ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՆՄԱՆԱՏԻՊ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ բոլորը փորձում են պարզել, թե Սերժ Սարգսյանի «կարճատեւ» արձակուրդն ինչու այսքան երկարեց, այդ հարցի պատասխանն ինքնըստինքյան ստացվում է ՀՀ Կառավարության կողմից հերթական մութ գործարքը կնքելու տեսքով: ՀՀ Կառավարությունը երեկ կայացրած որոշմամբ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կես գնով` 30 միլիոն դոլարով, վաճառեց 20 օր առաջ գրանցված մի ընկերության` «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ին: Եւ ասել, թե այս գործարքը խայտառակություն է, նշանակում է՝ ոչինչ չասել: Այս գործարքը խայտառակություն լինելուց բացի՝ նաեւ դասական կոռուպցիայի օրինակ է: Ուրիշ կերպ հնարավոր չէ գնահատել տեղի ունեցած գործարքը, որի արդյունքում հսկայական պետական գույքը հանրությունից գաղտնի ձեւով, կես գնով տրվեց մի ընկերությանը, որը, ինպես «Ժողովուրդ»-ը պարզեց, ընդամենն օրեր առաջ է բացվել:
Ի դեպ, երբ Սերժ Սարգսյանը զբաղեցրեց նախագահի պաշտոնը, որոշ ժամանակ հետո իշխանական կուլիսներում խոսվում էր, թե նախորդ նախագահը մի շարք խոշոր գործարքներից իր «փայն» ուներ, եւ այն երբեմն ավելի մեծ էր լինում, քան գործարքի պաշտոնական արժեքը: Կասկած չկա, որ որոշ ժամանակ անց «ներկայի» մասին էլ նույնն են պատմելու, եւ օրինակներից մեկն էլ, թերեւս, կարող է լինել մարզահամերգային համալիրի վաճառքի գործարքը:

 

 

 
Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին վերջնականապես հասկացրել են, որ չպետք է փորձի Հայաստանի քաղաքական կյանքին լուրջ միջամտել: Ինչպես մամուլում գրվել էր՝ Աբրահամյանը վերջին շրջանում Հայաստանի քաղաքական որոշ շրջանակների հետ ակտիվորեն քննարկում էր նոր կուսակցություն ստեղծելու կամ եղածներից որեւէ մեկում «ներդրում» կատարելու ճանապարհով 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու տարբերակը: Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ իշխանական վերնախավից Աբրահամյանին զգուշացրել են, որ ցանկացած ինքնուրույն «խաղ» դատապարտված կլինի: Նրան առաջարկել են իր եղբայրներից մեկին կամ երկուսին «տեղավորել» «Օրինաց երկիր» կուսակցության նախաձեռնած «Ազգային վերածնունդ» նախագծում, եւ եթե կստացվի, ապա այդ ճանապարհով նրանց դարձնել պատգամավոր: Եւ այդ փորձն Արա Աբրահամյանն ունի. նրա եղբայրներից Սերյոժա Աբրահամյանը 2007-ին հենց ՕԵԿ ցուցակով էր պատգամավոր դարձել:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին ՀՀ վճռաբեկ դատարանը կհրապարակի ՀՀ ֆինանսների նախարարության եւ «Երեւան գարեջուր» ընկերության միջեւ դատական վեճի վերաբերյալ իր որոշումը: Հարկայինը դեռեւս անցած տարի ստուգումներ էր իրականացրել «Երեւան գարեջրում» եւ 650 միլիոն դրամով տուգանել: Ակտն ընկերությունը դատական կարգով բողոքարկել էր: Մեր տեղեկություններով՝ խնդիրը քննարկվել էր նաեւ Սերժ Սարգսայանի մոտ, եւ նա խոստացել է հարցը կարգավորել: «Երեւան գարեջրի» սեփականատերը, ինչպես հայտնի է, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանն է՝ Կիլիկիայի Հակոբը: Երեկ նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Չեմ ցանկանում, որպեսզի որեւէ տնտեսվարողի վրա նման տուգանք կիրառվի, դա հավասար է նրան, որ տվյալ տնտեսվարողը պետք է դադարեցնի իր գործունեությունը: Առաջիկայում վճիռը կկայացվի: Չեմ կարծում, որ փակման վտանգ կա. արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում»:

 

 

 
Այն հանգամանքը, որ ՀՀ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյանը դատարանի կողմից սնանկ ճանաչվեց, դա դեռ չի նշանակում, որ նրա անձի շուրջ դատական վեճերը դադարել են: «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Հրազդանի բնակիչ Կարապետ Օհանյանը դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով պատգամավորին սնանկ ճանաչել, այս տարվա ապրիլի 8-ին դատարանը բավարարել էր նրա դիմումն ու Մելիքյանին սնանկ ճանաչել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ պատգամավորի դեմ հերթական հայցն է ներկայացվել: Գարիկ Գալեյան անունով հայցվորը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պնդելով, որ Սպարտակ Մելիքյանը պայմանագրային ինչ-որ պարտավորություններ չի կատարել, եւ դատարանից պահանջել է մինչեւ իրենց վեճի քննությունը, կալանք դնել պատգամավորին եւ նրա հարազատներին պատկանող 13 անուն անշարժ գույքի վրա, որոնցից 9-ը գտնվում են Երեւանում: Դատավոր Արիստակես Սիսակյանն էլ միջնորդությունը բավարարել է եւ գույքի վրա կալանք դրել: Նախկին ԺԱԿ նախագահի գրեթե ողջ ունեցվածքը «կալանքի տակ է»:

 

 

 
ԴԱՍԵՐ ՉՔԱՂԵԼՈՎ

Արձագանքելով Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, թե Կառավարությունը չի սուբսիդավորի խոշոր բիզնեսի ծախսած էլեկտրաէներգիայի սակագնի լրացուցիչ 6.93 դրամը, «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը երեկ ահազանգել է, որ դա կբերի շղթայական թանկացումների եւ կտանի տնտեսության էլ ավելի վատթարացմանը։ «Ժողովուրդն արդեն ցույց է տվել իր վճռականությունը այս հարցի շուրջ եւ, եթե իշխանավորները դասեր չքաղեն իրենց սխալներից, խելքները գլուխները չհավաքեն եւ շարունակեն իրենց լկտի քաղաքականությունը, ապա կրկին կտեսնենք քաղաքացիներին փողոցում, բայց այս անգամ կլինի շատ ավելի վճռական ու կոշտ տրամադրված պայքար»,-զգուշացրել են նախաձեռնությունից:
Իհարկե, կասկածից դուրս է, որ այս դեպքում թանկացումներն անխուսափելի են լինելու, սակայն մյուս կողմից էլ՝ Կառավարությունը մեկ ամիս շարունակ փնտրտուքների մեջ էր եւ չէր կարողանում Սերժ Սարգսյանի տված խոստման տակից դուրս գալու լուծում գտնել: Ուստի որեւէ մեկը չպետք է սպասեր, որ Կառավարությունը պատրաստվում է սուբսիդավորել նաեւ տնտեսվարողներին: Ասել է թե` այս միանգամայն սպասելի որոշմանը հակադարձելով` նախաձեռնությունը եւս մեկ անգամ փաստում է, որ այլեւս պրոցեսներ ձեւավորողից վերածվել է այդ պրոցեսներին պոստֆակտում արձագանքողի:
Իսկ թե որքանով են այդ արձագանքներում իշխանությունների հասցեին առկա զգուշացումներն ազդեցիկ, այլեւս մեծ հարցականի տակ է, քանի որ այսօր արդեն էլէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիական հատվածն այն աստիճան է պառակտվել եւ ամենատարբեր` քաղաքական եւ հասարակական անհաջողակներով համալրվել, որ հանրությունն այլեւս չի հասկանում, թե ով ինչի դեմ կամ ինչի համար է պայքարում:
Դեռ հունիսի 28-ին, երբ «Ո՛չ թալանին»-ը որոշեց ազատել Բաղրամյան պողոտան` ընդունելի համարելով Ս. Սարգսյանի` աուդիտի մասին առաջարկը, առիթ ունեցել ենք գրելու, որ շատ շուտով թե՛ Բաղրամյանում մնացողները եւ թե՛ «Ո՛չ թալանին»-ը կորցնելու են իրենց հնչեցրած պահանջներին տեր կանգնելու այն մեծ հանրային, ինչու ոչ` նաեւ քաղաքական ռեսուրսը, որը չափազանց կարեւոր էր լինելու աուդիտի անցկացման գործընթացը վերահսկելու եւ իշխանությունների վրա ճնշումը չթուլացնելու համար:
Ցավոք, այսօր արդեն ականատեսն ենք այդ ռեսուրսի ամբողջական փոշիացման, այն դեպքում, երբ աուդիտն անգամ չի էլ սկսվել: Թե՛ «Ո՛չ թալանին» նախաձեռնության ներսում տեղի ունեցած հակասական գործընթացները, այդ թվում` Վաղինակ Շուշանյանի հեռանալը, թե՛ նրանց զուգահեռ գործող «Ոտքի՛, Հայաստան» շարժման այդպես էլ չհասունացող պահվածքը ցույց են տալիս, որ այս փուլում իշխանությանը հաջողվել է չեզոքացնել քաղաքացիական ընդվզման հնարավորությունը, եւ նրանց ուղղված «խելքները գլուխները հավաքելու» եւ «դասեր քաղելու» հորդորները կարող են միայն վերջիններիս ժպիտը հարուցել: Իսկ դասեր քաղել հիմա պետք է հենց իրենց` ակտիվիստներին:




Լրահոս