ԿՈԲԶՈՆԸ՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՔԱՐՈԶԻՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գյումրու փողային նվագախմբին երաժշտական գործիքներ նվիրելու նպատակով այսօր Գյումրի էր ժամանել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը: Նա եղավ Պատվո բլուրում, ծաղիկներ դրեց ռուս զինվորների հիշատակին, այցելեց  նաև Երկրաշարժի զոհերի հուշարձանին: Իսկ Գյումու քաղաքապետարանում և «Հոկտեմբեր» կինոդահլիճում բառի իսկական իմաստով  Սերժ Սարգսյանի քարոզարշավն անցկացրեց`տեղական  իշխանություններին բացահայտ  հասկացնելով օգնել վերջինիս նախագահական ընտրությունների ժամանակ:
Բանը հասավ նրան, որ Գյումրու  նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը վստահեցրեց, որ իրենք սատարում են նախագահին, և որ Գյումրին ու Շիրակի մարզը քաղաքականապես ակտիվ  տեղանք է: Երաժիշտը  իր հերթին քարոզը սկսեց  բավականին հետաքրքիր ձևով, սկզբում խոսեց երիտասարդական խորհրդարանից`նշելով, որ երիտասարդությունը պետք է վստահի երկրի իշխանություններին, այնուհետ անցավ բուն թեմային:
Իսկ «Հոկտեմբեր» կինոդահլիճում Իոսիֆ Կոբզոնը մի քանի  երգեր կատարեց, որոնցից մեկը նվիրեց  Սերժ Ազատիչ Սարգսյանին: Նա ասաց, որ Հայաստանի  նախագահն մեծ ուշադրություն է դարձնում մշակութային կյանքին, միչդեռ ինքը աշխատելով  Պետական դումայում զգում է, որ Ռուսաստանում քիչ ուշադրություն են  դարձնում  ազգային ու գյուղական մշակույթին:
Նա նաև ասեց, որ վերջին անգամ նրա հետ հանդիպելիս` ասել է` կտեսնվենք քո ինաուգուրացիային: Երաժիշտը «Հոկտեմբեր» կինոդահլիճում իր կատարումներով հիացրեց ներկաներին` մեծ հաղթանակ մաղթելով Հայաստանին և վերջում երգելով «День победы» երգը: Ի դեպ, ներկաներից մեկը կատակեց, թե Կոբզոնը երգացանկը խառնել է, հենց այդ երգը պիտի նվիրեր  Սերժ Սարգսյանին:
Երաժշտին մեծարեցին` նրան  պարգևատրելով Գյումրու քաղաքապետի հուշամեդալով ,  Գյումրվա մուշուրբա նվիրելով:
Աղբյուրը՝ Առավոտ




Լրահոս