“Առաջին լրատվական”-ի տրամադրության տակ է հայտնվել “Նաիրիտ” գործարանի աշխատակիցներից մեկի գրությունը, որտեղ նկարագրված են, թե տարիներ շարունակ ինչ եղանակով է սնանկացվել ու միլիոնավոր դոլարների հասնող պարտքերի տակ հայտնվել քիմիական երբեմնի այդ հսկան:
“Նաիրիտ”-ի սնանկացման նկարագրությունը տրվում է դեռևս 2000 թվականից, երբ գործարանը վաճառվել է Անգլիայում գրանցված ինչ-որ մի ընկերության և անվանվել “Նաիրիտ Ռանսաթ”, իսկ գործարանի կառավարումը հանձնվել է “Ռանսաթ Արմենիա” ընկերությանը: “Իրականում գործարքը տեղի չունեցավ, քանի որ գնորդը չվճարեց պայմանագրային գումարը և չկատարեց պայմանագրային մյուս պարտականությունները: Սակայն դա չխանգարեց, որ գործարանը ենթարկվի հերթական թալանին”,- նշված է գրության մեջ:
“Նաիրիտ”-ի գործունեությունից քաջատեղյակ նամակագիրը շեշտում է, որ տարիներ շարունակ գործարանը սնանկացվել ու թալանվել է երկու ճանապարհով: “Նախ՝ գործարանը հումքի, նյութերի, սարքավորումների ու դրանց պահեստամասերի ձեռքբերումը պարտադրված էր իրականացնել հենց այդ նպատակով ստեղծված “Անուշ” ՍՊԸ-ի միջոցով, որը ահռելի միջնորդավճար էր ստանում այդ ապրանքների գնման դիմաց: Նույն պատկերն էր նաև կաուչուկի իրացման ժամանակ, որի դեպքում ստացված գերշահույթը բաժին էր ընկնում ոչ թե գործարանին, այլ նորից հատուկ ստեղծված միջնորդ ՍՊԸ-ներին”,- պատմում է նամակագիրը:
Առաջին դեպքում “Անուշ” ՍՊԸ-ն “Նաիրիտ”-ին հումք և սարքավորումներ է մատակարարել շուկայականից շատ ավելի բարձր գնով: Դա նույն այն տարբերակն է, երբ արդեն մի քանի տարի շարունակ իշխանության ամենաբարձր մակարդակով բարձրաձայնվում է, թե ՀՀ պետական կառավարման կամ գնումների համակարգում ապրանքները ձեռք են բերվում շուկայականից շատ ավելի բարձր արժեքով, ու այդպիսով ահռելի չափի գումարներ են յուրացվում:
Մյուս դեպքում էլ ինչ-որ ՍՊԸ-ներ ստացել են գործարանի կաուչուկի վաճառքի իրավունքը, ինքնարժեքից չնչին չափով բարձր գնով կաուչուկը գնել ու այն գրեթե կրկնակի, երբեմն էլ եռակի բարձր գնով վաճառել են: Եվ ստացած գերշահույթն էլ ոչ թե գործարանին ու աշխատողներին է հասել, այլ մի խումբ մարդկանց:
Այս թալանը ինչ-որ չափով կանգնեցվել է 2003 թ., երբ “Նաիրիտ”-ի գործարքն Անգլիայում գրանցված այդ ընկերության հետ չեղյալ է համարվել, և գործարանի ղեկավարումը հանձնվել է “Պոլիմեր” ՍՊԸ-ին: “Ընդմիջումից հետո գործարանը վերագործարկվում է, թողարկում արտադրանք, ու կարճ ժամանակ հետո ֆինանսական վիճակը բարելավվում է, աշխատողները աշխատավարձ են ստանում:
Ամեն ինչ ընթանում էր լավ, մինչև կաուչուկի իրացումն անցնում է “Ինտեր կաուչուկ” միջնորդ ՍՊԸ-ին: Այս ընկերությունը ստեղծվել է ԱՊՀ միջպետական բանկի ղեկավարության կողմից: Կաուչուկը գործարանից նորից գնում էին գրեթե ինքնարժեքով, երբեմնև դրանից ցածր գնով, վաճառում էին շուկայական գնով ու գրպանում շահույթը: Իսկ կաուչուկից ստացված գումարի գրպանման գործընթացին մասնակցում էին ՀՀ ամենաբարձաստիճան պաշտոնյաները, հակառակ դեպքում “Նաիրիտ”-ի հետ կապված գործարքները չէին կայանա:
Չնչին քանակությամբ կաուչուկ է վաճառվել նաև գործարանից, որը գտնվում էր գլխավոր տնօրենի որդու հսկողության տակ”,- նշված է գրության մեջ:
Հետո տեղի է ունենում “Նաիրիտ”-ի վերջին գործարքը, երբ 2006 թ. գործարանի 90 տոկոս բաժնեմասը վաճառվեց “Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ” ընկերությանը: Հիշեցնենք, որ այս գործարքի համար էլ կաուչուկի արտադրման շուկայում անհայտ “Ռայնովիլն” այդ 90 տոկոսը գրավ է դնում ԱՊՀ միջպետական բանկում 70 մլն դոլարի դիմաց, որից ընդամենը 39 մլն-ը վճարում է “Նաիրիտի”-ի համար:
Իսկ 41 մլն դոլարի ճակատագիրն անհայտ է: Այժմ “Նաիրիտի” բաժնետոմսերն այդ վարկի դիմաց պատկանում են միջպետական բանկին: Իսկ “Ռայնովիլ” ընկերությունն իր ներդրումային ծրագիրն այդպես էլ չի կատարել: Դա պայմանագրային պարտականությունների խախտում է, որի պատճառով ՀՀ էներգետիկայի նախարարությունը կարող է գործարանը ետ վերցնել, ինչը անհասկանալի կերպով մինչ այժմ չի արել:
Այժմ “Նաիրիտ”-ի վաճառքի համար նոր մրցույթ է հայտարարվել: Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն անցած տարեվերջին մեզ հետ զրույցում ասել էր, որ հունվարի կեսերին պարզ կդառնա, թե ով է հաղթելու մրցույթում: Հունվարի կեսերին մենք մի քանի հարցեր ուղղեցինք նախարարությանը, թե “Ռայնովիլ”-ի կողմից հնգամյա պայմանագրային պարտականությունները չկատարելու պատճառով արդյո՞ք “Նաիրիտ”-ի 90 տոկոս բաժնեմասը ետ կվերցվի, և ո՞վ է դարձել ընկերության նոր ներդրողը: Ի դեպ, գործարանի մյուս 10 տոկոսի բաժնետերն էլ էներգետիկայի նախարարությունն է: Նախարարությունը մի քանի օր առաջ պատասխանել է մեր հարցումներին, որտեղ, ըստ էության, որևէ պատասխան չկար:
Ա. Մովսիսյանը, որը ամիսներ շարունակ խուսափում է լրագրողների հետ դեմ առ դեմ դուրս գալուց և “Նաիրիտ”-ի ու գազի գնի հարցերին պատասխանելուց, քաջ տեղյակ է գործարանի ողջ ոդիսականից: Նա մինչև վերջին լուման տեղյակ է, թե ուր կամ ում գրպաններն են հոսել “Նաիրիտ”-ի կաուչուկից ստացված շահույթները: Եվ որ գերշահույթ ստացող այդ միջնորդ ՍՊԸ-ներից որը ՀՀ նախկին որ պաշտոնյաններին է պատկանել: Նա նաև գիտի, թե “Ռայնովիլ”-ի անվան տակ իրականում ում է պատկանում այդ գործարանը, որի պատճառով չեն կարողանում չկատարած պարտականությունների համար պատասխանատվության ենթարկել:
Մամուլում նույնիսկ հրապարակուներ կային, որ Ա. Մովսիսյանն ինքը կաուչուկի յուրաքանչյուր տոննայի վաճառքից իր “փոքրիկ” բաժինն է ունեցել:
Այնուամենայնիվ, այս օրերին մրցույթի մասնակից ընկերությունների հետ “Նաիրիտը” նորից վաճառելու բանակցություններ են ընթանում, և առաջիկայում պարզ կդառնա, թե ով է լինելու գործարանի հաջորդ տերը: Արդյո՞ք նա նույնպես արհեստականորեն ստեղծված և ինչ-որ օվշորային գոտիներում գրանցված մի ընկերություն է, որը այս անգամ էլ պատկանելու է գործող իշխանություններին: Արդյո՞ք նոր ընկերությունը նույնպես միջնորդ ՍՊԸ-ների միջոցով թալանելու է կաուչուկից ստացված շահույթը:
Իսկ մեր նամակագիրը շարունակում է. “Գործարանը մատնված էր անտերության ոչ միայն կառավարող մարմնի, այլև բաժնետերերի կողմից: “Նաիրիտ”-ի սեփականատերերից Էներգետիկայի նախարարությունը ոչինչ չի արել գործարանի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու, թալանը կանխելու ուղղությամբ: Եվ ամեն ինչ արվել է, որ կաուչուկի ինքնարժեքը բարձրանա: Գործարանը մինչև “Ռայնովիլ” ընկերությանը վաճառելը վարչական ապարատում ուներ 125-130 աշխատող: Դրանք հետո ավելացան և հասան 700-ի:
Անտրամաբանական չափով ուռճացված վարչական ապարատի աշխատողների աշխատավարձը գերազանցել է 500,000 դրամը:
Տնօրենը, իր տասնյակ տեղակալներն ու խորհրդականները, որոնց մեծ մասն իր բարեկամներն էին, ստացել են 1 մլն դրամից ավելի աշխատավարձ: Գործարանը հայտնվել է ծանր ֆինանսական կացության մեջ նաև մի քանի խոշոր վարկերի պատճառով, որոնք վերցվել և շատ արագ փոշիացվել են նախկին տնօրեն Վահան Մելքոնյանի կողմից”,- նշված է գրության մեջ:
Պարզապես հիշեցնենք, որ 2000-ից մինչև 2006 թվականըև մինչև ,Նաիրիտե-ի վերջին գործարքը, ՀՀ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր: Եվ դժվար է պատկերացնել, թե առանց նրա գործուն մասնակցության նման շահութաբեր գործարանը կվաճառվեր: Իսկ այժմ ասում են, թե “Նաիրիտն” ունի ավելի քան 300 մլն դոլարի պարտք, պարապուրդի մատնված հազարավոր աշխատողներ և չի վճարել ավելի քան 10 ամիսների աշխատավարձը: “Նաիրիտը”, միաժամանակ, ունի համաշխարհային պահանջարկ վայելող ապրանք արտադրելու և մեր երկիրն ինչ-որ չափով հարստացնելու հնարավորություն: Եվ փոխանակ ՀՀ իշխանությունները նաիրիտցիներին տան այդ հնարավորությունը, նախընտրական այս շրջանում նոր աշխատատեղեր բացելու հերթական խոստումներն են տալիս: