով տարկետում ստանալու, զորակոչից խուսափողներին արագ հայտնաբերելու և հարակից մի շարք այլ հարցերի առնչությամբ հնչել են նաև որոշակի առաջարկություններ:

Ամփոփելով խորհրդակցությունը պաշտպանության նախարարը օրակարգային հարցերի շուրջ իր նկատառումները ներկայացրեց հանդիպման մասնակիցներին՝ ևս մեկ անգամ ներկաների ուշադրությունը հրավիրելով հաջորդ զորակոչի շրջանակում նախատեսվող գործընթացների ճիշտ ու անթերի կազմակերպման վրա և դրանց կատարման ուղղությամբ տվեց համապատասխան հանձնարարականներ:




Լրահոս