ՍՊԱՆԵԼ Է ԾԵՐՈՒՆԻՆ
ԱՄՆ Քանզաս քաղաքի 93-ամյա բնակիչը սպանել է իր 95-ամյա տիկնոջը, ում հետ ապրել է 70 տարի: Կնոջը սպանելուց հետո ծերունին փորձել է վերջ տալ նաեւ իր կյանքին, սակայն հասցրել են նրան հիվանդանոց տեղափոխել եւ փրկել կյանքը: Նա իրավապահներին պատմել է, որ էլ չի կարողացել հանդուրժել կնոջ անընդմեջ դժգոհություններն ու վեճերը: Դատախազությունը երկրորդ աստիճանի ծանրության սպանության մեղադրանք է առաջադրել ծերունուն:
ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԳԱՀԻՑ
Նիդերլանդների թագուհի Բեատրիսը հեռանում է իր գահից` այն թողնելով որդուն` Վիլլեմ-Ալեքսանդրին, որը հունվարի 30-ին կստանձնի գահը: Մոտ ժամանակներս թագուհին ուղերձով հանդես կգա՝ ամենայն հավանականությամբ ասելու իր որոշման պատճառների մասին: Հունվարի 31-ին Բեատրիսը կնշի նաեւ իր 75-ամյակը, նա սկսել է կառավարել 1980թ.-ից:
ԱՌԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ
Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է 42-ամյա տղամարդու, որը՝ որպես բժիշկ, 5 տարի աշխատել է Վալենսիայի առողջապահական կենտրոնում՝ դրա համար չունենալով համապատասխան կրթություն եւ արտոնագիր: Ենթադրվում է, որ բժիշկների պրոֆեսիոնալ անձնակազմում ընդգրկվելու համար ձերբակալվածն օգտագործել է կեղծ բժշկական վկայագրեր, որոնք ինքն է կազմել: Առայժմ նրան մեղադրանք չի ներկայացվել:
ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՀՅՈՒՐԱՆՈՑ
Նիդերլանդների Սթավորեն նավահանգստային քաղաքում կառուցվել է հյուրանոց գինու տակառներից: Այն կառուցված է 4 տակառներից, որոնք, ժամանակին լցված լինելով 14 500 լ գինով, բերվել են Շվեյցարիայից եւ փոխակերպվել հյուրանոցի համարների: Այս անսովոր համարների արժեքը տատանվում է 60-119 եվրո միջեւ` գիշերվա համար: Մարդիկ ամբողջ աշխարհից Սթավորեն են այցելում` այդ յուրահատուկ հյուրանոցը տեսնելու: