ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե մատակարարն ինչ կարգով է բաժանորդին տեղեկացնում նախորդ ամսվա նրա սպառած էլեկտրաէներգիայի ծախսի մասին:
Հերմինե Մկրտումյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մատակարարը պարտավոր է.
ա) մինչեւ յուրաքանչյուր ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, փոստային բաժանմունքների համապատասխան սպասարկման կետերում տեղադրել տեղեկատվություն՝ նախորդ ամսվա ընթացքում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի եւ արժեքի մասին, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ,
բ) մինչեւ յուրաքանչյուր ամսվա 10-ը հանրապետական նշանակության մետրային հեռարձակում ունեցող 2 հեռուստաալիքով 2-ական անգամ՝ ժամը 18:00-ից 20:00-ն եւ 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում, հայտարարել նախորդ ամսվա ընթացքում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի եւ արժեքի մասին տեղեկատվությունը տեղադրելու օրը,
գ) սպառողի դիմելու դեպքում տրամադրել վերջինիս նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի քանակի եւ արժեքի մասին տեղեկատվությունը՝ սույն կետի ա) ենթակետում նշված կետերում, ինչպես նաեւ կանոնների 74-րդ կետով նախատեսված շուրջօրյա հեռախոսային ծառայության միջոցով:
Նախորդ ամսվա էլեկտրաէներգիայի ծախսի վճարման հաշիվը փոստով կամ էլեկտրոնային փոստով ներկայացնելու՝ սպառողի գրավոր պահանջի կամ այդ պարտավորությունը պայմանագրով սահմանված լինելու դեպքում մատակարարը պարտավոր է կատարել այդ պահանջը՝ սույն կետով սահմանված ժամկետում: Վճարման հաշիվը փոստով առաքելու պահանջի դեպքում այդ ծառայության համար վճարում է սպառողը: Վճարման հաշվի ներկայացումն էլեկտրոնային փոստով կատարվում է անվճար:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծում ենք` ոչ բոլոր սպառողները գիտեն տեղեկացման այս կարգի մասին, որպեսզի օգտվեն վերոհիշյալ հնարավորություններից: