ՀՀԿ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ ՄԱ՞ՐԴ Է ՍՊԱՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 28-ին սպանություն է տեղի ունեցել Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղի 20-րդ փողոցի թիվ 112 հասցեում: Սարի թաղի 3-րդ փողոցի բնակիչ 43-ամյա Սերգեյ Գալստյանը վիճաբանել է  26-րդ փողոցի բնակիչ Էդիկի հետ, որն առավել հայտնի է Օդոլ մականվամբ եւ Սարի թաղի ՀՀԿ շտաբի պետն է: Արդյունքում Օդոլը հրազենից կրակել եւ  սպանել է Ս. Գալստյանին:
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ն այցելեց Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղի 3-րդ փողոց, որտեղ ապրում էր սպանված Ս. Գալստյանը:
Տան մուտքի մոտ հավաքված էին սպանվածի ընկերներն ու հարազատները, որոնք չցանկացան կատարվածի մասին մեկնաբանություն տալ: «Սիրտ ու հավես չունենք, ո՞նց կարող ենք այսքան բանից հետո խոսել»,-նշեցին հարազատները՝ խորը ցավով ափսոսալով, որ հանցագործը գոնե օդ չի կրակել:
Տեղեկացանք, որ Սերգեյ Գալստյանն ամուսնացած էր եւ ապրում էր հարազատներից առանձին` կնոջ եւ երկու երեխաների հետ. աղջիկը 5 տարեկան է, տղան` 7:
Հարեւաններից շատերը նշեցին, որ Սերգեյը շատ լավ անձնավորություն էր եւ ընտանիքին նվիրված հայր. «Աշխատող տղա էր, կռվարար չէր, առեւտրով էր զբաղվում ու իր օրվա ապրուստը հոգում»: Ներկայանալ չցանկացած որոշ հարեւաններ էլ նշեցին, որ շատ լավ են ճանաչում նաեւ Սերգեյին սպանողին` Էդիկին, եւ իրենց համար զարմանալի էլ չէ, որ նրա նմանները կարող են մարդ սպանել. «Սարսափելի ու այլանդակ անձնավորություն է եւ ինչ- որ հիվանդություն ունի, մազերը թափվում են, ինքն էլ քաչալ գլխով է: Մի խոսքով, նրանից սպասելի է, քանի որ սա առաջին դեպքը չէ, նա մշտապես խառը իրավիճակների մեջ է հայտնվում»:
Դրկիցների ներկայացմամբ` Էդիկը երկար տարիներ աշխատում է Հանրապետական կուսակցության համար եւ Սարի թաղի ՀՀԿ շտաբի պատասխանատուն է:
Տեղեկացանք նաեւ, որ Օդոլը նույնպես ամուսնացած է եւ ունի երկու երեխա: Նրա եղբայրը երկար տարիներ եղել է Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղի թաղային տեսուչը, իսկ հիմա անցել է թոշակի: «Դեպքը տեղի  է ունեցել Սարի թաղի 20-րդ փողոցում, եւ սկզբից չհասկացանք, թե ինչ է կատարվում: Ավելի ուշ աղմուկ բարձրացավ, եւ հետո նոր իմացանք, որ մարդ են սպանել»,-ասացին հարեւանները: Նրանք պատմեցին, որ լսել են, թե Օդոլն ու Սերգեյը շատ լուրջ վիճաբանություն են ունեցել, իսկ թե ինչն է եղել վեճի պատճառը, չկարողացան ասել:
Նշենք, որ ըստ NEWS.am-ի` կողմերի միջեւ վիճաբանության պատճառ են դարձել երեխաները: Սերգեյ Գալստյանի քրոջ երեխաները վիճել են Էդիկի երեխաների հետ, ապա միջամտել են մեծերը: Օդոլն ու Սերգոն հանդիպել են ու վիճաբանել:
«Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ հունվարի 29-ին՝ ժամը 00:30-ին, ոստիկանությունը պարզել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան եւ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը` պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս