Ինչով է հայտնի «Էյր Արմենիա»-ի պարտատեր ընկերությունը և ինչ կապ ունի Ռուբեն Հայրապետյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին բոլորը քննարկում են, թե ինչու էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի համար բախվել «Էյր Արմենիայի» տնօրեն Արսեն Ավետիսյանի հետ: Այնինչ՝ եղել է պարզ, հայկական «դատավարություն»:

Այս ընկերությունը երկար ժամանակ չի կարողացել «Էյր Արմենիայի» տնօրենից ստանալ իր գումարը (թե ինչպես է կուտակվել այն, հայտնի չէ), դիմել է քրեական աշխարհի ներկայացուցիչներին (տվյալ դեպքում՝ Ռ. Հայրապետյանին), որոնք մեր երկրում հանդես են գալիս «արբիտրաժային» դատարանի դերում: Ըստ այդ «դատարանի օրենքների»՝ քրեականները կանչում, անպարտելի թվացողներից գումարը «ստանում են»՝ ակնկալելով պարտքատիրոջից համապատասխան վերաբերմունք:

Իսկ ո՞ւմ է պատկանում «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ն: Տեղեկացնենք, որ 100 տոկոսի փայատերը Գառնիկ Պապիկյանն է, որը հաշվառված է Գյումրիում, նա նաեւ ընկերության տնօրենն է, ու նրա բնակարանն էլ գրանցված է որպես ՍՊԸ-ի իրավաբանական հասցե: Իսկ Տարոնը Գ. Պապիկյանի որդին է:

Իհարկե, հասկանալի է, որ «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ն ունի նաեւ իրական սեփականատեր, որը այնպիսի ազդեցիկ դեմք է, ով կարողացել է տարիներ շարունակ խաբել Հայաստանի Հանրապետությանը եւ մնալ անպատիժ: Հիշեցնենք, որ դեռեւս 2009-ին ՀՀ վերահսկիչ պալատը բացահայտեց, որ մեր երկրում 9 ավիաընկերություն կար գրանցված, որոնք գործունեություն են ծավալում արտերկրում եւ ամիսներով անգամ մեկ դրամ շահութահարկ չեն վճարում: 2007-ի օգոստոսի 10-ին գրանցված «Տարոն-Ավիա» ընկերությունը, որը 2007-ին ունեցել է 1, իսկ 2008-ին՝ 4 ինքնաթիռ, այդ 2 տարվա ընթացքում զրո դրամ շահութահարկ է վճարել: Նույն կերպ են վարվել նաեւ «Էյր Հայնեսսես» ՍՊԸ-ն, որը գրանցվել է 2008-ի ապրիլի 2-ին` ունենալով 4 ինքնաթիռ, եւ «Միապետ-Ավիա»-ն: Իսկ, օրինակ, «Արմ-աէրո» ընկերությունը, որն ունեցել է ընդմանենը 1 ուղղաթիռ եւ Հայաստանի անտառներն է ներարկել, 41 միլիոն 300 հազար դրամ հարկ է վճարել:

Համեմատության համար նշենք, որ եթե այսպիսի ավիաընկերություններ գրանցվեին Արաբական Էմիրություններում, միայն որպես լիցենզավորման վճար պետք է 382 միլիոն դրամ վճարեին, իսկ եթե Մեծ Բրիտանիայում գրանցվեին` 1 միլիարդից ավել: Բայց անվճար հիմունքներով գրանցված ընկերությունները, համաձայն ՀՀ օրենսդրության, իրենց գործունեության ընթացքում պարտադիր պետք է շահութահարկ վճարեն: Սակայն գործարարները մեր երկրի պետբյուջե չեն վճարել նաեւ շահութահարկեր, վճարածներն էլ շատ դեպքերում եղել են սիմվոլիկ գումարներ: Սա նշանակում է, որ կա՛մ տարիներ շարունակ մեր պետությանը անտեսած ընկերությունների մասին հարկային մարմինները տեղյակ չեն եղել, ինչը նշանակում է, որ հարկայինը չի աշխատել, կա՛մ էլ նրանք այս տարիների ընթացքում պարզապես «փայ» են ունեցել եւ լռել են:

Նկարագրված խայտառակության մեջ իր մեղքի բաժինն ունի նաեւ քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը: Այս մարդուն ոչ միայն որպես պաշտոնյայի, այլեւ որպես Հայաստանի քաղաքացու, պարզվում է, երբեւէ չի անհանգստացրել ավիաընկերությունների հանցավոր գործունեությունը:

Հետաքրքիր է՝ Հայաստանի Հանրապետությունը ինչո՞ւ չի դիմել Ռուբեն Հայրապետյանին, որպեսզի վերջինս օգնի ստիպել Տարոն ավիա ՍՊԸ-ին՝ վճարելու կուտակած պարտքերը: Թերեւս դրա անհրաժեշտությունը չի եղել: Պետությանը կարելի է «քցել»:

Թամարա Միքայելյան




Լրահոս