Պատրաստ եմ աշխատանքս կորցնել, բայց մինչև վերջ գնալ. Իջևանի նախկին քաղաքապետ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իջեւանի նախկին քաղաքապետ, Կադաստրի Տավուշի մասնաճյուղի տնօրեն Վարուժան Ներսիսյանը 2011-ի ընտրություններում պարտվեց ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանին: Ընդդիմադիրի աստեղային ժամն ապրող ԲՀԿ-ի համար սկզբունքային հարց էր համապետական ընտրություններին ընդառաջ «գրավել» քաղաքներից մեկը: Վարուժան Ներսիսյանը պարտությունից հետո եւ հիմա էլ հայտարարում է, որ իր պարտությունը պայմանավորված էր նրանով, որ մի ամբողջ կուսակցություն էր ուժերը լարել իր դեմ:

Նա երեք անգամ քաղաքապետ է ընտրվել, եղել է անկուսակցական, իսկ չորրորդին մասնակցել է ՀՀԿ-ի անդամատոմսով ու պարտություն կրել: Հիմա նա որոշել է կրկին պայքարել քաղաքապետի պաշտոնի համար, նույն Վարդան Ղալումյանի դեմ, որն արդեն ՀՀԿ-ական է, իշխող կուսակցությանն անդամագրվել է վերջերս, երբ Ծառուկյանը հրաժարվեց ԲՀԿ-ի ղեկավարությունից, կուսակցությունը լքեցին շատերը, որոնց թվում՝ Վարդան Ղալումյանը:

Մեր զրույցը Վարուժան Ներսիսյանի հետ:

– Պարոն Ներսիսյան, ի՞նչ ակնկալիքներով եք նորից առաջադրել Ձեր թեկնածությունը: Դուք անցած անգամ, ՀՀԿ-ի աջակցությունն ունենալով, պարտվեցիք, հիմա էլ պայքարելու եք ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուի դեմ:

– Իմ սահմանադրական իրավունքն եմ իրացրել եւ առաջադրվել եմ, քանի որ, չասեմ վերամբարձ, հասարակական պահանջ կա, իջեւանցիները տեսնում են, որ բավականին խնդիրներ կան, այդ խնդիրները չեն լուծվում, դժգոհություններ կան ներկայիս քաղաքապետի նկատմամբ, եւ ես իրենց խնդրանքով առաջադրվել եմ: Իսկ անցած անգամ ինքն օգտագործել է «Բարգավաճի» բոլոր ռեսուրսները: Դուք պատկերացրեք, որ որեւէ համայնքի ղեկավար փորձեց պայքարել մի ամբողջ կուսակցության դեմ:

– Բայց, փաստորեն, այս անգամ էլ ՀՀԿ-ն կաջակցի Վարդան Ղալումյանին:

– Ես չեմ կարող ասել, թե մեր կուսակցությունն ինչպես կվարվի, որովհետեւ այդ հարցին ես չէ, որ պետք է պատասխանեմ: Գտնում եմ, որ իմ հնարավորությունները բավական բարձր են:

– Բացառո՞ւմ եք, որ պայքարի կեսից դուրս կգաք, որովհետեւ Ձեր մրցակից Ղալումյանը մեր զրույցում կասկածներ հայտնեց, որ չեք շարունակի պայքարը՝ «խայտառակ պարտությունից» խուսափելու համար:

– Ես չեմ կարող այդպիսի հայտարարություններ թույլ տամ ոչ իմ մրցակցի հասցեին, ոչ էլ այդպիսի ենթադրություններ անեմ, դա մարդու տեսակի խնդիր է:

– Դուք ՀՀԿ-ական եք, հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀՀԿ-ն Ձեզ հեռացնի իր շարքերից, այդպիսի նախադեպեր կան, Դուք, փաստորեն, ՀՀԿ-ականի դեմ եք պայքարելու:

– Ես չեմ կարող ենթադրություններով առաջնորդվել, հետո՝ այդ հարցերի պատասխանը ես չէ, որ պիտի տամ: Ես պատրաստակամ եմ մինչեւ վերջ պայքարելու, անգամ աշխատանքից ազատվելու, բայց մինչեւ վերջ գնալու եմ:

– Ի՞նչ հարաբերություններ ունեք գործող եւ նախկին մարզպետների հետ:

– Նորմալ:

– Տեղեկություններ կան, որ նախկին մարզպետի աջակցությունն ունեք:

– Նման հարցերի մասին իրենց պետք է հարցնեք: Դեռեւս գրանցումները չեն իրականացվել, միգուցե մարդիկ դեռ կողմնորոշված չեն, ընդամենը դրանք խոսակցությունների մակարդակում են…

– Փաստորեն, ՀՀԿ-ականը պայքարում է ՀՀԿ-ականի դեմ:

– Ես այդպես չէի ասի, սա համայնքային ընտրություն է, եւ ընդամենը պայքար է լինելու ծրագրերի եւ հասարակության մեջ ունեցած վարկանիշի միջեւ: Ընդհանրապես, ՏԻՄ ընտրությունները պետք է մի քիչ տարբերակել համապետական ընտրություններից եւ մտածել, որ սա ներհամայնքային խնդիրների համատեքստում պետք է դիտարկել: Անցած անգամ ես պարտվեցի, որովհետեւ մի ամբողջ կուսակցություն պայքարեց իմ դեմ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս