«Խնդրում եմ՝ ոչ մեկին չմեղադրել». ինքնասպանությունից առաջ, ըստ նախնական տեղեկության, նմանատիպ բովանդակությամբ գրություն է թողել Հայաստանում շվեյցարական ժամացույցների` «Էյֆֆել» անունը կրող խանութների ցանցի սեփականատեր Գեորգի Մկրտչյանը: Նրա դիակի մոտ հայտնաբերվել էր որսորդական հրացան:
Գործարարի՝ Նորք-Մարաշի Նորքի այգիներ թաղամասում գտնվող առանձնատունն արդեն մի քանի օր է՝ բազմամարդ է. Գեորգի Մկրտչյանի ազգականներն ու մտերիմները սգում են նրա անժամանակ և անհասկանալի մահը: Ինչպես Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց ինքնասպանության դիմած գործարարի հարևանուհին, ոչ ոք չի կարողանում հասկանալ՝ ինչը կարող էր նրան ինքնասպանության դրդել. «Երիտասարդ տղա էր: Հարգված, սիրված շրջապատի ու իրեն ճանաչողների կողմից: Ինչո՞ւ պետք է նման բան աներ: Հարազատներն արդեն քանի օր է՝ ուշքի գալ չեն կարողանում, սթրեսի, շոկի մեջ են: Երեք երեխա ուներ՝ մեկը մյուսից լավը: Անկեղծ ասած, Գեորգիի հետ այդքան շատ չենք շփվել, հիմա էլ հարազատներն այնպիսի վիճակում են, որ ճիշտ չենք գտնում այս պահին նրանց հետ կատարվածի մասին խոսել»:
Armlur.am-ը զրուցեց նաև Գեորգի Մկրտչյանի մտերիմ ընկերոջ հետ, ով հրաժարվեց ասել անունը: Ընկերը նպատակահարմար չգտավ այս պահին որևէ վարկած առաջ քաշել ինքնասպանության դրդապատճառների հետ կապված՝ միաժամանակ նշելով, որ իրենց մտքով որևէ բան չի անցնում: Դիտարկմանը, որ լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, թե ամենայն հավանականության ինքնասպանության պատճառը ֆինանսական խնդիրներն են եղել, մեր զրուցակիցը ի պատասխան նշեց. «Նույնիսկ մենք չենք կարողանում հասկանալ՝ ինչը կարող է պատճառ դառնալ: Դուք ինչպե՞ս եք ենթադրություններ անում: Ոչ մի այնպիսի խնդիր չկար, որ նրան ինքնասպանության դրդեր: Շուտով ամեն ինչ պարզ կդառնա»: Գեորգի Մկրտչյանի ընկերոջ փոխանցմամբ, նրա դրամական միջոցները կբավականացնեին ամեն ծախս հոգալու համար:
Հավելենք, որ գործարարի ինքնասպանության դեպքով քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել, ինքնասպանության պատճառների մասին պաշտոնական տվյալներ դեռևս չկան:
Armlur.am-ը պարզեց, որ Գեորգի Մկրտչյանը «Ստալկեր» ՍՊԸ հիմնադիր տնօրենն էր: Նրա բնակարանը ներկայացված է որպես ՍՊԸ -ի իրավաբանական հասցե: Հենց այս ընկերության մի մասն էլ կազմում է «Էյֆֆել» ժամացույցի խանութների ցանցը: Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին: Ընկերության համահիմնադիրներն են նաև Ավետիք Սահակյանն ու Անդրանիկ Ստեփանյանը: Դեռևս 2010 թվականին Լեզվի պետական տեսչությունը հայց է ներկայացրել ընդդեմ ընկերության՝ պահանջելով դատարանից տուգանք սահմանել Լեզվի մասին օրենքի խախտման համար: «Ստալկեր» ընկերությունը խախտել էր ցուցանակի և գործավարության` հայերենով կատարելու պահանջը: Դատարանը, սակայն, մերժել էր հայցը: Ի դեպ, Armlur.am-ի թղթակիցը ֆիքսեց, որ ժամացույցների խանութների ցանցն արդեն երկրորդ օրն է`փակ է:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը այսօրվա իր համարում հայտնել էր, որ գործարարի մտերիմների համար տարօրինակն այն է, որ դեպքը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ նա որոշել էր Վրաստանում բիզնես գործունեություն սկսել: