ՀՀ Կառավարության հուլիսի 23-ի հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ պետք է կես տարով հետաձգել տեսչական մարմինների ստուգումները: Վարչապետը հայտարարեց նաեւ, որ տնտեսվարող սուբյեկտներից բավական երկար ժամանակ է, ինչ բողոքներ է լսում, ինչի համար հորդորում է «հանգիստ» թողնել բիզնես գործունեություն իրականացնողներին:
Ընդունած որոշման համաձայն՝ տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները կտրուկ կսահմանափակվեն: Այսինքն` ստուգումներ կիրականացվեն միայն բարձր ռիսկային գոտում գտնվող տնտեսվարողների մոտ:
«Այս որոշման ընդունումը շատ կարեւոր է եւ դրական ազդեցություն է ունենալու գործարար միջավայրի բարելավման վրա: Այդ առումով հանձնարարում եմ բոլոր նախարարներին խստագույնս հետեւել օրենքի տառին եւ այս որոշմամբ սահմանված կարգավորումներին: Մյուս կողմից՝ հորդորում եմ մեր տնտեսվարող սուբյեկտներին որոշման պահանջները տեսչական մարմինների կողմից չպահպանելու դեպքերում գրավոր դիմել համապատասխան նախարարին կամ Կառավարության աշխատակազմ, որին, երաշխավորում եմ, սահմանված կարգով ընթացք կտրվի ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության կողմից: Իսկ ինչ վերաբերում է հարկային ստուգումներին, կարեւորելով պետական բյուջեի եկամուտների ապահովման խնդիրը, ֆինանսների նախարարության կողմից անցկացվող հսկողական միջոցառումները պետք է իրականացնել բացառապես ստվերային շրջանառության առկայության դեպքերում, ռիսկերի կառավարման համակարգի հիման վրա ֆինանսական ցածր կարգապահություն դրսեւորող հարկ վճարողների նկատմամբ»,-նշել էր վարչապետը:
Երեկ «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ Կիլիկիայի Հակոբ հետ` պարզելու համար, թե այս ժամանակահատվածում ինչ արդյուք է տվել ՀՀ վարչապետի հանձնարարականը, արդյո՞ք տեսչական ստուգումների նվազեցումը դրական է անդրադարձել տնտեսվարողների գործունեության վրա:
-Պարո՛ն Հակոբյան, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորել է սահմանափակել տեսչական ստուգումների իրականացումը` տնտեսվարողներին լրացուցիչ խնդիրներից ազատելու նպատակով: Ի՞նչ է «շահել» Ձեր սեփականությունը հանդիսացող գործարանն այս ժամանակահատվածում:
-Նախ պետք է նշեմ, որ ես բիզնես գործունեությամբ չեմ զբաղվում, այն ամենն ինչ արվում է, արվում է իմ ընտանիքի անդամների կողմից: Դա ընտանեկան բիզնես է, որը ղեկավարում են իմ ընտանիքի անդամները: Իսկ ինչ վերաբերում է արդյունքներին, ապա կարծում եմ, որ դեռեւս շուտ է ինչ-որ բանի մասին խոսել, գոնե մեկ ամիս պետք է անցնի, որպեսզի հասկանանք, թե ինչ արդյունք ունենք: Ես կարծում եմ նաեւ, որ վարչապետի հայտարարությունը շատ դրական է: Եթե խոսքն իմ ընտանեկան բիզնեսի մասին է, ապա ստուգումները չափի մեջ են եղել, բայց կարծում եմ, որ եթե բիզնեսը շատ ստուգվի, կսկսի դա ազդել բիզնեսի զարգացման վրա:
-Եթե տեսչական ստուգումներ չիրականացվեն, չե՞ք կարծում, որ գործարարները կսկսեն աշխատել օրենքից դուրս՝ ստվերային գոտում:
-Իհարկե, ստվերային հարցի հետ կապված, կարծում եմ, այդպես է, բայց այստեղ պետք է լինեն երկու կողմերի հետ հանդիպումներ՝ գործարարները հարկային ծառայության կառույցի հետ, քննարկումներ լինեն, որպեսզի որեւէ մեկը չափը չանցնի. ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Ես կարծում եմ, որ այդ դեպքում երկու կողմն էլ կաշխատեն օրենքի տառին համապատասխան: Դրանք հարցեր են, որոնք պետք է լուծվեն միասին:
-Այսինքն` այդ չափերն անցե՞լ էին տեսչական մարմինները, ինչի արդյունքում ստիպված եղավ միջամտել ՀՀ վարչապետը:
-Չափի հետ կապված հարցը, խնդրում եմ, ուղղե՛ք Հովիկ Աբրահամյանին, քանի որ ես այդ հարցին չեմ կարող պատասխանել:
-Բայց այդ ստուգումների պատճառով «Երեւան գարջուր» ընկերությունն այսօր հայտնվել է դատական քաշքշուկների մեջ: ՀՀ ֆինանսների նախարարությունը գործարանին 650 միլիոն դրամով տուգանել էր, դա չափի մե՞ջ էր:
-Մեզ մոտ ստուգումների հաճախականությունը չափի մեջ է եղել, այնպես չէ, որ երբ ուզել, եկել են, օրենքով սահմանված կարգով է դա եղել: Իսկ տուգանքը, կարծում եմ, որ շատ մեծ էր, չեմ ցանկանում, որպեսզի որեւէ տնտեսվարողի վրա նման տուգանքներ կիրառվեն, դա հավասար է նրան, որ տվյալ տնտեսվարողը պետք է դադարեցնի իր գործունեությունը:
-Այսինքն՝ Ձեր բիզնես գործունեությունն առաջիկայում դադարեցնելո՞ւ եք, այդ վտանգը կա՞:
-Ո՛չ, ո՛չ, այդ վտանգը մենք չունենք, գործը դատարանում է, ու ես կարծում եմ, որ ամեն ինչ լավ կավարտվի: Առաջիկայում վճիռը կկայացվի: Չեմ կարծում, որ փակման վտանգ կա. արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում: Ես կարծում եմ, որ առաջիկա օրերին ամեն ինչ պարզ ու հստակ կլինի: Ես արդարությանը հավատում եմ:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ «ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ» ՄԻԱՅՆ «ՔԱՆԴՈՒՄ» Է
Մոտ մեկուկես տարի առաջ, երբ հայրենի իշխանությունը որոշում կայացրեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակել Արմեն Մուրադյանին, հասարակությունը մտածեց, որ երիտասարդ բժիշկը ոլորտն անպայման «կառողջացնի»: Սակայն Արմեն Մուրադյանն այս ընթացքում զբաղված էր առավելապես սեփական իմիջի առողջացմանն ուղղված փիառ գործունեությամբ:
2014 թվականի ապրիլին ՀՀ առողջապահության նախարարությունում Արմեն Մուրադյանին աշխատակազմին ներկայացնելիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե. «Արմեն Մուրադյանն առողջապահության կազմակերպիչ է, եւ համոզված եմ, որ փորձելու է անպայման իրականացնել իր առջեւ դրված խնդիրները: Այս ոլորտում մենք մեծ անելիքներ ունենք»: Մուրադյանն էլ իր հերթին հանդես եկավ հայտարարությամբ` ասելով. «Ես լիովին գիտակցում եմ, որ Կառավարության այս կառույցի վրա դրված է մեր ազգաբնակչության համար չափազանց կարեւոր առաքելություն` նրանց առողջության պահպանումը, բարձրորակ եւ մատչելի բժշկական ծառայությունների ապահովումը: Վստահեցնում եմ, որ նախարարությունը կշարունակի իրականացնել հանրապետության նախագահի նախընտրական, ինչպես նաեւ՝ Կառավարության գործունեության ծրագրերն առողջապահության ոլորտում»:
Բայց, կարծես թե, Մուրադյանը մոռացել է իր իսկ հայտարարությունը, քանի որ իր ղեկավարած գերատեսչությունը «առողջացնելու» փոխարեն օր օրի ծայրահեղ վիճակի է հասցնում: Միայն վերջին ամսվա ընթացքում ՀՀ-ում ծննդկանների եւ նորածինների մահացության մի քանի դեպք է գրանցվել: Ընդ որում, չնայած զոհերի հարազատների պնդումներին եւ բողոքներին` Մուրադյանի ղեկավարած գերատեսչության ներկայացուցիչները մնում են անպատիժ: Երիտասարդ նախարարն էլ սովորություն է ձեռք բերել նման դեպքերում հայտարարել, թե գործը քննում են իրավապահ մարմինները, ու առաջիկայում ամեն ինչ կպարզվի: Ի դեպ, Արմեն Մուրադյանն այն նախարարների շարքին է դասվում, որոնքը օգոստոսի 6-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից նկատողություն ստացան՝ սեփական PR-ով անհարկի զբաղվելու համար:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
230 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԱՆՈՑ ԽՈՐՀՈՒՐԴ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցումն իրականացնելու է «Դելոյթ եւ Տուշ ԱՊՀ» ՓԲԸ-ն: Համապատասխան որոշումը ՀՀ Կառավարությունը կայացրել է երեկ: Հինգ ընկերություններից միայն երկու ընկերություններն են գնային առաջարկ ներկայացրել: Դրանք են` «Մաքքենզի ընդ Քոմպանի»-ին, որը իր ծառայությունների դիմաց պահանջել է 900 հազար եվրո, եւ «Դելոյթ Քնսալթինգ»-ը՝ 230 հազար դոլար: Ուստի որոշվել է հենց վերջինիս էլ հաղթող ճանաչել:
ՍՏԵԼԸ ԼԱՎ ԲԱՆ ՉԷ
«Ժողովուրդ»-ի՝ օգոստոսի 12-ի՝ «Գեղարքունիքի մարզում անտառը հատում են» հրապարակումից հետո ՀՀ բնապահպանության նախարարությունը պարզաբանում է հրապարակել, որով փորձել է արդարացնել Կարճաղբյուր գյուղում իրականացող ծառահատումները եւ հայտնել, որ իրականացվող ծառահատումները ապօրինի չեն: Մինչդեռ մեր հրապարակման մեջ որեւէ պնդում չի եղել, որ ծառահատումները ապօրինի են: Դրանք իրականացվում են ինչ-որ փաստաթղթի հիման վրա, որով ծառերը հատվում են, իսկ ինչ-որ մարդիկ դրա հաշվին՝ հարստանում: ԲՆ-ն պարզաբանել է նաեւ, թե իբր ծառահատման թույլատրել է. «ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներկայացվել է հիմնավորում. որ ծառերը խանգարել են զորամասի ռազմական որոշ տեխնիկաների աշխատանքներին, եւ դրանք հատելու անհրաժեշտություն է առաջացել, ինչը եւ բավարարվել է ԲՆ-ի կողմից: Հատումները կատարվել են թույլատվությամբ նախատեսված ժամկետներում եւ չափաքանակով»: Սակայն խնդիրն այն է, որ ծառերը եւ զորամասը երկար տարիների «հարեւաններ» են, եւ այդ ինչ խնդիր է ի հայտ եկել, որը մեկ, երկու կամ տասը տարի առաջ չի եղել, առավել եւս, որ զորամասն ու հատվող ծառերը դիմացի մայթերում են: Ավելի լավ կլինի՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը խոստովանի, որ «վիզ փող է պետք եղել»:
ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ԵՆ
Հայաստանի բանկերի միությունը հայտարարություն է տարածել, որով արդարացրել է վարկերի տոկոսադրույքների փոփոխման դեպքերը: Ըստ այդ հայտարարության՝ տոկոսադրույթների բարձրացման ՀԲՄ-ի ուսումնասիրած դեպքերը եղել են օրինական դաշտում: «Ժողովուրդ»-ը վերջերս անդրադարձել էր «Թալգրիգ» ընկերության սնանկացման պատմությանը: Ընկերության տնօրեն Հովհաննես Հակոբյանը պատմել էր. «Մեր վարկային պարտավորությունը պայմանագրով նախատեսված էր 10 տարի ժամկետով, սակայն կարճաժամկետ վարկերի տրամադրումից տարիուկես հետո տոկոսի կտրուկ բարձրացում եղավ իրենց մոտ, եւ այդ ամենը վատ անդրադարձավ մեզ վրա, ու ընկերությունը գնաց դեպի սնանկացում: Պատկերացրեք, որ վարկի 6.5 տոկոսը բարձրացավ ու դարձավ 9.5, ապա՝ 14.5 տոկոս…»: Ըստ ՀԲՄ-ի՝ ստացվում է գործարարներն են մեղավոր, որ փոփոխական տոկոսով վարկ են վերցնում: Կարող են, չէ, միանգամից սնանկանալ եւ երկար չտանջվել: